Ադրբեջանը հերքել է տարածաշրջանում եւ Իրանի սահմանների մոտ իսրայելական ուժերի ներգրավելու մասին իր հասցեին հնչող մեղադրանքները եւ ապացույցներ պահանջել:
Ըստ ադրբեջանական «Ազերթաջ» գործակալության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն բարի կամք է դրսեւորում, բայց դա չի նշանակում, որ անհիմն մեղադրանքներ պիտի ընդունի իր հասցեին:
Ալիեւը ափսոսանք է հայտնել, որ նման մեղադրանքները հնչել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: «Իբրեւ թե Ադրբեջանն այս տարածաշրջան է ներգրավել Իսրայելին: Թող աչքերը բացեն ու նայեն: Որտե՞ղ են այստեղ տեսնում Իսրայելին»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը` հավելելով, որ առանց ապացույցների հանդես եկողները պատասխան պետք է տան իրենց բառերի համար:
Ադրբեջանի նախագահը պնդել է, թե իրենք չեն ցանկանում, որ ինչ-որ մեկն իրենց դեմ անհիմն զրպարտչական դատողություններ օգտագործի: Նա հայտարարել է, թե Բաքուն ինքն է որոշում՝ ինչ մակարդակի վրա կառուցի իր հարաբերություններն ուրիշ պետությունների հետ:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում ու տարածաշրջանի սահմաններում աշխարհաքաղաքական փոփոխությունները: Նա նշել էր, որ ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում տարածաշրջան են մուտք գործել մի քանի ահաբեկչական շարժումներ, իսկ Իսրայելը փորձում է օգտվել այդ իրավիճակից եւ իր ներկայությամբ սադրիչ գործողություններ է իրականսցնում Իրանի սահմանների մոտ: