Ըստ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր, ընդգծվել է համատեղ զորավարժանքների ընթացքում երկու երկրների զինծառայողների ձեռք բերած փորձի կարեւորությունը:
Հասանովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Արցախյան վերջին պատերազմում ցուցաբերած աջակցության համար:
Կողմերն ընդգծել են, որ պետությունների ղեկավարների հարաբերությունները դրական ազդեցություն են ունենում ռազմական համագործակցության ոլորտում:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Վրաստանի Կախեթի տարածաշրջանում տեղի է ունեցել նաեւ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը: Կողմերը քննարկել են ռազմական, ռազմակրթական եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ՝ հոկտեմբերի 4-ին, ընդունել է աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Վրացական կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ կողմերը քննարկել են Վրաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական համագործակցությանը, անվտանգությանն ուղղված համատեղ նախագծերի հաջող իրականացմանը վերաբերող հարցեր։