Ըստ Ermenihaber կայքի՝ «Սիրիայի ազգային բանակի» Սուլթան Մուրադ դիվիզիայի թուրքոման հրամանատար Ֆեհիմ Իսան Twitter-ի իր էջում գրել է, որ Բաշար Ասադից հետո Սիրիան վերածելու են թյուրքախոս երկրի։
«Ալլահի կամքով Սիրիան Ասադի դաժան ռեժիմից եւ ահաբեկչական կազմակերպություններից մաքրելուց հետո մենք՝ որպես ազատ Սիրիա եւ թյուրքախոս երկիր, տեղ կգտնենք Թյուրքական խորհրդում»,- նշել է թուրքոման զինվորականը։
Դիվիզիայի հրամանատար Իսան գլխավորում է «Հեղափոխականների շարժում» կոչվող կազմակերպությունը, որը բաղկացած է «Սիրիայի ազգային բանակի» խմբերից։ Իսկ «Սիրիայի ազգային բանակի»՝ Թուրքիայի աջակցությամբ 2013-ի մարտի 28-ին ստեղծված եւ թուրքմեններից կազմված Սուլթան Մուրադ դիվիզիայի անունը հաճախ կապվում է Աֆրինում տեղացի բնակչության իրավունքների խախտումների հետ։ Այս պահին Աֆրինը վերահսկող զինյալ խումբը հիմնականում կազմված է սիրիացի թուրքոմաններից։