Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի` Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։
«Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարել է, որ Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ «Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է բոլոր սահմանամերձ երկրների շահերին»,- նշված է ընկերության այսօր տարածած հայտարարության մեջ։
Ընկերությունը հայտնել է, թե Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը կհանգեցնի այդ ուղղությամբ թռիչքի ժամանակի կրճատմանը, ինչպես նաեւ թռիչքի ժամանակ վառելիքի ծախսի նվազմանը:
«Այսպիսով, AZAL-ն այս չվերթն իրականացնելիս կարող է օգտագործել գոյություն ունեցող բոլոր օդային միջանցքները, այդ թվում՝ Հայաստանի և Իրանի տարածքով անցնող»,- ընդգծել է ավիաընկերությունը։