Iran Daily-ն անդրադարձել է Երեւանի հնագույն ձեռագրերի ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի եւ Երեւանում Իրանի դեսպանատան մշակութային կցորդ Հոսեյն Տաբատաբայիի հանդիպմանը։ Պարբերականն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է ձեռագրերի շուրջ համագործակցության ընդլայնումը:
Տաբատաբային Մատենադարանն անվանել է Հայաստանի ամենակարեւոր մշակութային եւ գիտական ռեսուրսներից մեկը, որտեղ պահվում է Իրանի եւ Հարավային Կովկասի այլ երկրների ձեռագրերի եզակի գանձարան։ Նա հավելել է, որ ինստիտուտը պատուհան է դեպի իրանական արվեստի եւ մշակույթի առեղծվածային աշխարհը։
Իրանի մշակութային կցորդը շեշտել է, որ հայկական այս կենտրոնի հետ կապերի զարգացումը Երեւանում Իրանի դեսպանատան առաջնահերթություններից է:
Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ անդրադառնալով համատեղ ծրագրերին, իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ Մատենադարանում իրանցի առաջատար պրոֆեսորներից մեկը պարսկերեն ձեռագրերի վերականգնման վերաբերյալ աշխատանքային սեմինար կանցկացնի: Տաբատաբային այս նպատակի իրականացումը հայկական կենտրոնի կողմից իրանական արժեքավոր ստեղծագործությունների պաշտպանության կարեւոր քայլ է համարել:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը բարձր է գնահատել Իրանի դեսպանատան եւ հայկական կենտրոնի միջեւ համագործակցությունը՝ նշելով, որ այս ծրագրի իրականացումը կարեւոր քայլ է իրանական արժեքների պահպանման գործում: