«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 5-ին ցուցադրվեց այս տարի Կաննի փառատոնում «Գրան պրի» (գլխավոր մրցանակ) ստացած, իրանցի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Հերոսը» ֆիլմը։
Ֆարհադին, որ նախորդ ֆիլմերում արդեն իսկ ապացուցել էր սոցիալական անարդարության զոհերի հոգեբանական ապրումները ներկայացնողի իր անկրկնելի վարպետությունը, այս ֆիլմում էլ կինոդիտողի առաջ բացում է հասարակական կյանքի շպարված ծալքերը։
Ֆիլմի գլխավոր հերոս Ռահիմ Սոլթանին իր համայնքի, երկրի հերոսն է դառնում ակամա․ երբ բանտից երկօրյա արձակուրդի ընթացքում պարզում է, որ իր սիրելի կինը, որի հետ պատրաստվում է ամուսնանալու, ոսկե մետաղադրամներով լի պայուսակ է գտել։
Ոչ իր մեղքով ֆինանսական դժվարությունների մեջ հայտնված ու պարտքը վերադարձնել չկարողանալու պատճառով բանտում հայտնված մարդու համար սա իսկական հրաշք է՝ ֆինանսական կապանքներից ազատվելու հրաշք։ Բայց կարճ ժամանակ անց Սոլթանին որոշում է հանուն թվացյալ ազատության չբանտարկվել սեփական արժեքներին դավաճանողի կերպարի մեջ։ Որոշումը կայացված էր․ պետք էր գտնել պայուսակի տիրոջն ու վերադարձնել այն։
Ֆիլմի սյուժեն այնուհետ զարգանում է մի շարք գործողությունների հաջորդականությամբ, որոնց արդյունքում Սոլթանիի տեսակետից շատ սովորական ու մարդկային արարքը հայտնի է դառնում ողջ երկրով մեկ։ Ռահիմ Սոլթանին մի իսկական հերոս է դառնում նաեւ սոցիալական ցանցերի ու հեռուստատեսության հզոր ազդեցության շնորհիվ։
Իր պարտքը մարելու, ազատության մեջ իր որդու ու սիրելի կնոջ հետ ապրելու մասին երազող Սոլթանիի հերոսի կերպարից փառքի իրենց մասնաբաժինն են փորձում ստանալ շատերը՝ իր փոքրիկ աշխարհից։ Հայտնվում են մարդիկ ու կազմակերպություներ, որոնք պատրաստ են հերոսի մասին հաղորդումներ նկարահանելու, նրա համար դրամահավաք կազմակերպելու, հարմար աշխատանք գտնելու ու վերջապես համոզելու պարտատիրոջը հետ վերցնել բողոքն ու այդպիսով ազատելու բանտային հեռանկարից։
Բայց սոցիալական ցանցերը, որ մեկ օրվա մեջ հերոս էին կերտել վիրտուալ տարածքում, ոչ վիրտուալ, իրական կասկածներ էին սկսել տարածել Սոլթանիի այդ քայլի իրական լինելու, նրա մղումների ու շարժառիթների վերաբերյալ։ Ու կասկածն աստիճանաբար որդի պես սողոսկում է մարդուն հերոսացրած բոլոր օղակների գիտակցության մեջ․ իսկ ականատես կա՞, որ գոյություն ուներ մի ինչ-որ պայուսակ ինչ-որ ոսկիներով, ու որ այն վերադարձվել է ենթադրյալ տիրոջը։
Կասկածների կայծն ավելի ուժգին բոցավառվում է նախկին կնոջ բարեկամ-պարտատիրոջ ջանքերով, որը չի կարողանում համակերպվել այն պատվի հետ, որին արժանանում է մեկը, ով արդեն երեք տարի է, իրեն փող է պարտք։ Ու հերոսացման սարն ի վեր շրջապատի ջանքերով բարձրացած Սոլեյմանին արագորեն սկսում է գլորվել ցած՝ դեպի պարսավանքի ու հասարակական նսեմացման, արժանապատվության ոտնահարման անդունդը։
Իր Ճշմարտությունն ապացուցել չկարողացող Սոլեյմանիին նրա պես հանիրավի ազատազարկված, իսկ հիմա տաքսու վարորդ մի ծերունի խորհուրդ է տալիս խաբեության դիմել՝ ապացուցելու համար, որ չի խաբում։ Այս պահից սկսած էլ նա նորանոր մանր ու մեծ խաբեությունների հեղինակ է դառնում ակամա՝ փորձելով կեղծ փաստարկներով ապացուցելի դարձնել ճշմարտությունը։
Ի վերջո կասկածների ու մեղադրանքների հեղեղի դեմ բանտապահներից մեկը, որ անհանգստացած էր իր ու բանտի հեղինակությամբ, որոշում է խաղալ հասարակության նուրբ զգացմունքների հետ ու ձայնագրել Սոլեյմանիի՝ խոսքի արատ ունեցող որդուն․ խղճահարություն ու ապրումակցում ակնկալելով հազիվ հասկանալի մանկական թոթովախոսության միջոցով։ Սոլեյմանիի որդու միջոցով ասես բարբառում, չէ՛, կակազում էր ինքը՝ ճշմարտությունը՝ բոլորի համար անհասկանալի, բոլորի համար անհաղորդ, միայնակ ու տխուր։
Բայց Ամիր Ջադիդիի մարմնավորած կերպարն այստեղ էլ դեմ չի գնում իր սկզբունքներին՝ որդին չպիտի արժանապատվությունը նվաստացնող այդ ձայնագրությամբ հայտնվի ապրումակցում կորզող ծրագրի կիզակետում։ Հերոսը, իր արժեքների ու սկզբունքների հետ հաշտ, բայց հասարակության անվստահության գերի հերոսը նախընտրում է վերադառնալ բանտ, բայց չբանտարկել խղճի ձայնը։
Ֆարհադիի «հերոսն», այսպիսով, հասարակական մեծարման ու պարսավանքի արժանացած մեկն է․ հերոսացած ու նվաստացած՝ ժամանակի կարճ հերթափոխի մեջ։ Ֆարհադիի համար սա հոգեհարազատ թեմա է․ մարդու անկումն ու նրա վեր հառնելը, հասարակության դաժանությունը մարդուն ոչնչացնելիս ու նրա կեղծ արժեքները մարդկանց հերոսացնելիս։
Այս երեւույթների կարեւորումը կարելի է զուգահեռել ռեժիսորի այն դիտարկման հետ, ըստ որի՝ Իրանում հասարակությունն անվերջ ճոճվում է ինքնախարազանման եւ ինքնափառաբանման միջեւ։
Ասղար Ֆարհադիին միջազգային հռչակ է բերել իր «Ամուսնալուծություն» ֆիլմը, որ պատմում է երկրից հեռանալ-չհեռանալու խնդրի շուրջ տարաձայնություններ ունեցող ամուսինների ապահարզանի մասին։ Կինն ուզում է լքել երկիրը, որովհետեւ «չի ցանկանում, որ իր դուստրը այդ պայմաններում ապրի»։ Պայմանները չեն մանրամասնվում, բայց իրանցի կինոդիտողը գիտի՝ ինչ խնդիրներ ունեն կանայք Իրանում, իսկ դրսի կինոդիտողն այդ խնդիրներին ծանոթանալու առիթ է ստանում։
Ամուսինը չի ուզում, չի կարող լքել երկիրը, քանի որ խնամում է իր ծեր հորը, որն Ալցհեյմերով է տառապում։ Թնջուկն այս հանգուցալուծելու ճանապարհին տեղի են ունենում դեպքեր, իրադարձություններ, նրանց կյանքում հայտնվում են դեմքեր, որոնց շնորհիվ կինոդիտողի առաջ բացվում են իրանական հասարակության ամենազգայուն ու ցավոտ խնդիրները՝ աղքատություն, կրոնական ու հայրիշխանական բարքեր, անելանելիության սեղմող ձեռնաշղթաներ հասարակության տարբեր խավերի մոտ, ապրումակցման ու փոխըմբռնման բացակայություն եւ այլն։
Ֆարհադիի մյուս՝ «Վաճառականը» ֆիլմը նույնպես «Օսկարի» է արժանացել, այստեղ եւս հասարակական ցավոտ ախտերի է անդրադարձ է կատարվում մեկ ընտանիքի հետ պատահած մի միջադեպի կծիկը բացելու, քանդելու ջանքերի միջոցով։ Երիտասարդ դերասանների զույգը դժվար իրավիճակում է հայտնվում այն բանից հետո, երբ կնոջը թալանում ու ենթադրաբար նաեւ նրա նկատմամբ բռնություն է կատարում անհայտ մի անձ։
Երիտասարդ ամուսինն այդուհետ բռնարարին գտնելու անվերջ ջանքեր է գործադրում, իսկ կինը տառապում է հետտրավմատիկ խանգարումով։ Նման իրադրությունից ծնված հոգեկան վայրիվերումների մեջ ֆիլմը ներհասարակական ու միջանձնային տարբեր ցավոտ խնդիրների է անդրադառնում՝ կինոդիտողի առաջ ապրումների ու մտահոգությունների մի ամբողջ փունջ պատկերելով։
«Վաճառականը» ֆիլմը, Ֆարհադիի նախորդ ֆիլմերի պես յուրահատուկ է կերպարների ներքին «պատերազմների», վախերի, ապրումների արտահայտման, կինոդիտողի աչքի առաջ այդ ապրումների զարգացման տեսանկյունից։ Հերոսների ներաշխարհը ծածուկ է ու քողարկված, բայց նաեւ նույնքան շոշափելի ու ընթեռնելի․ նրանց էությունը դիտողն ինքն է բացահայտում։
Սիրո անազատության կամ չսիրո պարտադրանքի մասին է Ֆարհադիի «Էլիի մասին» ֆիլմը, որ չսերը հաղթահարել չկարողացող կնոջը նետում է ծովի ալիքների գիրկը, բայց քաջություն չի կարողանում շնորհել նրան՝ դեմ գնալու հասարակական կարծրատիպերին ու խոսելու իր զգացմունքների մասին։ Ասղար Ֆարհադին այստեղ էլ գրավում է նուրբ զգացականությամբ, որ վերածում է պատկերի, սպասումի, ենթադրության։
Կնոջ հոգու բոլոր շերտերը Ֆարհադիի պատկերներում դառնում են ընթեռնելի, շոշափելի, հարազատ, հասարակության՝ այդ հոգու բոլոր շերտերին մի-մի փական դրած շղթաները օղակ առ օղակ բացվում են ամեն կադրի հետ, ամեն հույզի ու ապրումի հետ։ «Էլլիի պատմությունը» ֆիլմը այս բոլոր հատկանիշների խտացում է։ Մի պատմություն, որ սկզբից մինչեւ վերջ դիտողին պահում է լարված հուզականության ու ապրումների ծովում, որում խեղդվելը երբեմն իրականում էլ միակ ելքն է թվում։
Մարդկային բարդ զգացմունքների, պարզ թվացող քայլերի անհնարինության ու դրանցից ծնվող բարդ դժբախտությունների մասին է ռեժիսորի «Չհարշանբե սուրի» (կամ «Հրավառությունների չորեքշաբթի») ֆիլմը։ Ֆիլմի ողջ ընթացքում հանելուկ թվացող սիրո կապերը դիտողին ստիպում են վերաիմաստավորել սերն ու սիրո՝ ընդունված ձեւաչափերը, այն շրջանակելու հասարակական փորձերը։ Մարդկային ներաշխարհի եւ աշխարհի երբեմն անմարդկային դեմքի փոխհարաբերությունների մասին է տոնական հրավառության տակ կքած զգացմունքների անտոն հրդեհներ պատկերող այս ֆիլմը։
Ֆարհադին փորձեր է արել նաեւ Իրանից դուրս ֆիլմեր նկարելու, Ֆրանսիայում նկարված «Անցյալի մասին» եւ Իսպանիայում նկարված «Բոլորը գիտեն» ֆիլմերը թեեւ հաջողված, բայց իրենց հռչակով զիջում են Իրանում եւ իրանական թեմաներով նկարված նրա կինոնկարներին։ Թեեւ ռեժիսորը հարցազրույցներից մեկում ասում է, թե դժվարություն չի ունենում դրսում նկարելու, քանի որ ֆիլմերը սիրո ու ատելության մասին են, իսկ դրանց լեզուն նույնն է ամեն տեղ, բայց հայրենական թեմաների արտացոլումը կարծես ավելի մեծ հաջողություն է բերում արվեստագետին։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։