Դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Շյուքրյու Էլեկդաղը (Şükrü Elekdağ), որի բոլոր կանխատեսումներն իրականություն են դառնում, թուրքական «Sözcü» («Խոսնակ») կայքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված պատերազմի վերաբերյալ ուշագրավ վերլուծություն է արել:
«Կրակի դադարեցման համաձայնագրի ստրագրման պահից ռուս զինվորականները խաղաղապահ ուժերի անվան տակ հաստատվեցին Ղարաբաղում: Այսպիսով Ղարաբաղը հայկական գրավյալ տարածքներից վերածվեց ռուսական ռազմական տիրապետության օբյեկտի: Դա, անշուշտ, ռազմավարական հետեւանքներ է ունենալու: Ռուսաստանը տարածաշրջանում ընդլայնեց իր գերիշխանությունը». նշում է թուրք դիվանագետը:
Այնուհետեւ Շյուքրյու Էլեկդաղը հավելում է. «Ադրբեջանի ղեկավարը, որը 30 տարի ապրում էր Ղարաբաղի կարոտով, պատերազմի առաջին իսկ օրերից հայտնվում էր տեսախցիկների առաջ ռազմական համազգեստով ու բացականչում. «Ղարաբաղը Ադրբեջան է: Մեզ ոչ ոք չի խանգարի, քանի դեռ Ղարաբաղը չենք ստացել»: Երբ հայկական դիմադրությունը կոտրած հաղթական ադրբեջանական բանակը մտավ Շուշի, ՀՀ վարչապետ Փաշինյանը, որն արդեն համակերպվել էր պարտության մտքի հետ, սպիտակ դրոշ բարձրացրեց: Ու ահա հենց այն պահին, երբ ադրբեջանական բանակի վերջնական հաղթանակին մի քայլ էր մնում, տեղի ունեցավ աներեւակայելի իրադարձություն: Ալիեւը կանգնեցրեց իր բանակն ու Ռուսաստանից խաղաղապահ ուժեր խնդրեց: Դուք կասեք՝ «Շատ անհասկանալի է», բայց այդպես չէ… Պատճառն այն է, որ Ալիեւը հարկադրված էր ենթարկվելու Պուտինի ծրագրին: Եվ այդ էր պատճառը, որ Ադրբեջանի հաղթանակն ամբողջական չդարձավ»: