Ֆրանսիական Le Monde պարբերականը հարցախույզ է արել Բաքվում՝ փորձելով պարզել ռուսական խաղաղապահ ներկայության մասին ադրբեջանցիների վերաբերմունքը։
Le Monde-ի՝ լուռ մեծամասնության տրամադրությունները հակառուսական են։ «Եթե ռուսները չխառնվեին, Հայաստանն արդեն չէր լինի»,-համոզված է տուրիստական գործակալության բաքվեցի աշխատակից Իլհար Մամեդովը: Նա պնդում է, որ «ռուսական բանակը հանցակից է Խոջալուի ջարդերին (նույնքան վստահորեն պնդելով, թե 1992-ին այնտեղ ավելի քան 600 ադրբեջանցի է զոհվել): «Պուտինը հայերին զենք է նվիրում, որովհետեւ հայերը փող չունեն, իսկ մեզ [այդ զենքը] շատ բարձր գնով է վաճառում: Ռուսները միշտ էլ նախապատվությունը տվել են հայերին, նրանց լարել են թուրքերի ու մեր դեմ»:
Անգամ խաղաղապահ առաքելությամբ ռուսական ռազմական ներկայությունն անհանգստացնում է ժամանակակից արվեստի կենտրոնի տնօրեն Քոնուլ Ռաֆիեւին. «Ես անհանգիստ եմ ու չգիտեմ՝ հետո ինչ է լինելու: Երբ ռուսները մի տեղ ոտք են դնում, հետո նրանց շատ դժվար է լինում ստիպել, որ հեռանան»: Ակնարկը վերաբերվում է առ այսօր Մերձդնեստրում (Մոլդովա) եւ Հարավային Օսիայում (Վրաստան) ներկա ռուսական խաղաղապահ ուժերին:
Լեռնային Ղարաբաղում ծնված երիտասարդ Սադիկ Ֆետուլան ափսոսում է, որ «բանակն ամբողջ Ղարաբաղը չգրավեց ու բոլոր հայերին դուրս չվռնդեց»: Ամեն դեպքում, «Ռուսաստանը կայսրություն է ու ոչ ոք ի վիճակի չէ նրանց դեմ ինչ-որ բան ձեռնարկել: Ռուսաստանը միշտ էլ բոլորից ուժեղ է եղել»:
Քաղաքագետ Քաֆուս Աբուշովը համամիտ է այդ տեսակետին. «Ռուսաստանը անկանխատեսելի է ու իր անօրինակ հզորության շնորհիվ տարածաշրջանում կարող է անել՝ ինչ խելքին փչի, ուստի լիակատար վերահսկողություն է սահմանել նրա նկատմամբ: Ռուսական զորքերը հեռացել են 1992-ին, բայց Ռուսաստանն իրականում տարածաշրջանից չի հեռացել»: Աբուշովի պնդմամբ, երբ 1991-ին Բաքուն մերձեցավ Արեւմուտքի ու Թուրքիայի հետ, այդ հանգամանքը ստիպեց, որ Մոսկվան էլ մերձենա Երեւանի հետ: Ընդսմին, ինչ վերաբերում է Ադրբեջանին, «թեեւ երիտասարդությունն ավելի ու ավելի քիչ է խոսում ռուսերեն, եւ գերադասում է ուսում ստանալ Ստամբուլում, այդուհանդերձ ռուսական ազդեցությունը բավական ուժեղ է քաղաքական ու տնտեսական վերնախավի շրջանում»:
Փորձագետը հիշեցնում է, որ ռուս խաղաղապահների մասնակցությունը քննարկվում է 1994-ից ի վեր, երբ ավարտվել էր առաջին պատերազմը: Ադրբեջանը 20 տարի շարունակ հանդես էր գալիս դրա դեմ: «Հակամարտության ժամանակ խառնակազմ խաղաղապահ ուժերի հույս կար. 50% ռուսներ, 50% թուրքեր,- հավելում է նա:- Ադրբեջանում հիասթափվեցին Արեւմտյան գործընկերներից, նրանց, (հատկապես Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի) իմիջը, զգալիորեն անկում ապրեց՝ միակողմանիորեն Հայաստանին աջակցություն արտահայտելու պատճառով»:
Ադրբեջանցի քաղաքագետը մտածում է, որ Վլադիմիր Պուտինն, ամենայն հավանականությամբ, խորամանկ հնարքի դիմեց, ինչով վերջին պահին խառնեց բոլոր խաղաքարտերը: «Նախագահ Ալիեւը համաձայնեց, քանի որ նոյեմբերի 9-ին խոցված ուղղաթիռի պատճառով այլ տարբերակ չուներ: Ինձ թվում է՝ դա դիտավորյալ արվեց, հարյուր տոկոսով վստահ չեմ, բայց, ըստ իս, այդ միջադեպը սարքվեց՝ ռուսական ռազմական ներկայությունն արդարցնելու նպատակով: Եվ ես չեմ բացառում, որ դա կայունացուցնող դեր կխաղա»,-համարում է քաղաքագետը:
Հակառակ բարկությանն ու տագնապին, ադրբեջանցիները ստիպված են հաշտվել կատարված իրողության հետ. Ռուսաստանը վերադարձել է: