Իսրայելական The Jerusalem Post-ը հոդված է հրապարակել «Ադրբեջանի հետ լարվածության կապակցությամբ Իրանը եբրայերենով նախազգուշացնում է «արտաքին ազդեցության» մասին» վերնագրով Կովկասում Արցախյան վերջին պատերազմից հետո մոտ մեկ տասնյակի հասնող երկրների անվտանգային շահերը շոշափող աշխարհաքաղաքական գործընթացների ու հեռանկարների մասին:
Խնդիրները կլուծվեն տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցությամբ
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին թվիթերյան պարսկերեն, արաբերեն, անգլերեն եւ եբրայերեն գրառմամբ նախազգուշացնում է Իրանի հարեւաններին. «Հզոր Իրանը միշտ բարիդրացիական է եղել իր հարեւանների նկատմամբ եւ երբեք սպառնալիք չի ներկայացրել նրանց»,- գրել է Շամխանին:
«Խնդիրները կլուծվեն տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցությամբ: Արտաքին ցանկացած ազդեցություն անպտուղ է մնալու, ուստի մենք կոչ ենք անում հարեւաններին զգոն լինելու այս առումով եւ հեռու մնալու դրանից»:
Հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսեց տուգանքներով եւ ձերբակալություններով թիրախավորել իրանական բեռնատարները, իսկ Իրանը ռազմական ուժեր տեղափոխեց դեպի սահման՝ նախազգուշացնելով Իսրայելին, թե իր սահմաններին մոտ ազդեցություն ունենալու պարագայում ինչ է սպասվում:
«Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը» (RFE/RL) գրել է, որ իրանական բեռնատարների վարորդները տուգանվել են, երկուսը՝ ձերբակալվել, երբ անցնելիս են եղել հայկական Կապան եւ Գորիս քաղաքների միջեւ ընկած ճանապարհով, որը մասամբ հանձնվել է Ադրբեջանին անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո: Մայրուղին, որը հսկվում է ռուս խաղաղապահների կողմից, Հայաստանի միակ կապն է Իրանի հետ:
Վերջերս լարվածությունն ուժեղացավ նաեւ Կասպից ծովում Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ զորավարժությունների պատճառով, որի առիթով Իրանի ԱԳՆ-ն նախազգուշացրեց, որ նման վարժությունները խախտում են միջազգային կոնվենցիայի այն դրույթը, որն արգելում է ծովին սահմանակից հինգ պետություններից բացի այլ երկրների ռազմական ներկայությունը:
Իրանը ուրբաթ սկսեց «Խայբարի նվաճողները» զորավարժությունը Իրանի հյուսիս-արեւմուտքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ:
Fars լրատվական գործակալությունը նշել է, թե Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Կիումարս Հեյդարին ասել է, որ զորավարժությունն իրականացվում է զենք եւ սարքավորումներ փորձարկելու, ցանկացած հարթակում եւ Իրանի սահմանի երկայնքով զինված ուժերի պատրաստակամությունը գնահատելու նպատակով:
Զորավարժության անվանումը՝ «Խայբարի նվաճողները», կարծես, հիշատակում է 628 թվականի Խայբարի ճակատամարտը, երբ մահմեդականները Մուհամմադի գլխավորությամբ կռվել են տեղի հրեաների դեմ, հաղթել նրանց եւ հարկեր պարտադրել:
Միջադեպերը լուծել առանց արտաքին միջամտության
Իրանցի պաշտոնյաները շեշտել են, որ զորավարժությունը կոչված է «հաղորդագրություն ուղարկելու» Իսրայելին եւ ISIS-ին՝ նախազգուշացնելով, որ Թեհրանը պատրաստ է ցանկացած գործողության, որն անհրաժեշտ է իր սահմանները պաշտպանելու համար:
Երեքշաբթի Թուրքիայի Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր սահմանի երկայնքով զորավարժություն անցկացնելու Իրանի որոշման մասին ասել է, որ նման բան առաջին անգամ է տեղի ունենում Ադրբեջանի անկախության 30-ամյա պատմության ընթացքում:
Fars-ը հաղորդել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կիրակի նախազգուշացրել է տարածաշրջանում արտաքին միջամտության վերաբերյալ՝ ասելով, որ դա «տարաձայնության եւ վնասների» պատճառով է, եւ որ հարցերը եւ միջադեպերը պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության:
Խամենեին նաեւ տարածաշրջանի երկրներին հորդորել է օտարերկրացիներին չապավինելով հասնել ազգային անվտանգության՝ ասելով, որ Իրանի համար դա «նորմալ է», բայց այլ երկրների, այդ թվում՝ եվրոպական պետությունների համար դժվար է:
Իսրայելցի 1000 գաղտնի գործակալ եւ ISIS-ի 1800 գործակալ Ադրբեջանում
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը շաբաթ օրը նախազգուշացրել է Ադրբեջանին, որ Իրանը «երբեք չի հանդուրժի կեղծ սիոնիստական ռեժիմի առկայությունը եւ սադրիչ գործողություններ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանի հարեւանությամբ, ինչպես եւ չի հանդուրժի աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում: Մենք պաշտպանության լուրջ հնարավորություն ունենք դրա դեմ»:
Ամիր-Աբդոլլահիանն ասել է, որ քաղաքական հարաբերությունները երկու երկրների միջեւ «ուժեղ են եւ աճում են», սակայն ավելացրել է, որ «վատ բաներ են տեղի ունեցել», եւ ահաբեկչական շարժումներ են թափանցել անցյալ տարի Ղարաբաղի տարածք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի ընթացքում:
Արտաքին գործերի նախարարը պնդել է, որ Իսրայելը ջանում է «օգտագործել առավելագույն հնարավորությունը»՝ փորձելով ավելի մոտենալ Իրանի սահմաններին եւ ներկայություն ապահովել Ադրբեջանում: Նա նաեւ շեշտել է, որ «Սիոնիստների եւ ահաբեկիչների կեղտոտ խաղերն ու ձեռքերը» բավականին պարզ են երեւում այդ երկրում:
Իրանցի դիվանագետ Ամիր Մուսավին պնդել է, որ Ադրբեջան են այցելել 1000 իսրայելական գաղտնի գործակալ եւ 1800 ISIS գործակալ:
Մուսավին շաբաթ օրը Հըզբոլլահին մոտ կանգնած Al-Mayadeen լրատվականի հետ զրույցում ասել է, որ Իրանն իր ռազմական ուժերը տեղադրել է Ադրբեջանի հետ իր սահմանին մոտ, որպեսզի նախազգուշացնի, «որ կրակի հետ չխաղան»:
Իրանը կշարունակի հրթիռային գրոհները հարկ եղած դեպքում, Իսրայելը վստահեցրել է, որ կկանգնի Ադրբեջանի կողքին
Մուսավին ավելացրել է, որ Ադրբեջանին առաջատար սարքավորումներ մատակարարող իսրայելցիները մեծ դեր են ունեցել Իրանի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության գործում:
Իրանի պետական հեռարձակող IRIB- ի կայքում դրված հոդվածում ասվում է, որ Իսլամական Հանրապետությունն իր իրավունքն է համարում դիմակայել ահաբեկչությանը եւ անվտանգության սպառնալիքներին եւ նախազգուշացնում է, որ հրթիռային եւ հրետանային գրոհները, որն, ըստ հոդվածի, Իրանը «կիրառել է հակահեղափոխական խմբերի եւ Մոսսադի դեմ» Էրբիլում, Իրաք կարող են շարունակվել անհրաժեշտության դեպքում:
Սաուդյան Elaph լրագիրը, շաբաթ օրը վկայակոչելով Իսրայելի կարեւոր աղբյուրի, տեղեկացրել է, որ Իսրայելի անվտանգության պատվիրակությունը այցելել է Ադրբեջան՝ Ադրբեջանի կառավարությանը խորհուրդներ եւ աջակցություն ցուցաբերելու Իրանի հետ լարվածության կապակցությամբ:
Ըստ այդ աղբյուրի՝ Իսրայելը վստահեցրել է Ադրբեջանին, որ հրեական պետությունը կկանգնի նրա կողքին եւ կտրամադրի օգնություն՝ ներառյալ մասնակցություն օդում՝ հետ մղելու Իրանի կողմից իր հյուսիսային հարեւանի նկատմամբ իրականացրած ցանկացած հարձակում:
Կարող է շատ տխրալի ձեւով խափանել Թուրքիայի եւ Ադրբեջանի դավադրությունը
Իրանի Գերագույն առաջնորդ Խամենեիի հետ կապ ունեցող Kayhan թերթում տպագրված մի կարծիք նախազգուշացրել է ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Իսրայելի միջեւ ենթադրյալ «անտեսանելի դաշինքի» մասին՝ ասելով, որ այն կարող է «մեծ ազդեցություն ունենալ» տարածաշրջանում Իրանի եւ Ռուսաստանի քաղաքական կշռի վրա: Հեղինակը նաեւ նախազգուշացրել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է իմանան, որ «Իրանը կարող է շատ տխրալի ձեւով խափանել նրանց դավադրությունը»:
Ադրբեջանն ու Իսրայելը սերտ կապեր ունեն, հայտնել էր Ադրբեջանի նախագահը Նիզամի Գյանջավի միջազգային կենտրոնում մայիսին: «Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի համար լիարժեքորեն հասանելի են իսրայելական պաշտպանական արդյունաբերության արտադրատեսակները»,- ասել է Ալիեւը:
Իսրայելական զենքերը՝ ներառյալ LORA հրթիռը եւ Իսրայելի Harop կամիկաձե անօդաչուները, օգտագործվել են Ադրբեջանի կողմից անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի պատերազմում:
Պատրաստեց Կարինե Դավոյանը