Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ԵՄ նոր ներկայացուցիչ Պյոտր Միխալկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հետ հաղորդակցության գործընթացը մասնակի մեկնարկել է։
Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը պատրաստ է բանակցություններ սկսելու խաղաղ համաձայնագրի, սահմանազատման, հաղորդակցությունների բացման շուրջ։ Ալիեւի պնդմամբ՝ Եվրամիության ակտիվ մասնակցությունը կօգնի շատ ոլորտներում։
«Ընդհանուր առմամբ, իրավիճակը Հարավային Կովկասում կարող է բոլորովին նոր մասշտաբներ ունենալ, որոնք չեն եղել 30 տարի։ Դա կարող է նաեւ կայունության, կանխատեսելիության եւ խաղաղության շատ կարեւոր գործոն լինել»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ Ադրբեջանը ցանկանում է շրջել էջը, կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում Իլհամ Ալիեւը հայտարարել է` հակամարտությունն ավարտված է, եւ Ադրբեջանն արդեն ասել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանազատման եւ սահմանագծման, երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա:
Իլհամ Ալիեւը Հայաստանին «հորդորել» էր ընտրություն կատարել համագործակցության եւ տարածքային պահանջների միջեւ։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարել էր, թե Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելու որեւէ առաջարկ չի ստացել։ Վարչապետ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, իսկ Ադրբեջանն այս պահին դրան պատրաստ չէ։