Ըստ իսպանական La Sexta («Վեցերորդ») հեռուստաալիքի՝ պերուացի գրող, 2010-ի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան օֆշորային ընկերության միջոցով կարգավորել է հեղինակային իրավունքին առնչվող հարցերը:
Հեռուստաալիքը հայտնել է, թե Իսպանիայում բնակվող 85-ամյա գրողը կապված է եղել 1,1 միլիոն դոլարի կապիտալով Melek Investing INC ընկերության հետ, որում գրողը հիշատակվել է իբրեւ ընկերության տնօրեն եւ բաժնետեր:
Ձեռնարկությունը գրանցված է եղել Վիրջինյան կղզիներում եւ զբաղվել է Վարգաս Լյոսայի հեղինակային իրավունքին առնչվող դրամական միջոցների կարգավորումներով: 2015-ին թվագրված եւ արձակագրի ստորագրությամբ փաստաթղթում նշվել է, որ Լոնդոնում եւ Մադրիդում տարբեր սեփականությունների վաճառքից գոյացած եկամուտը եւս ընկերության տնօրինության տակ է եղել:
Ինչ վերաբերում է Melek Investing INC-ին, Մարիո Վարգաս Լյոսան խոստովանել է, որ ձեռնարկությունն իսկապես գոյություն ունեցել է, եւ ինքը դրա սեփականատերն է եղել: Սակայն ընկերությունը 2017-ին լուծարվել է, երբ դրա գործունեության մասին տեղեկացվել են իսպանական իշխանությունները:
Օֆշորներում թափառող հայկական հանքերի հետքերով
Սա լրագրության պատմության ամենամեծ հետաքննությունն է։ 117 երկրի ավելի քան 600 լրագրող The International Consortium of Investigative Journalists (ICIJ)-ի հետ միասին բացել են «Պանդորայի արկղը», վերլուծել հսկայական տվյալների բազա, որը պարունակում է 12 միլիոն փաստաթուղթ 14 օֆշորային ծառայություններ մատուցողներից՝ իրավաբանական ընկերություններից եւ կազմակերպություններից, որոնք գաղտնի հաշիվներ են բացել օֆշորային գոտու տարբեր երկրներում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Բելիզում, Սամոայում եւ այլուր:
2,94 տերաբայթ ծավալով թղթապանակում կան նաեւ ընկերությունների վերջնական շահառու սեփականատեր (ultimate beneficial owner, UBO) հայերի անուններ, որոնց թվում՝ պաշտոնյաներ ու գործարարներ, նրանց փոխկապակցված անձինք:
Հայաստանից այս ցանցային հետաքննությանը մասնակցել է «Հետքի» թիմը: Ձեռքի տակ հայտնված փաստերով գործակալությունն իրականացրել է «Օֆշորներում թափառող հայկական հանքերը» ուսումնասիրությունը:
Մերկացնող փաստեր 90 երկրի 330 քաղաքական գործչի դեմ
Պանդորայի արխիվում լրագրողները մերկացնող փաստեր են հայտնաբերել 90 երկրից 330 քաղաքական գործիչների դեմ, որոնց թվում կան նախագահներ, վարչապետներ, կառավարության անդամներ, Հորդանանի թագավորը, Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից բարձրաստիճան անձինք։ Բոլորը գնել են անշարժ գույք, մեքենաներ, արվեստի գործեր եւ գործարքները կատարել օֆշորային ընկերությունների միջոցով։
The Guardian-ը բացահայտել է Ուկրաինայի «հակաօլիգարխիկ» նախագահի օֆշորային կապերը:
Ադրբեջանական Organized Crime and Corruption Reporting Project-ը բացահայտել է Ալիեւների ընտանիքի ու նրանց համախոհների՝ Լոնդոնում շուրջ 700 միլիոն դոլար արժողության տասնյակ էլիտար տներ ձեռք բերելու փաստը:
Ղազախական OCCRP-ը հայտնաբերել է, որ օֆշորներին առնչվող գաղտնի գործարքները հարստացրել են Ղազախստանի նախկին առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւի ոչ պաշտոնական կնոջը:
Ռուսական Важные истории-ն բացահայտել է, որ «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը առնչվում էր Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված կազմակերպությունների հետ, որոնք մասնակցում են Մոսկվայում խորհրդային կինոթատրոնների քանդման եւ դրանց տեղում առեւտրային կենտրոնների կառուցման մեծ նախագծին։ Այդ նպատակով ռուսական պետական բանկերը տասնյակ միլիարդավոր ռուբլիներ են տրամադրել նշյալ կազմակերպություններին։
Սա, ըստ «Հետքի», «Պանդորայի արկղից» դուրս եկած բոլոր հետաքննությունները չեն: Լրագրողները դեռ աշխատում են բազմաթիվ գաղտնի գործարքները բացահայտելու ուղղությամբ։
Հանցակազմ չեն գտել եւ գործը փակել են
Չիլիացի մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ խորհրդարանի քննակմանն են ներկայացնելու Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերայի պաշտոնազրկման հարցը՝ «Պանդորայի թղթապանակի» փաստաթղթերի հիման վրա կոռուպցիայի կասկածանքով:
Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) անդամ չիլիական Siper գործակալությունն այդ փաստաթղթերի հիման վրա հրապարակել է հոդված, ըստ որի՝ Պինյերայի ընտանիքին եւ նրա մերձավոր Կառլոս Դելանոյին է պատկանել հանքարդյունաբերական Minera Dominga ընկերության արժեթղթերի 56%-ը: Առաջին նախագահական ժամկետում՝ 2010-ի դեկտեմբերին, Դելանոն նախագահի եւ մյուս գործընկերների բաժնետոմսերը ձեռք է բերել 152 միլիոն դոլարով՝ բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորում: Հանքարդյունաբերող ընկերությունը հետազոտություններ է անում ազգային արգելոցին մերձ հանքավայրում:
Չիլիի նախագահի վարչակազմն ի պատասխան հայտարարել է, թե «Դոմինգա» հանքավայրի վաճառքի հանգամանքները հանգամանորեն հետաքննվել են դատախազության եւ դատարանների կողմից, որոնք հանցակազմ չեն գտել եւ փակել են գործը:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը