Որոտան գյուղից դեպի Գորիս տանող Մ2 միջպետական ճանապարհի եւ գետի ձախ՝ դեպի Հին Խոտ հատվածում Շահվերդիլար բնակավայրն է: 2020-ի դեկտեմբերին ադրբեջանցիները ճանապարհային նշան են դրել, որը ցույց է տալիս Շահվերդիլարը:
Ճանապարհի այս հատվածը 2020-ի 44-օրյա պատերազմի, նոյեմբերի 9/10-ի հայտարարության եւ դեկտեմբերի 18-ի հավելվածի հետևանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Սա այն հատվածն է, որը մինչեւ 1993 թվականը Ադրբեջանի Ղուբաթլուի շրջանի մաս էր կազմում եւ հայկական վերահսկողության տակ անցավ:
Զավեն Կորկոտյանի «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» կոթողային աշխատության մեջ Շահվերդիլարը նշված է Գորիսի գյուղերի ցուցակում: 1932 թվականի քարտեզում (կազմող՝ Խ. Ավդալբեգյան, ՀՍԽՀ Պետրհատ, քարտեզը քննել ու հավանություն են տվել՝ ա. Գեոդեզիայի եւ քարտեզագրության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը, բ. Գիտամեթոդական խորհուրդը, գ. Անդրկովկասյան Գեոդեզիական կոմիտեն, դ. ՀԽՍՀ Պետպլանը), որը հասանելի է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, Շահվերդիլարը Խորհրդային Հայաստանի կազմում է: Շահվերդիլարի՝ Գորիսի շրջանին պատկանելը նշված է նաեւ Ակսել Բակունցի մի աշխատության մեջ:
Բակունցն ընդգրկված էր այն հանձնաժողովի կազմում, որը 1920-ական թվականներին փորձում էր Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ տարածքային վեճերին լուծում գտնել: Այս տարիներին Ղուբաթլուի շրջանը Քուրդիստանի գավառի մաս էր կազմում:
1926 թվականի աշնանը Զանգեզուրի եւ Քուրդիստանի գավառների սահմանագծման աշխատանքներն իրականացնում էր Կոչետկովի նախագահությամբ եւ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմված տեղական հանձնաժողովը: Նշված հանձնաժողովում որպես ՀՍԽՀ հողժողկոմատի ներկայացուցիչ ընդգրկվել էր նաեւ մասնագիտությամբ հողաշինարար Բակունցը:
Մինչ այդ երկու հանրապետությունների միջեւ՝ Գորիս-Ղուբաթլու հատվածում, սահմանագծի անցկացումը դժգոհություն էր առաջ բերել, ինչ մասին Բակունցը գրում է.
«1924 թվականի հուլիսի 11-ի հանձնաժողովը սահմանն ընդունել էր Գորիս-Ղափան խճուղին։ Սակայն տեղական զննությունը եւ գյուղացիների ցանկությունը եկան որոշ փոփոխություն մտցնելու այդ սահմանագծի մեջ։ Այսպես, օրինակ, ըստ այդ համաձայնության սահմանը խճուղու հետ միասին անցնում էր Բազարչայ գետի վրայով՝ Քյուրդիստանի կողմը թողնելով Շահվերդիլար եւ Պաշարաջուր թուրք գյուղերը։ Սակայն գյուղացիների ցանկությամբ փոխվեց սահմանագիծը, այդ երկու գյուղը թողնելով Զանգեզուրին։ Նոր սահմանը խճուղուն խառնվում է Մազրա գյուղի տափարակում, անտառի ծայրին։
Անտառի մեջ սահմանը թողնված է խճուղին։ Որովհետեւ Քյուրդիստանին անցնող Մազրա գյուղը խճուղուց վերեւ հողեր ունի, իսկ Զանգեզուրին անցնող Շուռնուխը հողեր ունի խճուղուց ներքեւ, հանձնաժողովը որոշեց. գյուղերին թողնել իրենց հողերը, արտանկարելով այդ հողերը, որոշելով նրանց սահմանները, որպեսզի հետագայում այդ գյուղերն ի հաշիվ պետական անտառների, որոնց մի մասը Քյուրդիստանինն է, մյուսը Զանգեզուրինը, չկարողանան ավելացնել հողերը՝ կտրատելով անտառները։
Համաձայն 1924 թվականի հուլիսի 11-ի սահմանագծի՝ Զեյվա գյուղի մոտ խճուղին կտրում է Չայզամի գետը, անցնում գյուղի գլխով դեպի հանքերը։ Խճուղուց ներքեւ մնում էին մի շարք գյուղեր՝ Զեյվա, Սեւաքար, Մողես, Ուժանիս, Եղավարգ, Ագարակ, որոնք մինչ այդ ենթարկվում էին Ղափանին, ունենալով վեճեր հարեւան թուրք գյուղերի հետ:
Հայաստանի ներկայացուցչի առաջարկը՝ սահմանագիծն անցկացնել ո՛չ թե խճուղիով, այլ Չայզամի գետով, մերժվեց ե՛ւ ընկ. Կաչետկովի, ե՛ւ ընկ. Կարաեւի կողմից, թեկուզ երկու կողմերի համար անվիճելի էր այն, որ վերոհիշյալ գյուղերը պիտի միանան եւ մինչ այդ էլ միացած էին Ղափանին։ Վեճը Վալի-Դուզ անվանյալ անտառամասի շուրջն է, մոտ 200 դեսյատին տարածությամբ։
Վալի-Դուզը Չայզամի գետի աջ ափին է, խճուղու եւ գետի միջեւ, Զեյվա գյուղին կպած։ Հետագայում առաջանալիք անախորժություններին ընդմիշտ վերջ տալու համար Հայաստանի ներկայացուցչի առաջարկն էր բնական սահման ընդունել գետը, մանավանդ որ Զեյվա գյուղը գետի ձախ ափին էլ ունի վարելահողեր»:
Թե երբ է Շահվերդիլարը Գորիսի շրջանից անցել Ղուբաթլուին, պարզել չկարողացանք: 1926 թվականին այստեղ անցկացվել է մարդահամար (Խորհրդային Միության առաջին մարդահամարը), եւ այն ներկայացված է որպես Խորհրդային Հայաստանի գյուղ: 1931 թվականի մարդահաշվարկը եւս ցույց է տալիս, որ Շահվերդիլարը Խորհրդային Հայաստանում է: 1971 թվականին հրատարակված «Հայկական ՍՍՀ վարչա-տերիտորիալ բաժանումը» հատորում Գորիսի գյուղերի շարքում Շահվերդիլարը չկա, ինչը նշանակում է, որ այն Ղուբաթլուին է անցել 1931-ից հետո մինչեւ 1971-ն ընկած ժամանակահատվածում:
Չպետք է բացառել, որ տեղի ունեցած լինի գյուղերի կամ տարածքների փոխանակություն, ինչպես բազմիցս եղել է Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ հատկապես Անդրֆեդերացիայի ժամանակահատվածում՝ 1922-1936 թվականներին, երբ կովկասյան երեք հանրապետությունները որպես մեկ միավոր Թիֆլիս կենտրոնով ԽՍՀՄ-ի մաս էին կազմում:
Ուշագրավ մի փաստ եւս՝ Կորկոտյանի հատորում Շահվերդիլարի բնակչությունը նախապես նշվում է քյուրդ, հետագայում, ինչպես Հայաստանի քրդաբնակ եւ թաթարաբնակ այլ գյուղերի դեպքում, նրանք դառնում են թուրք, թրքո-թաթար եւ վերջապես՝ ադրբեջանցի:
Շահվերդիլար գյուղը հիմնադրվել է 1873-ից հետո մինչեւ 1886 թվականն ընկած ժամանակահատվածում:
Շահվերդիլարի բնակչությունը, ըստ Կորկոտյանի, 1886 թվականին եղել է 238 հոգի, բոլորը՝ քուրդ: 1897 թվականի ցարական Ռուսաստանի առաջին եւ վերջին մարդահամարի տվյալներով գյուղում բնակվել է 217 հոգի, բոլորը՝ իսլամ: Թիֆլիսում լույս տեսնող «Կովկասյան օրացույց» հանդեսը 1914 թվականին Շահվերդիլարում նշում է 147 հոգի բնակչություն, բոլորը՝ թաթար: 1919 եւ 1922 թվականների մարդահամարի ցուցակներում Շահվերդիլարը ավերակ բնակավայրերի շարքում է: ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով գյուղն ունեցել է 87 հոգի թուրք բնակչություն:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։