«Ուսուցիչների միջազգային օրը չպետք է միայն շնորհավորենք ուսուցիչներին։ Մենք կոչ ենք անում երկրներին, որ նրանք ներդրումներ անեն ուսուցիչների վրա ու նրանց առաջնահերթություն տան՝ որպես միջազգային կրթական համակարգի վերականգնման գործընթացի մի մաս, որպեսզի յուրաքանչուր սովորող ունենա որակյալ ուսուցիչ»,- ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի (Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպություն), Աշխատանքի միջազգային կազմակերպության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ) ու Միջազգային կրթության՝ ուսուցիչների միջազգային օրվան նվիրված համատեղ ուղերձում։
Այդ օրը նշվում է 1994 թվականից սկսած ամեն տարի հոկտեմբերի 5-ին։ Օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության հրավիրած կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց»-ը (Recommendation concerning the Status of Teachers)՝ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը։
Հաճախ են խոսում տարբեր մշակույթներում ուսուցչի դերի ու կարեւորության մասին։ Վարկի հիմնադրամի (Varkey foundation) ստեղծած Ուսուցչի կարգավիճակի համաշխարհային ինդեքս 2018-ը ցույց է տալիս, որ ուսուցչի դերն ամենագնահատվածն է Չինաստանում (100-միավորանոց սանդղակում՝ 100), Մալայզիայում (93․3), Թայվանում (70․2), Ռուսաստանում (65), Ինդոնեզիայում (62․1)։
Ուսումնասիրված 35 երկրների շարքում վերջինը Բրազիլիան է (1)։ Շատ երկրներում ուսուցչի սոցիալական դերը հավասարեցվել է սոցիալական աշխատողների դերին։ ԱՄՆ-ում հարցվածներն ուսուցիչներին համեմատել են գրադարանավարների հետ, իսկ Չինաստանում ու Մալայզիայում՝ բժիշկների։
Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ում ուսուցիչներն իրենց դերն ավելի ցածր են գնահատել՝ 37․1, քան հանրության մնացած մասը՝ 48․7։ Հարցումից պարզ է դարձել նաեւ, որ Չինաստանում, Գանայում, Հնդկաստանում ու Մալայզիայում ծնողների կեսից ավելին կողմ է, որ իրենց երեխաներն ուսուցիչ դառնան, մինչդեռ Իսրայելում եւ Ռուսաստանում այդպիսի ծնողների թիվն ութ տոկոսից էլ քիչ է։ Ուսուցիչներին ամենաբարձր աշխատավարձ տվող երկիրը Լյուքսեմբուրգն է, ապա՝ Գերմանիան, Նիդերլանդները, Ավստրիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Վարկի հիմնադրամը նաեւ ուսուցիչներին խրախուսելու տարբերակ է մտածել․ ամեն տարի Ուսուցիչների համաշխարհային մրցանակ՝ 1 միլիոն դոլար է տրվում որեւէ բացառիկ մասնագետի։ Առաջին մրցանակը տրվել է 2015 թվականին ամերիկացի Նենսի Աթվելին։ Նրանից հետո մրցանակակիր ուսուցիչները եղել են Պաղեստինից, Կանադայից, Անգլիայից, Քենիայից ու Հնդկաստանից։
Աշխարհում ուսուցիչների շուրջ 76 տոկոսը կանայք են, 26 տոկոսը՝ տղամարդիկ։
Ուսուցիչները Հայաստանում
«Հասարակության համար ուսուցչի դերը շատ կարեւոր է, հետեւաբար նրան շատ տեղ պետք է տրվի։ Նրա ձայնը պիտի միշտ լսելի լինի, նրա կարծիքը պիտի միշտ կարեւորվի։ Սակայն մեր իրականության մեջ դա այդպես չէ։ Սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ կրթության ոչ բարվոք վիճակ, տարիներ շարունակ տիրող կրթական աղետ, ուսուցչի ցածր վարձատրություն»,- ասում է Արսեն Վարդանյանը։
Նա ութ տարի է, ինչ հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան կրթահամալիրում, Գլոբալ Բրիջ կրթահամալիրում եւ Գազպրոմ Արմենիա ուսումնամարզական համալիրում։ Ըստ նրա՝ Հայաստանում որոշ քայլեր անում են ուսուցչի դերը բարձրացնելու համար, բայց դրանք բավարար չեն։ Օրինակ՝ «Լավագույն ուսուցիչ» տիտղոս են տալիս, ուսուցչի մասին հեռուստահաղորդումներ են անում եւ այլն։
Արսեն Վարդանյանն ասում է՝ հայաստանյան կրթական համակարգում էլ շատ խնդիրներ կան։ Այս ոլորտին հատկացվող բյուջեն փոքր է, ուսուցիչների քանակն ու նրանց պատրաստվածությունը բավարար չեն, դպրոցների շենքային պայմանները հաճախ վատն են, կան դասարաններ, որտեղ աշակերտների թիվը շատ մեծ է՝ 35-40։ Կրթության մեջ ուշադրություն դարձվում է ավելի շատ տեսական, քան գործնական գիտելիքին։ Կրթության բովանդակության առումով որոշակի փոփոխությունների փորձեր են արվում, որոնք, գուցե, դրական արդյունք ունենան։
«Մենք հիմա էլ հիանալի կրթական չափորոշիչներ ունենք, բայց դրանք չեն կիրառվում։ Մտավախություն ունեմ, որ կատարվող փոփոխությունները կարող են գործնականում չկիրառվել, բայց ուզում եմ լավատես լինել»,- ասում է Արսենը։
Նա կարեւորում է նաեւ ուսուցիչների միջեւ փորձի փոխանակումը, քանի որ Հայաստանում կան բավականին ուժեղ ուսուցիչներ, որոնք կարող են մյուսների համար օրինակ լինել։ Արսենն ինքը հաճախ կազմակերպում է վեբինարներ ու քննարկումներ։ Կարելի է օգտվել նաեւ արտասահմանյան փորձից, բայց այն ճիշտ տեղայնացնելով ու մեր իրականությանը հարմարեցնելով։
Օվսաննա Ամիրխանյանը մաթեմատիկայի ուսուցչուհի է, դասավանդում է Լոռու մարզի Սարչապետ գյուղում։ Ասում է՝ իր աշակերտների ու նրանց ծնողների կողմից իրեն գնահատված է զգում, բայց Հայաստանում առհասարակ ուսուցչի դերն այնքան էլ բարձր չէ։
Կրթական խնդիրների մեջ Օվսաննան առաջին հերթին առանձնացնում է տասներկուամյա համակարգը․ «Ինքս տասը տարի եմ սովորել ու կարծում եմ՝ այդպես շատ ավելի լավ էր»։ Մյուս խնդիրն, ըստ ուսուցչի, երեխաներին ծանրաբեռնող ավելորդ առարկաներն են։ Նախկինում, օրինակ, աշխատանքի ուսուցման դասերին իրապես շատ բան են սովորել, իսկ հիմա «Տեխնոլոգիա» առարկայից տարրական դասարանների աշակերտներին հանձնարարում են, ասենք, կտրել-կպցնել, որը հաճախ նրանց փոխարեն ծնողներն են անում։ Դպրոցներում կարելի է նաեւ երեխաներին տեղեկատվական տեխնոլոգիաների ճիշտ կիրառության հմտություններ, ավելի շատ օտար լեզուներ սովորելու հնարավորություն տալ։
Մելանի Հովհաննիսյանը ծնվել, մեծացել ու դպրոց հաճախել է Երեւանում։ Միշտ մտածել է, որ մայրաքաղաքում կրթության որակը լավ չէ, հետեւաբար մարզերում ավելի վատ կլինի։ Որոշել է դիմել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին՝ օգնելու մի քիչ բարձրացնել կրթության որակը, ու հիմա Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում անգլերեն է դասավանդում, միաժամանակ սովորում է մագիստրատուրայում։
Ասում է՝ կենցաղային շատ դժվարություններ կան, բայց փորձում է հաղթահարել։ Մելանիի կարծիքով ուսուցիչների դերը մեր հասարակության մեջ միանշանակ բարձր է։ «Հաճախ ասում են, որ մանկավարժի գործն անշնորհակալ գործ է։ Բայց մենք սխալ ենք հասկանում այդ շնորհակալությունը։ Մենք մեր պարտականությունը կատարում ենք ու դրա համար վարձատրվում ենք, պարտադիր չէ, որ բոլորը գան ու մեզ շնորհակալություն հայտնեն։ Ուսուցչի գնահատված լինելն արտահայտվում է աշակերտի՝ դասը սովորելով, ուսուցչին ու նրա գործը հարգելով»,- ասում է Մելանին։
Կրթական խնդիրների մեջ նա առանձնացնում է ուսուցման մեթոդների բացակայությունը, դասագրքերի որակը, ուսուցիչների վարքագիծը, օրինակ՝ աշակերտներին ապտակել, դասը նորմալ չանցկացնել։ Մելանիի կարծիքով անհրաժեշտ է ուսուցիչներին վերապատրաստել, բայց այնպես, որ դա ձեւական չլինի։
Այսպիսով, որքան էլ կարեւոր է ուսուցիչների դերն, այն հաճախ թերագնահատվում է։ Մինչդեռ կիրթ հասարակություն ունենալու համար հարկավոր են նաեւ ուժեղ ուսուցիչներ։