Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի եւ արդյունաբերական թափոնների լցակույտերի ազդակիր Ուրասար եւ Արմանիս բնակավայրերից վերցված փորձանմուշների վերլուծությունից պարզ է դարձել, որ հանքավայրի ենթակառուցվածքներից արտահոսքերն անարգել տարածվել են շրջակա միջավայրում: Դրանք այժմ էլ, երբ հանքը չի շահագործվում, շարունակում են լցվել Չքնաղ գետը, տեղացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական հողահանդակներն ու տնամերձ հողերը, տարածվել քամու միջոցով եւ փոշու հետ ներթափանցել տներ:
Այս եզրահանգմանն են եկել չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության (ՀԿ), տեղական գործընկեր «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» եւ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների փորձագետները: Եզրակացության համար հիմք է հանդիսացել 2021 թվականին համատեղ իրականացրած հետազոտության նախնական արդյունքների վերլուծությունը:
Հիշեցնենք, որ չեխական «Առնիկա» ՀԿ մասնագետները Լոռու մարզի հանքարդյունաբերության ազդեցության գոտիներից սենյակային փոշու, հողի եւ գետի նստվածքների նմուշներ էին վերցրել՝ Չեխիայում, մասնագիտացված լաբորատորիայում քիմիական նյութերի պարունակությունն ուսումնասիրելու նպատակով: Տեղացի գործընկերների հետ արդեն մի քանի տարի շարունակական ուսումնասիրության նպատակը շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցությունը ցույց տալն է:
Հողի մեջ հայտնաբերված ծանր մետաղների կոնցենտրացիաները համեմատվել են ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հողի որակի հաստատված ստանդարտների հետ: Այդյունքում Ուրասարում եւ Արմանիսում վերցված հողի բոլոր փորձանմուշներում մկնդեղի (As) կոնցենտրացիան 3-8 անգամ գերազանցել է հողի համար սահմանային առավելագույն կոնցենտրացիան (ՍԹԿ)` 2 մգ/կգ:
Ուրասարի տարածքից Չքնաղ գետից վերցված հատակային նստվածքների նմուշներում մկնդեղի կոնցենտրացիան կազմել է նույնիսկ 28 մգ/կգ՝ նորմայից 14 անգամ բարձր: Արմանիսի տարածքից վերցված հողի բոլոր նմուշներում քրոմի կոնցենտրացիան ավելի քան 10 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն: Ախթալայում, Թեղուտում եւ Ալավերդիում 2018 թվականին քրոմով աղտոտվածության ստացված ցուցանիշների համեմատ, հողում եւ գետի նստվածքներում քրոմի ցուցանիշներն այստեղ միջինում 2 անգամ գերազանցում են:
Հողի, գետի նստվածքների ու փոշու բոլոր փորձանմուշներում արձանագրվել են նաև պղնձի (Cu) կոնցենտրացիայի գերազանցումներ, հողում՝ ավելի քան 20 անգամ: Նիկելի (Ni) կոնցենտրացիան եւս հողում ավելի քան 10 անգամ բարձր է եղել:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել նաեւ կապարի (Pb) կոնցենտրացիայի տարածվածություն: Հողում 4 նմուշներից 3-ում կապարի կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1,5-3 անգամ:
Արձանագրվել են ցինկի բարձր կոնցենտրացիաներ, վերցված բոլոր նմուշներում հայտնաբերվել են կադմիում (Cd) եւ մոլիբդեն(Mo): Սակայն նորմերի գերազանցման մասին դեռեւս դժվար է խոսել, քանի որ սանիտարական կանոնների վերաբերյալ առողջապահության նախարարի հրամանում այս տարրերի վերաբերյալ խոսք չկա, անհրաժեշտ կլինի տվյալները համադրել միջազգային չափանիշների հետ:
Թվարկված մետաղները նորմային մոտ կոնցենտրացիաներով հայտնաբերվել են նաեւ տեղացիներից վերցված կենսանյութերում, ինչը թույլ է տալիս ենթադրել շղթայական աղտոտվածության մասին:
«Լոռու մարզում հայտնաբերվել է եւս մեկ տարածք, որտեղ մկնդեղն ու այլ թունավոր տարրերն իրական սպառնալիք են բնակիչների, նրանց գյուղատնտեսական գործունեության եւ զարգացման համար»,- նշեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։