2021-ի օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինյանը հուժկու հարվածով ոչնչացնում էր ընդդիմության փաստարկները, թե ինչու ինքը չի կանգնեցրել պատերազմը։ Ինչ-որ առումով նա ճիշտ էր՝ կանգնեցնող էիք, դուք կանգնեցնեիք, բանը չհասներ էս օրվան։
Սակայն Փաշինյանը իրավացի լինելու ամբողջ ջերմեռանդությամբ շարունակում է փաստեր բերել, որոնցով փորձում է ապացուցել, որ պատերազմը կանգնեցնել այլեւս հնարավոր չէր, եւ չկար բանակցային մի համաձայնություն, որով պատերազմը կկանգներ։
Նա հիշեցնում է․ «Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլի 17-ին էս ամբիոնից ասել է հետեւյալը․ «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի հստակ կարելի է ասել, որ այդ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է, կանգնած է, որովհետեւ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար»։
Հետո պարոն Փաշինյանը հիշում է Սերժ Սարգսյանի պատասխանը Սամվել Նիկոյանի հնչեցրած հարցին. «Այլեւս գոնե շատ տեւական ժամանակ մենք երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»։
Վարչապետի հաջորդ արձանագրումն արդեն 44-օրյա պատերազմի մեկնարկի մասին է, որով նա հռչակում է, որ պատերազմը կանգնեցնելն անհնար է, որովհետեւ Ադրբեջանը սահմանել է կանգնեցնելու գինը․ «Հայկական կողմը թող ասի էն ամսաթիվը, թե որ օրը դուրս է գալու մեր տարածքներից, եւ մենք կհամաձայնենք պատերազմը կանգնեցնենք, ես էլ էդ մասին ասել եմ այս ամբիոնից սեպտեմբերի 27-ին»։
Հիմա տեսե՛ք։ Սեպտեմբերի 27-ի պատերազմը կանգնեցնելու գինը կար։ Խնդիրը պատերազմը կանգնեցնելը չէր, խնդիրը զոհերը բացառելն էր։ Սակայն պատերազմը չկանգնեցվեց։
Հիմա անդրադառնանք հիմնական հարցադրումներին՝ կա՞ր պատերազմը կանգնեցնելու որեւէ տարբերակ։ Փաշինյանն ամենայն հավանականությամբ մեծ կարեւորություն չի տվել պատերազմի վերսկսմանը, իսկ ավելի ճիշտ՝ ինտենսիվությանը։ Նա մտածել է, որ դա մի քանի օր է տեւելու։ Այսինքն՝ հենց սկզբից նա չի էլ մտածել այն կանգնեցնելու մասին։ Նույնը չի մտածել նաեւ Սերժ Սարգսյանը, այլապես ապրիլյան քառօրյայից հետո, երբ պատերազմը կանգնեցվեց Հայաստանի հավաստիացումներով, թե շուտափույթ գնում է հակամարտության կարգավորմանը, պարոն Սարգսյանը չէր բեմականացնի ՊՊԾ գնդի գրավումը Երեւանում։
Պատերազմի վերսկսմանը ոչ ոք լուրջ չի վերաբերվել իշխանության եւ նույնիսկ ընդդիմության մեջ (բացառությամբ առաջին նախագահի)։ Բոլորը մտածել են, որ կա՛մ Ադրբեջանը լուրջ կռվող չէ, կամ եղածը եւս մի 800 հեկտարի կորուստ է, կամ որ ավելի սարսափելի է՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։ Ահա ինչու Նիկոլ Փաշինյանը բանակցային ամբողջ գործընթացին ծանոթանալուց եւ Ալիեւի կոշտացող քմահաճույքներն աչքի առաջ ունենալուց հետո 2020-ի օգոստոսին հռչակեց, որ ամբողջությամբ համաձայն է Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»-ի հետ։
Քաղաքական իրական հոտառություն եւ դպրոց ունեցող երկրի առաջնորդը պետք է հավաքեր երկրի բոլոր գլուխներին եւ հարցներ՝ տղերք, Ալիեւն այլեւս որեւէ փոխզիջման եւ նույնիսկ միակողմանի զիջման հետ համաձայն չէ, ի՞նչ հաշիվ է։ Հենց սա չի արվել։
Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրությունը սեպտեմբերի 27-ին անակնկալի է եկել, որովհետեւ բանակցային գործընթացի վերջնական տապալումը խորքային վերլուծության չի ենթարկվել, ոչ մեկի մտքով չի անցել, որ եւս մի քառօրյայի բան չէ Ադրբեջանի դիրքորոշման կոշտացումը։
Այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Մեզ ամուր նյարդեր են պետք եւ մենք հստակ պետք է գնանք մեր առաջադրած խաղաղության օրակարգով»։ Մենք ինչի՞ հիմա պիտի ռիսկային համարենք մեր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապագան։ Կարիք կա՞ր։ Խաղաղության դարաշրջանի օրակարգ բացելն, իհարկե, լավ բան է, բայց ո՞վ ասաց, որ այդ դարաշրջանը բացելու ողորմածությունը մերն է։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: