Facebook-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հերքել է մեղադրանքները, թե սոցցանցը շահույթն ավելի բարձր է դասում, քան օգտատերերի անվտանգությունը։
Երեկ Facebook-ի նախկին թոփ-մենեջեր Ֆրենսիս Հոգենը ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ հայտարարել է, որ ընկերությունն անտեսել է երեխաների համար իր արտադրանքի վնասակարության մասին հետազոտությունները:
Հաուգենը 2019-ից աշխատել է Facebook-ում ու գաղտնի պատճենել ընկերության ներքին հետազոտությունների տասնյակ հազարավոր էջեր, որոնց հիման վրա «Wall Street Journal»-ը բացահայտող բնույթի մի քանի հոդվածներ է հրապարակել:
Մայիսին Հաուգենը հեռացվել էր Facebook-ից, իսկ սեպտեմբերին նա անանուն բողոքներ էր ներկայացրել դաշնային իրավապահ մարմիններին՝ հայտարարելով, թե սոցցանցը խաբում է հասարակությանը, երբ ասում է, որ համացանցում ատելության, բռնության ու ապատեղեկատվության դեմ պայքարում զգալի առաջընթաց կա։
Ցուկերբերգը հերքել է այդ մեղադրանքներն ու ասել, որ դրանցից հետո տպավորություն է ստեղծվում, թե Facebook-ում առաջնայինը շահույթն է, ոչ թե օգտատերերի անվտանգությունն ու բարեկեցությունը։
Ցուկերբերգը հավաստիացրել է, որ Facebook ընկերությունը բնավ անտարբեր չէ մարդկանց անվտանգության ու հոգեկան առողջության հարցերում։
«Այդ հայտարարություններից շատերը ոչ մի իմաստ չունեն։ Եթե մենք ուզում էինք անտեսել հետազոտությունը, ապա ինչո՞ւ ենք ոլորտում առաջատար ծրագիր ստեղծել այդ կարեւոր հարցերը հասկանալու համար: Եթե մենք չենք մտածում վնասակար բովանդակության դեմ պայքարելու մասին, ինչո՞ւ ենք այդքան մարդ վարձել, որ զբաղվեն դրանով»,- նշել է Ցուկերբերգը։
Նա հավելել է, որ տխրում է, երբ ընկերության ձեռքբերումները վատ լույսի ներքո են ներկայացնում, բայց Facebook-ը «կշարունակի ամեն ինչ ճիշտ անելու փորձերը»: Ըստ Ցուկերբերգի՝ հանրությունը ականատես կլինի օգտատերերի անվտանգության ապահովման ուղղությամբ բոլոր ջանքերին: