«2018-ին նախկին կոռումպացված ռեժիմը հեռացրած ժողովրդական շարժման էյֆորիան, որը Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, փոխվել է անելանելիության զգացումի»,-գրում է Le Monde-ի թղթակից Ֆաուստին Վենսանը:
Շատ հեռուն գնալու կարիք չկա՝ վերհիշելու համար այն մեծ հույսերը, որ կապվել էին երիտասարդության հրահրած ժողովրդական ապստամբության հետ: Ապստամբությունը տեղի ունեցավ 2018-ի գարնանը, երբ պատգամավոր եւ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը երկար քայլարշավ սկսեց երկրով մեկ՝ կոռումպացված, ավտոկրատ, Կրեմլի հետ մերձեցած վարչապետ Սերժ Սարգսյանի հետխորհրդային ռեժիմը տապալելու համար: Շուտով նրան միացավ հարյուր հազար մարդ: Փողոցներում մարդիկ երգում ու պարում էին: Խանդավառված ժողովուրդը երազում էր «նոր Հայաստանի» մասին, որը նրան խոստանում էր այդ խաղաղ եւ ուրախ հեղափոխության հերոսը: Անմիջապես դրանից հետո վարչապետ ընտրված Փաշինյանն աննախադեպ հեղինակություն ու ժողովրդականություն էր վայելում:
Երկուսուկես տարի անց Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմը խորտակեց այդ հույսերը, եւ Հայաստանին հասցրեց շոկային վիճակի: Հիմա արդեն մարդկանց չի հուզում՝ երկրում տեղի կունենա՞ն բարեփոխումներ կամ մանր կոռուպցիայի հետեւից ընկած Փաշինյանը կզբաղվի՞ խոշոր օլիգարխներով:
2018-ին մարդկանց մեջ հույսի ցոլք առկայծեց, որը տեւեց երկու տարի: Այսօր երկիրը անդունդի խորքում է: Հայաստանի համար սա ասես զրո թվականն է
Առաջնահերթությունները կտրուկ փոխվեցին: Երկիրը դեռ պիտի վերապրի ջախջախիչ պարտությունը, որի արդյունքում զոհվեց [չճշտված] շուրջ 2300 զինծառայող, իր գիրկն առնի 100 հազար տեղահանվածներին եւ կարողանա գլուխ հանել Covid-19-ի դեպքերի վտանգավոր աճից (երբ բնակչության մեկ շնչին ընկած վարակման ցուցանիշներով առաջիններից է աշխարհում)։ Քանի դեռ հիվանդանոցները լիքն են, տնտեսական լուրջ ճգնաժամը սարերի հետեւում չէ:
Այժմ արդեն բնակչության մի մասը հեղափոխության երեկվա հերոս Նիկալ Փաշինյանին համարում է «դավաճան»՝ այն պահից ի վեր, ինչ նա նոյեմբերի 9-ին ստորագրեց կրակի դադարեցման համաձայանագիրը, որով երկիրն ընդունում է Ադրբեջանի հաղթանակը: Լուրը, որը հայտնվել էր կեսգիշերին Ֆեյսբուքի նրա էջում, բոլորին ծանր վիճակի մեջ դրեց, քանի որ բնակչությունը պատրաստ չէր պարտության»,- գրում է Le Monde-ը: