«Պանդորայի թղթապանակը»՝ մեծածավալ փաստաթղթերի արտահոսքը բացահայտել է մի շարք երկրների նախկին եւ գործող ղեկավարների գաղտնի ունեցվածքը։ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICJ) հրապարակած տվյալներով՝ Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի նախագահները, Չեխիայի վարչապետը, Հորդանանի թագավորը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը եւ մի շարք այլ հայտնի դեմքեր խոշոր չափերի հարկերից խուսափելու համար իրենց ունեցվածքը գրանցել են օֆշորներում։
Լրացուցիչ թափանցիկություն ապահովելու ձգտումով
Սպիտակ տունը մեկնաբանել է «Պանդորայի թղթապանակի» գործը՝ հայտարարելով, որ ձգտելու է ապահովել ֆինանսական համակարգերի թափանցիկությունը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձգտում է լրացուցիչ թափանցիկություն ապահովել իր եւ միջազգային ֆինանսական համակարգերի համար։
Սաքին նշել է, որ նախագահ Ջո Բայդենը խոստացել է աշխատել ԱՄՆ գործընկերների եւ դաշնակիցների հետ՝ լուծելու համար կեղծ ձեռնարկությունների եւ փողերի լվացման միջոցով անշարժ գույքի գործարքների հարցը:
«Հարկային հանգրվանի» սեւ ցուցակի անհրաժեշտությունը
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մեկնաբանելով «Պանդորայի թղթապանակում» տեղ գտած բացահայտումները, դատապարտել է հարկերից խուսափելն առհասարակ:
«Մենք Եվրոպական միությունում ունենք հարկային թափանցիկության ամենաբարձր չափանիշներից մեկն աշխարհում: Բայց, ինչպես տեսնում ենք, դա բավարար չէ, լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ»,- հայտարարել է ֆոն դեր Լայենը։
Նա ընդգծել է, որ այդ քայլերից մեկը պետք է լինի «հարկային հանգրվանի» սեւ ցուցակը, որը կհաստատվի եվրոպական երկրների ֆինանսների նախարարների կողմից:
«Ինչպես կարելի է վստահել այս տեղեկությանը»
«Պանդորայի փաստաթղթերը» բացահայտում են մի շարք երկրների գործող եւ նախկին ղեկավարների, նրանց թվում՝ Չիլիի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի նախագահների, Չեխիայի վարչապետի, Հորդանանի թագավորի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի գաղտնի ունեցվածքը։ Մասնավորապես, ըստ այդ փաստաթղթերի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքը գաղտնի կերպով շուրջ 700 միլիոն դոլարի անշարժ գույք է ձեռք բերել Լոնդոնում։
Գաղտնի փաստաթղթերում մանրամասնորեն նկարագրված են նաեւ Թուրքիայի, Միացյալ Նահանգների եւ մի շարք այլ երկրների շուրջ 130 միլիարդատերերի, ինչպես նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի հետ առնչվող մարդկանց, նրա աշխատակազմի կարեւոր ներկայացուցչի գործունեությունը։ Վլադիմիր Պուտինը որպես անմիջական մասնակից չի նշվում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «չհիմնավորված մեղադրանքներ է որակել այդ բացահայտումները։ «Անհասկանալի է, թե ինչպես կարող եք վստահել այս տեղեկությանը»,- հայտարարել է նա։
Պետությունների գործող եւ նախկին ղեկավարները, նրանց մերձավոր շրջապատի մարդիկ, քաղաքական այլեւայլ գործիչները, գործարարներն ու այլ ազդեցիկ մարդիկ, որոնց անունները նշված է «Պանդորայի թղթապանակում», փորձում են իրենց տարանջատել հարկերից խուսափելու մեղադրանքներից:
Տեղեկանք
օֆշոր (անգլ. օffshore «ափից դուրս»)- պետության տարածք, կամ դրա մի մասը, որտեղ, օտարերկրյա կապիտալի ներհոսք խթանելու նպատակով, գործում է ոչ ռեզիդենտ ընկերությունների հատուկ եւ դյուրին գրանցման համակարգ եւ որտեղ այդ ընկերություններին տրամադրվում են հարկային եւ այլ արտոնություններ՝առանձնահատուկ պայմաններով բիզնես գործունեություն ծավալման համար: Օֆշորային գոտին օժտված է ցածր կամ զրոյական հարկերով, կորպորատիվ հաշվետվության եւ կառավարման պարզ կանոններով: Օֆշորը հնարավորություն է ընձեռում խնամքով թաքցնել դրամական հաշիվների եւ բիզնեսի իրական տերերին եւ սեփականատերերին:
Օֆշորները հաճախակի օգտագործում են քրեածին փողերի լվացման, պետական կոռուպցիայի, խաբեբայություն պարունակող գործողությունների եւ այլ հանցավոր գործունեության նպատակներով:
Ընկերությունները գրանցվում են օֆշորային գոտու երկրում, որտեղ էլ տեղափոխում են իրենց հիմնական կապիտալը: Ոչ պաշտոնական տվյալներով աշխարհում գործում է ավելի քան հիսուն օֆշորային գոտի: Որոշ գնահատականներով՝ օֆշորային գոտիների դրամական միջոցների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 32 տրիլիոն դոլար:
«Օֆշոր» եզրն առաջին անգամ գործածության մեջ է մտել 20-րդ դարի 50-ական թվականներին՝ ԱՄՆ արեւելյան ափի թերթերից մեկում։ Խոսքը իր գրանցման վայրը փոխելու միջոցով կառավարության վերահսկողությունից խուսափած մի ֆինանսական կազմակերպության մասին էր։
Փյունիկիայից մինչեւ Շվեյցարիա եւ Կայմանյան կղզիներ
Օֆշորային սխեմաների կիրառումը նոր երեւույթ չէ։ Դեռ հին Աթենքում, երբ մտցվել է երկտոկոսանոց ներմուծման եւ արտահանման հարկը, հույն եւ փյունիկիացի վաճառականները սկսել են քսան մղոնով շրջանցել Աթենքը, այնուհետեւ, որպես հարկային ապաստան սկսել են օգտագործել մոտակա կղզյակները, որտեղ ապրանքները բերում էին մաքսանենգ ճանապարհով՝ առանց հարկեր եւ տուրքեր մուծելու։
Շվեյցարիան ժամանակակից օֆշորային գոտիների նախատիպն է։ Խնդիր ունենալով երկրի տնտեսության մեջ ներգրավել ֆինանսական բիզնեսը՝ Շվեյցարիայում ստեղծվել են տարադրամի փոխանակման կենտրոններ, ներդրվել ֆինանսական գաղտնիության ինստիտուտներ: Հենց դա էլ օտարերկրյա կապիտալի հուսալի ապաստան դարձավ։ Ընդունվեց օրենք, որը պարտադրում էր դրամատներին վճարել հաճախորդների հաշիվները, բայց արգելում էր տրամադրել այդ տվյալները որեւէ մեկին։
Հետագայում այլ երկրներ եւս սկսել են կիրառել շվեյցարականի նման օրենսդրություն եւ մրցակցել միջազգային կապիտալի ներգրավման ոլորտւմ։ Աղքատիկ բնական պաշարներ ունեցող կղզի-պետությունների համար օֆշորային բիզնեսը եկամուտների ստացման հիմնական աղբյուր է ծառայում։
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը