Բելառուսում ձերբակալվել է 136 օգտատեր՝ համացանցում Մինսկի բնակիչ Անդրեյ Զելցերի եւ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակցի մահվան վերաբերյալ մեկնաբանությունների համար:
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի 31-ամյա մասնագետ, EPAM Systems ընկերության աշխատակից Զելցերը եւ ՊԱԿ-ի հատուկ ջոկատի ծառայող Դմիտրի Ֆեդոսյուկը սեպտեմբերի 28-ին Մինսկում զոհվել են փոխհրաձգության հետեւանքով: ՊԱԿ-ից հայտնել են, որ Զելցերը Ֆեդոսյուկին սպանել է իր բնակարանի գրոհի ժամանակ, որից հետո հատուկջոկատայինները նրան գնդակահարել են:
Բելառուսի քննչական կոմիտեն հայտնել է, որ բոլոր ձերբակալվածները կալանքի տակ են: Նրանց դեմ քրեական գործ է հարուցված՝ պետական ծառայողին վիրավորելու եւ ատելություն հրահրելու մեղադրանքներով: meduza.io-ն նշել է, որ Բելառուսի քննչական կոմիտեն հայտարարել է, թե թեեւ ողբերգությունը ցնցել է հասարակությանը, սակայն ոմանց համար այդ դժբախտությունը դարձել է աղմուկ հանելու պատճառ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նույն մեղադրանքներով Բելառուսում բերման է ենթարկվել շուրջ հիսուն մարդ՝ այդ փոխհրաձգության տեսաձայնագրությանն առնչվող մեկնաբանությունների համար: