«Ղարաբաղի հարցն էին քննարկում քաղբյուրոյում, հեռուստատեսությամբ էր հեռարձակվում: Ադրբեջանական ԽՍՀ ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Աբդուրահման Վեզիրովի ելույթից այնքան զայրացա, որ զայրույթս պարպելու մի ձեւ գտա. երկու ծաղրանկար նկարեցի:
30 տարեկան էի, հետաքրքրված էի ծաղրանկարով: Առաջին գործերս որոշեցի տանել «Գարուն» ամսագրի խմբագրություն:
Նկարիչ-ձեւավորող Արտակ Բաղդասարյանն ու Գրիգոր Խաչատրյանը հավանեցին գործերը, խոստացան տպել, հետո մակագրելու հարց առաջացավ: Ազգանվանս առաջին երեք տառերով ստորագրեցի՝ ԱԲԳ: Մեծամտությունս մակագրությամբ սկսվում, դրանով էլ ավարտվում է»,- ասում է գեղանկարիչ, քանդակագործ Սամվել Աբգարյանը:
«Ետհայացք» խորագրով նրա ցուցահանդեսը «Դալան» պատկերասրահում է բացվել: Մինչեւ քանդակին ու գեղանկարին անդրադառնալը Սամվել Աբգարյանը պատմեց կյանքի այն փուլի մասին, երբ ծաղրանկարչությունն իր համար միակ արտահայտչամիջոցն էր:
«Սովետմիության խորհրդանիշ մուրճ-մանգաղ էի պատկերել, միայն թե մուրճի փոխարեն քարի դարի կացին՝ իբրեւ հետամնացության նշան: Համակարգը հոգեվարքի մեջ էր, վտանգավոր ժամանակներ էին, բայց եւ այնպես «Գարունը» խիզախեց, գործը տպագրվեց:
«Հիմա կա ազատություն, միայն թե անտերության վերածված, դա է տարբերությունը: Ոչ ոքի պետք չէ՝ դու ինչ ես անում, ոչ ոքի հետաքրքիր չէ քո արվեստը: Թեեւ արվեստագետն ինքը պետք է միջավայր ստեղծի, համախոհներ գտնի, որպեսզի դաշտ ձեւավորվի: Եթե դա չլինի, պետությունն ինչ էլ անի, ոչինչ չի կարող փոխել: Բայց եւ այնպես, գոնե դրան նպաստող քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի կոնցեպտուալ արվեստը՝ որպես ալտերնատիվ մտածողության ճանապարհ, նպաստի ե՛ւ երկրի զարգացմանը, ե՛ւ հասարակական կարծիքի ձե՛ւավորմանը»:
Սամվել Աբգարյանը տարբեր պարբերականներում է աշխատել, 2003-ին էլ 4-5 ընկերներով հիմնադրել են Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան: Մինչեւ վերջին տարիները ծաղրանկարիչների ասոցիացիան ցուցադրություններ էր կազմակերպում, միավորում դաշտը:
Ծաղրանկարի նկատմամբ սկզբում պատշաճ վերաբերմունք չկար , հաճախ ամսագրի դատարկ էջը լցնելու համար էին ծաղրանկար պատվիրում, այդ էջը «ծակ» էր կոչվում, հետո տենդենցը փոխվեց, ամեն պարբերական իր ծաղրանկարիչն ուներ: «Այսօր քիչ պարբերականներ են ծաղրանկարներին տեղ տալիս իրենց էջերում, նկարիչների համար այն ապրուստի միջոց լինել չի կարող»,- ասում է Սամվել Աբգարյանը: Հիմա հազվադեպ է անդրադառնում ծաղրանկարչությանը, այն ամենօրյա ռեժիմ է պահանջում, դրա մեջ պետք է անընդհատ լինել: Այսօր քանդակն ու գեղանկարն են զբաղեցնում նրա միտքը:
Նկարիչը երկար տարիներ կոնցեպտուալ արվեստով է զբաղվել, աբստրակտ գրաֆիկաները հիմնականում ցուցադրվել են ՆՓԱԿ-ում, ունեցել է նաեւ կոնցեպտուալ ներկայացում, որը պատմում էր «2000-ականների «մեր շիվար» վիճակի մասին»: Վերջին ցուցահանդեսը 2018 թվականին էր, այն օրերին, երբ Ազգային ժողովում վարչապետ էին ընտրում: «Սեւ-սպիտակ» խորագիրը զուգադիպեց ժամանակների հետ:
Եղել է շրջան, երբ Սամվել Աբգարյանն աշխատանքները Վերնիսաժում էր ցուցադրում, հետո հասկացել է, որ Վերնիսաժը ստիպում է նկարչին փոխզիջման գնալ, երբեմն էլ տրորում է նկարչին: Իսկ ազատ ստեղծագործողի, աբստրակցիոնիստի համար օրվա պահանջարկին ենթարկվելը պարզապես ինքնաոչնչացում է:
«Վերացական արվեստը մտածելու, խորության նկարչություն է: Այսինքն՝ այն քեզ մղում է ներհայեցողության, ստիպում է որոնել, մտածել, երեւակայել ու լողալ այդ տարածության մեջ: Աբստրակտ նկարը մտածելու, փնտրելու մարտահրավեր է»,- ասում է Սամվել Աբգարյանը:
Ցուցահանդեսին ներկա ընկերներից նկարիչ Հարություն Չալիկյանը տպավորված էր «Հարլեյ Դեւիդսոն» եւ «Յամահա» գրաֆիկական աշխատանքներով, ընկերոջն էլ առաջարկեց դրանք նաեւ անգլերեն մակագրել, որ «զբոսաշրջիկն իմանա, թե Հայաստանում իրենց «ձի»-ն ինչպիսի գեղարվեստական գործի կարող է վերածվել»:
Չալիկյանը կարծում է, որ մեր քաղաքն ունի Աբգարյանի քանդակների կարիքը: Եթե նման գործեր ունենայինք, ասում է, մոդեռնը հասկանալու մտածողություն ձեւավորած կլինեինք արդեն:
Սարի թաղում՝ սեփական տներից մեկում է ապրում Սամվել Աբգարյանը, մետաղական մնացորդներ, մեխեր, պտուտակներ միշտ էլ գտնվում են նկուղում, խորդանոցում: Մինչ մետաղները կյանք են ստանում, երկար ճանապարհ են անցնում: Աբգարյանը երկաթագործությունը սկսել է կոնցեպտուալ արվեստին զուգահեռ. «Եթե գեղանկարում աբստրակցիոնիստ եմ, ապա քանդակի դեպքում կոնցեպտուալ եմ: Այդ ազատությունը, ինքդ քո սահմանները գծելու հնարավորությունն եմ միշտ սիրել, այդպես եմ ե՛ւ առօրյա կյանքում, ե՛ւ ստեղծագործելիս»:
Խաչմերուկային գործեր շատ ունի տանը, դրանք կարող են մեկնակետ լինել. «Ուզածդ ուղղությամբ կարող ես գնալ: Կարող ես ե՛ւ կրկնել, ե՛ւ շարքի վերածել, կարող ես աջ կամ ձախ գնալ, ընտրությունը քոնն է»:
«Թագավոր, թագուհի» գործն է ցույց տալիս: Մեկնաբանում է ՝ այր ու կին մի մարմին, որոնց միջեւ միշտ կոնֆլիկտ կա, ամեն հայ ընտանիքում կինը թագուհի է, ամուսինը՝ թագավոր, մեկը մյուսին լրացնող, հայ ընտանիքի ուժը դրանում է: Աբգարյանն առաջարկում է քանդակները դիտարկել մեկ ամբողջականության մեջ:
Երկու ձողի վրա ամբողջ աշխարհի ծանրությունը տանող «Քայլ» քանդակն է, քանդակագործը որոշել էր անունը փոխել, որ քաղաքական ընկալումներ չլինեին:
Ցուցահանդեսի առանցքային քանդակը «Մանիֆեստ»-ն է, առաջին հայացքից սովորական չափիչ, բայց այդպես է միայն փակ վիճակում, բուն ասելիքը մեջն է, երբ այն բացում ես. ամբողջ մետրը նկարազարդված է: «Սա էլ թվերից հրաժարումն է, այս կերպ մերժում եմ թվերը, չափման իմ միավորը միայն գույնն է»,- ասում է Սամվել Աբգարյանը:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։