Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը եւ Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ, Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Յան Ցզեչին Շվեյցարիայում շոշափել են երկկողմ հարաբերություններում ռիսկերի վերահսկողության, ինչպես նաեւ հնարավոր համագործակցության ոլորտների թեմաները: Զրուցակիցները քննարկել են կապի բաց ուղիների պահպանման կարեւորությունը, որպեսզի ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ մրցակցությունն իրականացվի պատասխանատու ձեւով:
Բայդենի օգնականն անդրադարձել է նաեւ այն ոլորտներին, որտեղ ԱՄՆ-ն ու ՉԺՀ-ն շահագրգռված են պետությունների համար կենսական մարտահրավերների հաղթահարման նպատակով համատեղ աշխատանքով, ինչպես նաեւ հարաբերություններում ռիսկերի վերահսկման մեթոդներին:
Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ նախագահ Սի Ծինպինի հեռախոսազրույցից հետո: Նախագահները քննարկել են Թայվանի շուրջ ստեղծված իրադրությունը՝ ՉԺՀ-ի օդուժի ենթադրյալ թռիչքները Թայվանի օդային պատասխանատվության գոտի: Ընդգծվել է, որ պետք է պահպանել Թայվանի վերաբերյալ համաձայնությունը: Բայդենը ՍԻ Ծինպինին հայտնել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է առաջնորդվել 1979-ի ամերիկյան օրենքով:
1979-ի օրենքը սահմանում է աջակցություն միասնական Չինաստանի սկզբունքին, ինչպես նաեւ նախատեսում ԱՄՆ ռազմական օգնությունը Թայվանին:
ՉԺՀ-ի կենտրոնական կառավարության եւ նրա կղզի նահանգի միջեւ պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949-ին, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվեցին Թայվան: Կղզու եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ գործնական եւ ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ական թվականների վերջերին:
1990-ակաների սկզբից կողմերը սկսել են շփվել ոչ կառավարական կազմակերպությունների՝ Թայվանի նեղուցով հարաբերությունների զարգացման Պեկինի ասոցիացիայի եւ նեղուցի միջոցով փոխանակումների Տայբեյի հիմնադրամի միջոցով: