Եկամուտները՝ 1 տրլն 946 մլրդ դրամ կամ 3,9 մլրդ դոլար, ծախսերը՝ 2 տրլն 188 մլրդ դրամ կամ մոտ 4,4 մլրդ դոլար: Տարբերությունը կամ դեֆիցիտը՝ 242 մլրդ դրամ: Սրանք 2022 թվականի բյուջեի նախագծի հիմնական թվերն են: Իսկ նախագիծը կառավարությունն արդեն հաստատել եւ ուղարկել է Ազգային ժողով:
Երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթն ուսումնասիրելիս առաջինն ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ եկող տարի Հայաստանի բյուջեն հատելու է 4 մլրդ դոլարի շեմը: Ընդ որում՝ 3 մլրդ դոլարի շեմը հաղթահարեց հեղափոխությունից հետո՝ 2019-ին: Այսինքն՝ 4 տարիներին բյուջեն կավելանա 1 մլրդ դոլարով այն դեպքում, երբ անցած 20 տարիներին չէր կարողանում հասներ 3 մլրդ դոլարի:
Նախորդ 10 տարիներին Սերժ Սարգսյանի իշխանությունը ձգտում էր բյուջեն հասցնելու 3 մլրդ դոլարի, բայց չէր կարողանում: Կամ միգուցե չէր էլ ձգտում, պարզապես 10 տարի դոփում էր այդ սահմանի մատույցներում:
2018 թվականի համեմատ 2022-ին բյուջեն ծախսային մասով ավելի է 747 մլրդ դրամով կամ մոտ 1,5 մլրդ դոլարով, եկամուտները՝ մոտ 600 մլրդ դրամով կամ 1,2 մլրդ դոլարով այն դեպքում, երբ հետհեղափոխական երեք տարիներից մեկուկես տարին Հայաստանը եղել է խոր ճգնաժամի մեջ՝ կորոնավիրուսի համաճարակի եւ Արցախյան պատերազմի պատճառով:
Պայմանականորեն այս ցուցանիշները կարող ենք համարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ռեկորդները: Կարող ենք նաեւ նշել, որ բյուջեի ցուցանիշների այս վերելքը տեղի է ունեցել ոչ այնքան տնտեսական աճի, որքան ստվերային շրջանառության կրճատման հաշվին:
Կառավարությունը նաեւ նախատեսում է, որ առաջիկա տարիներին մեր երկրում տնտեսական աճը կլինի առնվազն 7 տոկոս, կկրճատվի գործազրկությունը, գնաճը կլինի 4+/-1.5 տոկոսի չափով, հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կբարելավվի 0,9 տոկոսով եւ մինչեւ տարեվերջ կհասնի 23,4 տոկոսի: Շատ կարեւոր ցուցանիշ, որն էլ ցույց է տալիս մեր տնտեսության ստվերայնության աստիճանը: Այսինքն՝ փոքր քայլերով, բայց ստվերային շրջանառությունը կրճատվել է: ՀՆԱ-ի նկատմամբ հարկերը որքան բարձր լինեն, նույնքան քիչ կլինի ստվերայնության աստիճանը: Զարգացած եւ ազատ տնտեսություն ունեցող երկրներում այդ ցուցանիշը հասնում է մինչեւ 40 տոկոսի:
Բայց այսքան դրական ցուցանիշներից հետո պետք է անդրադառնալ բյուջեում արտացոլված մի քանի մտահոգիչ իրողությունների: Առաջինը, որ աչքի է զարնում, պետական պարտքի ավելացումն է եւ պարտքի սպասարկման համար հատկացվող գումարի չափը: Դա արդեն սպառնում է ստվերել վերը նշված դրական ցուցանիշները: Պարտքի սպասարկման՝ մայր գումարի մարման եւ տոկոսավճարների համար 2022-ին հատկացվելու է ավելի քան 518 մլրդ դրամ կամ ավելի քան 1 մլրդ դոլար: Դրանից 303,6 մլրդը մայր գումարի մարումն է, 214,6 մլրդը՝ տոկոսները: Ստացվում է, որ հաջորդ տարվա 4 մլրդ դոլարանոց բյուջեի մեկ քառորդը կամ 25 տոկոսը հատկացվելու է պարտքի մարմանը, իսկ միայն պարտքի տոկոսներին հատկացվող գումարը կազմում է երկրի ողջ ծախսի մոտ 10 տոկոսը:
Ավելին՝ բյուջեի նախագծի համաձայն, գրեթե այդքան գումարով՝ 509 մլրդ դրամով, կավելանա հաջորդ տարվա պարտքի չափը, եւ մինչեւ տարեվերջ ընդհանուր պարտքը կհասնի 5 տրլն 29 մլրդ դրամի կամ մոտ 10 մլրդ դոլարի: Սա արդեն կլինի հեղափոխական իշխանությունների հակառեկորդը:
Բայց պարտք կուտակողը միայն հեղափոխական իշխանությունները չեն: Հանուն արդարության պետք է նշել, որ նրանք ժառանգություն են ստացել մոտ 7 մլրդ դոլարի պարտք եւ 4 տարում կավելացնեն 3 մլրդ դոլարով: Այս դեպքում մտահոգիչ են պարտքի աճի տեմպերը:
Շարունակելով խոսել 2022-ի բյուջետային մտահոգություններից՝ նշենք, որ ամենամեծ հատկացումները կատարվել են սոցիալական ոլորտում՝ 929,3 մլրդ դրամ (42.5 տոկոս): Այդպիսով գերատեսչություններից ամենամեծ գումարը` 579, 8 մլրդ դրամը, կստանա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Միայն 384, 4 մլրդ դրամը կենսաթոշակների բաժինն է:
Այսինքն՝ եկող տարի միայն պետական պարտքի եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված գումարը կազմում է մոտ 1 տրլն 97 մլրդ դրամ՝ բյուջեի ծախսերի ուղիղ կեսը:
Այսինքն՝ բյուջեի կեսը պետք է ծախսվի պարտք եւ թոշակ-նպաստ վճարելու վրա, մի ահռելի գումար էլ պետական հատվածի աշխատավարձերին է բաժին հասնում: Հայաստանը հետպատերազմական կամ, ինչու ոչ, պատերազմական ծանր վիճակում է, պաշտպանության բյուջեն իր հերթին պետք է ստանա 345,4 մլրդ դրամ:
Հարց է առաջանում՝ ի՞նչ է մնում զարգացման համար, տնտեսությունը, կրթությունն ու գիտությունը զարգացնելու համար, որ գործող կառավարությունը համարում է իր գործունեության առաջնահերթությունը: Կամ պարտքի ու սոցիալական նման բեռ ունեցող բյուջեով հնարավո՞ր է արդյոք զարգացում ակնկալել:
Հավելենք նաեւ, որ 2022-ի բյուջեի նախագծի համաձայն՝ կապիտալ ծախսերը պլանավորված են 346,5 մլրդ դրամի չափով: Սրանք պետական բյուջեից տնտեսության մեջ կատարվող ներդրումներ են, որոնք իրականացվում են հիմնականում ենթակառուցվածքներում՝ կառուցվում կամ վերանորոգվում դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ եւ տնտեսության աճ են ապահովում։
Բայց խնդիրն այնն է, որ հեղափոխական իշխանություններն իրենց կառավարման առաջին իսկ տարվանից թերակատարել են այդ ծրագրերը: Կոնկրետ այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով թերակատարել են մոտ 36 տոկոսով:
Այս խնդիրներից հետո արդեն ստվերվում է այն ուրախությունը, որ Հայաստանի պետական բյուջեն կհատի 4 մլրդ դոլարի սահմանը:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։