Ամերիկյան The National Interest-ի՝ ազգային անվտանգության հարցերով մեկնաբան, Ազգային շահերի կենտրոնի կրտսեր գիտաշխատող Մարկ Էպիսկոպոսը (Mark Episkopos) գրում է. «Ներկայումս Կրեմլի առաջնահերթ խնդիրը Ղարաբաղում (Արցախում) ռուսական խաղաղապահ առաքելությունը պահպանելն ու Թուրքիայի համար կարմիր գծեր նշելն է, որից անդին Էրդողանն իրավունք չի ունենա վիճարկվող տարածքներում հագուրդ տալ իր նկրտումներին:
Հղում անելով քաղաքական տարբեր մեկնաբանների՝ հեղինակը գրում է, որ Կրեմլի տրամադրության տակ չափազանց քիչ գործիքներ ու միջոցներ կան՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքայի՝ Ադրբեջանի տարածքում ռազմածովային ու ռազմաօդային մշտական բազաներ տեղակայելու ծրագրին խանգարելու եւ Կասպից ծովում ռուսական ներկայությունը վիճարկելու համար:
Թեև ձեւականորեն Մոսկվան Հայաստանի հետ նույն պաշտպանական բլոկի՝ ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության) անդամ է, բայց չեզոք միջնորդի դեր էր ստանձնել Երեւանի եւ Բաքվի միջեւ ռազմական գործողությունների ընթացքում: Ըստ երեւույթին, նման մոտեցումը սպառել է իրեն: Այժմ, երբ ռուսական ազդեցության սահմանները հստակ ուրվագծված են, միանգամայն անհասկանալի է, արդյոք Մոսկվան ի վերջո Հայաստանին անվտանգության երաշխիքներ կտա՞ եւ, տարածաշրջանում թուրքական ազդեցության ընդլայնմանը հակազդելով՝ բերդապարսպի դեր կստանձնի՞: