Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ հնարավոր է, որպես բարիդրացիական ժեստ, այցելի Երեւան եւ Բաքու, հենց որ նման հնարավորություն ընձեռվի: «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Աբդոլլահիանն ընդգծել է, որ հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի նոր կառավարության գլխավոր առաջնահերթություններից է:
«Հայաստանն ու Ադրբեջանը մեր լավ հարեւաններն են, եւ մենք չենք կարող նրանցից որեւէ մեկի հետ աշխատել մյուսի դեմ։ Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է։ Երկու օր առաջ իմ գործընկերը՝ Հայաստանի արտգործնախարարը, ժամանել էր Թեհրան։ Լավ կլիներ, որ մեր ադրբեջանցի գործընկերն էլ հնարավորություն ունենար այցելելու մեր երկիր»,- ասել է Իրանի արտգործնախարարը: