ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի գործադիր կոմիտեի 72-րդ նստաշրջանին իր ելույթում հայտնել է, որ պատերազմի հետեւանքով տեղահանվել է ավելի քան 91000 մարդ, որոնց 88%-ը կանայք եւ երեխաներ են:
Ըստ նրա՝ հայկական կողմն անընդունելի է համարում Արցախում մարդասիրական օգնության տրամադրման խոչընդոտումը։ Բացի դրանից՝ ակնկալվում է բռնի տեղահանված անձանց խնդիրները լուծելու հարցում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործուն աջակցությունը։
Գեւորգյանը հավաստիացրել է, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, որը կհասցեագրի նաեւ ԼՂ–ում իրենց բնակության նախկին վայրեր բոլոր հայերի վերադարձի խնդիրը։
Փոխարտգործնախարարը հավելել է, որ Արցախի ժողովրդին մարդասիրական օգնության ցուցաբերումը պետք է իրականացվի անկախ բոլոր հանգամանքներից։
ՀՀ փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հակառակ ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանն արգելափակում է հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության առաքելությունների համար։