2021-ի Նոբելյան մրցանակը գրականության ասպարեզում շնորհվել է Մեծ Բրիտանիայում բնակվող տանզանիացի անգլիագիր գրող Աբդուլռազաք Գուրնային: Նոբելյան կոմիտեն բարձր է գնահատել նրա անզիջում պայքարը եւ նվիրվածությունը փախստականների խնդրին ու գաղութատիրության հետեւանքներին։
Աբդուլռազաք Գուրնան ծնվել է Տանզանիայում՝ Զանզիբար կղզում, արաբական ծագմամբ մահմեդական ընտանիքում: Կյանքի առաջին տասնամյակն անցկացրել է հենց Զանզիբարում, որն այն ժամանակ Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ էր: 20 տարեկանում տեղափոխվել է Անգլիա, դոկտորական աստիճան ստացել Քենթի համալսարանում, որտեղ էլ այժմ ղեկավարում է անգլերենի ամբիոնի ասպիրանտուրան:
Գրական առաջին երկը «Մեկնելու հիշողություն» (1987) վեպն է: 73-ամյա գրողը հրապարակել է 9 գիրք, որոնցից ամենահայտնիներն են «Դրախտը» (1994) եւ «Ծովի մոտ» (2001) վեպերը, որոնք Բուքերյան մրցանակի ցանկում են։ Նրա գրչին են պատկանում ժամանակակից հետգաղութային գրողների մասին մի շարք ուսումնասիրություններ:
Աբդուլռազաք Գուրնան Աֆրիկայում ծնված արդեն չորրորդ գրողն է, որ արժանանում է հեղինակավոր Նոբելյան մրցանակի։