ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նյույորքյան հանդիպմանը, նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կրկին հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ քննարկելու հումանիտար մի շարք հարցեր, այդ թվում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը:
«Իհարկե, այս ձեւաչափով քննարկումների, բանակցային գործընթացի վերսկսումը միանշանակ ողջունելի է եւ միանշանակ բխում է ՀՀ-ի, ԼՂ-ի շահերից: Մեկ անգամ եւս փաստում ենք, որ խնդիրը լուծված չէ: Ադրբեջանը սիրում է ասել, թե խնդիրն այլեւս գոյություն չունի, կարծում եմ՝ սա միջազգային հանրության կողմից եւս մի հավաստիացում է, որ խնդիրը գոյություն ունի եւ լուծում պահանջում է, եւ լուծման փնտրտուքը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով, միջազգային ճանաչում ստացած միակ մանդատ ունեցող մարմնով»,- ասել է Միրզոյանը:
Արտգործնախարարը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խնդրի լուծումը՝ նշելով, որ դա ինչ-որ փուլում ենթադրում է ամենաէական հարցերի քննարկում: Նա առաջարկել է ուշադրություն դարձնել համանախագահների տարածած հայտարարության մեջ տեղ գտած ձեւակերպումներին: Ըստ նրա՝ ամեն ինչ դրանով ասված է: