Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է որակել իրանական կողմի հայտարարություններն այն մասին, թե ադրբեջանա-իրանական սահմանի մոտ երրորդ ուժեր են տեղակայված:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան հայտարարել է, որ Ադրբեջանի կամ հարեւան երկրների համար վտանգ ներկայացնող ցանկացած ուժերի, ներառյալ ահաբեկչական տարրերի առկայությունը չի կարող քննարկման առարկա լինել։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում ու տարածաշրջանի սահմաններում աշխարհաքաղաքական փոփոխությունները, ինչպես նաեւ Իսրայելի ներկայությունն ու սադրիչ գործողություններն իր երկրի սահմանների մոտ:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի՝ նման պնդումներն անհիմն են, եւ դրանց վերաբերյալ ադրբեջանական կողմին որեւէ ապացույց չի ներկայացվել:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ պաշտոնական Թեհրանն իր սահմանին Իսրայելի ներկայության վերաբերյալ մտահոգությունը դիվանագիտական ուղիներով փոխանցել է Բաքվին։
Աբդուլաեւան պնդել է նաեւ, թե «Հայաստանն էլ Ադրբեջանի սահմանի 130 կմ երկարությամբ հատվածն է բռնազավթել»՝ հավելելով, թե իրենք տարիներ շարունակ այդքան կոշտ արձագանք չեն լսել «իրենց բարեկամ պետությունից» «իրենց սահմանի մի մասի գրավման վերաբերյալ»։
Հավասարակշված հարաբերությունների կողմնակից
Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը լավ հարաբերություններ ունի ե՛ւ Երեւանի, ե՛ւ Բաքվի հետ։ Խաթիբզադեն հավելել է, որ Իրանի կապերը որեւէ երկրի հետ չեն սպառնում այլ երկրի շահերին: