Ղարաբաղյան երկրորդ պատերազմը Հայաստանի Հանրապետության պատմության թերեւս ամենասարսափելի աղետն է։ Պետությունը մի քանի օրերի ընթացքում դուրս շպրտվեց իր պատմական ընթացքի տրամաբանությունից եւ վերադարձվեց այն կետին, որտեղից մեկնարկել էր, այսինքն՝ 1988-1990 թվականներ։
Փաստացի 30 տարվա բոլոր նվաճումներն ու ձեռքբերումները փոշիացան։ Բայց վերադառնալ ամենեւին էլ չի նշանակում հայտնվել անցյալի նույնական կետում։ Պատկերավոր ասած՝ մենք հիմա շատ ավելի վատ վիճակում ենք, քան մեր ՀՀՇ-ական հայրերն էին 1990-ականներին, եւ մի փոքր ավելի լավ վիճակում, քան դաշնակցական պապերը 1921-ին։
Իհարկե, վարչապետ Փաշինյանի կողմնակիցները կարող են առարկել՝ ասելով, թե Հայաստանը սխալ հիմքերով, փտած համակարգով, ճահճացած միջավայրով կեղծ եւ ուռճացված գոյացություն էր, որը պայթեց առաջին իսկ լուրջ հարվածից։ Կա նաեւ շատ ավելի մեղմ ու հավասարակշռված առարկություն, որի համաձայն՝ Հայաստանի կապիտուլյացիան չի կարող մեկ կամ երկու տարվա սխալ քաղաքականության հետեւանք լինել, քանի որ մեզ շրջապատող աշխարհը պատճառային է եւ շարունակական զարգացող, այսինքն՝ պատմության մեջ առանձին վերցրած դրվագ գոյություն ունենալ չի կարող, իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին՝ ամբողջացնելով խճանկարը։
Փաշինյանին արդարացնող եւ Հայաստանի ռազմաքաղաքական ջախջախումը սրբագրող այս երկու փաստարկներն էլ չափազանց խնդրահարույց են։ Առաջինն ընդհանրապես ուրանում է Հայաստանի գոյությունը մինչեւ 2018 թվականը, իսկ երկրորդը մերժում է մարդկային գործոնի հնարավորությունը։
Առաջինը պարզունակ է եւ պատասխանն է Նիկոլ Փաշինյանի քարակերտ արձանի դեմ ուղղված հարձակումների։ Այսինքն՝ միտքը հետեւյալն է․ եթե դուք կործանում եք մեր սակրալ (սրբազան) աստվածությունը, մենք էլ կջնջենք Հայաստանի խոցելի անցյալը։ Իսկ երկրորդը հետեւանք է պատմագիտական մեթոդի ձեւախեղված ընկալման, դա ավելի շուտ աստվածաբանություն է։ Այսինքն՝ անցյալի փաստերը մեխանիկորեն դասավորվում են իրար կողքի եւ կրոնական դոգմատիզմով հարմարեցվում արդիականությանը, որպեսզի հիմնավորվի մարգարեության ճշմարտացիությունը։
Իսկ ո՞ւր է մարդկային գործոնը, եւ ո՞ւր են ընդհանրապես մարդիկ։ Պայմանավորվենք, որ սա ֆիզիկայի գիտափորձ չէ, իսկ պատմական ու քաղաքական գործընթացներն ամենեւին էլ լաբորատորիայում չեն փորձարկվում։ Այսինքն՝ ընթացքի եւ զարգացման կենտրոնում մարդն է, որն իր որոշումներով կարող է շեղել իրերի դասավորությունն ու կարգը։
Այստեղից հետեւում է, որ Հայաստանի 30 տարիների սխալներն ու բացթողումները, որքան էլ դրանք քայքայիչ լինեն, ամենեւին էլ պարտադիր եւ անխուսափելի չեն դարձնում պետության կապիտուլյացիան։ Իհարկե դրանք չէին կարող ազդեցություն չունենալ, բայց, միեւնույնն է, աղետից կարելի էր խուսափել, նույնիսկ երբ այն չափազանց մոտ էր եւ րոպեների հեռավորության վրա։
Կասկածից դուրս է, կատարվածի գլխավոր եւ հիմնական մեղավորը օրվա ռազմաքաղաքական ղեկավարությունն է, այլ ոչ թե անորոշ եւ անդեմ անցյալը։ Նույնիսկ ավտորիտար, կոռումպացված, օլիգարխիկ, սոցիալական անարդար, անիրավ համակարգով հնարավոր էր խուսափել կապիտուլյացիայից, ավելին՝ դրանք բոլորը ենթակա էին շտկման եւ խմբագրման, բայց այն, ինչ Հայաստանի հետ արեց փաշինյանական վարչակազմը, անդառնալի է եւ անուղղելի։
Սրանից դուրս բերվող ցանկացած արդարացում ընդամենը էժանագին դեմագոգիա է՝ արդարանալու խղճուկ եւ թշվառ մտայնություն։
Արդեն իսկ ապացուցված է, որ պատերազմն ամենեւին էլ անխուսափելի չէր, այն կարող էր եւ չլինել։ Փաստն այս ամենայն մանրամասնությամբ եւ հետեւողականությամբ հիմնավորել են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, պատմաբան եւ դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, լրագրող Թաթուլ Հակոբյանը եւ շատ ուրիշներ։ Այս առումով այլեւս ավելացնելու ոչինչ չկա, եւ ես զերծ կմնամ արդեն իսկ ասվածը նորից վերարտադրելու գայթակղությունից։
Բայց այստեղ ի հայտ է գալիս մյուս տրամաբանական հարցադրումը․ եթե Հայաստանի իշխանություններն իրենց սխալ քաղաքական կուրսով եւ ձախողված դիվանագիտությամբ պետությանը առաջնորդել են պատերազմի, ապա արդյոք ինքնին ենթադրվո՞ւմ է, որ դա անպայման պետք է հանգեցներ կապիտուլյացիայի։ Վստահաբար՝ ո՛չ, քանի որ հստակ ապացույցներ գոյություն ունեն այն մասին, որ վարչապետ Փաշինյանն առնվազն երկու անգամ պատերազմը կանգնեցնելու հնարավորություն ունեցել է։ Այս դրվագն էլ է մանրամասն հիմնավորված, եւ կարիք չկա մանրամասների մեջ խորանալու։
Հարցադրումներն այսքանով չեն ավարտվում։ Արդյոք պատերազմի չկանգնեցման այլընտրանքը կապիտուլյացիա՞ն էր։ Այլ խոսքով՝ հնարավո՞ր էր ժամանակին չկանգնեցված պատերազմն ավարտել առանց ամբողջական ռազմաքաղաքական ջախջախման ու ոչնչացման։
Եթե պատերազմից խուսափելու եւ դրա դադարեցման հարցերի վերաբերյալ հստակ փաստարկներ եւ հիմնավորումներ կան, ապա վերջին հարցադրումը չափազանց անորոշ է եւ ո՛չ միանշանակ։ Հիմնական դժվարությունը պատերազմի բազմակողմանի եւ համալիր ուսումնասիրությունն է, որը դեռեւս չկա ու մոտ ապագայում չի էլ լինելու։ Այդ իսկ պատճառով իմ դատողությունները նախնական են եւ հիմնված մինչեւ վերջ չհետազոտված փաստերի վրա։
Իմ համոզմամբ՝ 44-օրյա պատերազմը կարող էր այլ ընթացք ունենալ եւ այլ ելքով ավարտվել։ Խոսքը բնականաբար հաղթանակի մասին չէ։ Փոքրիկ Հայաստանն իր համեստ մարդկային եւ նյութական ռեսուրսներով իհարկե չէր կարող հաղթել թուրք-ադրբեջանական զորեղ ռազմական մեքենային, որը հրետանու եւ ավիացիայի գրագետ փոխգործակցությամբ առաջ էր շարժվում՝ կոտրելով հայկական դիմադրությունը։ Բայց չհաղթել դեռեւս չի նշանակում անձնատուր լինել, այսինքն՝ կորուստներն ու վնասները կարող էին ավելի քիչ լինել, իսկ պարտությունն էլ՝ ոչ այսքան նվաստացուցիչ։
Ավելին՝ Ադրբեջանը Մատաղիսն ու Ջաբրայիլը գրավելուց հետո պետք է այնքան մեծ գին վճարեր, որ ստիպված լիներ հենց ինքը կանգնեցնել պատերազմն ու վերադառնալ բանակցությունների։ Դա Հայաստանի համար կլիներ ծանր պարտություն, բայց ոչ երբեք կապիտուլյացիա։
Ի դեպ սա բարի ցանկություն չէ, այլ պատերազմելու հստակ մեթոդաբանություն։ Ամեն ինչ շատ պարզ է, հայկական բանակը բնականաբար երկարաժամկետ պատերազմի ռեսուրսներ չի ունեցել, եւ ի սկզբանե նախատեսվել է ռազմական գործողությունների բռնկման պարագայում արագության եւ շարժունակության հաշվին կանգնեցնել հակառակորդին՝ նույնիսկ մի գյուղի համար մարտը վերածելով մսաղացի։ Բայց, ցավոք, 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի մեծ մասը կա՛մ նվիրվել են, կա՛մ էլ հանձնվել են թեթեւ դիմադրությամբ։ Բավական է միայն նշել, որ համառ դիմադրություն է եղել Ջաբրայիլում, Մարտունիում եւ հյուսիսային շրջաններում, իսկ օրինակ՝ Հադրութը, Ֆիզուլին, Զանգելանը եւ Ղուբաթլին անկում են ապրել բավականին տարօրինակ հանգամանքներում։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։