Պատերազմին առնչվող խնդիրները բազմաթիվ են։ Եթե փորձենք դասակարգել, ապա մոտավորապես հետեւյալ ցանկը կստանանք․
բ) կանոնավոր բանակի փոխակերպումը ֆիդայական խառնիխուռն եւ տարերային խմբակների,
գ) ռեսուրսների սխալ կառավարումն ու սպառազինության աննպատակ եւ անհետեւողական կիրառումը,
դ) զորքերի բարոյահոգեբանական ցածր վիճակն ու բարոյալքումը, ինչը բազմաթիվ անիմաստ զոհերի եւ դասալքության պատճառ դարձավ։
Բոլոր այս կետերը երկրորդական են դառնում մի շատ կարեւոր հանգամանքի հետ համեմատած․ արդյոք Հայաստանն ու Արցախը ընդհանրապես որեւէ կերպ պատրաստվե՞լ էին պատերազմին, ինչ-որ կազմակերպչական գործողություններ իրականացրե՞լ էին։
Հարցն այս անպատասխան է։ Վերեւում թվարկված ցանկն իհարկե կարելի է դեռ երկար շարունակել, բայց, կարծում եմ, եղածն էլ բավական է ռազմաճակատի քաոսային իրավիճակի մասին պատկերացում կազմելու համար։ Ընթերցողների մոտ վստահաբար տրամաբանական հարց կառաջանա, իսկ ինչո՞ւ էր ռազմաճակատը դարձել անկառավարելի եւ անվերահսկելի։
Այս հարցի պատասխանը գտնելու համար անհրաժեշտ է դուրս գալ ինձ համար մի փոքր անսովոր ռազմական թեմաների քննարկումից եւ տեղափոխվել շատ ավելի հոգեհարազատ քաղաքական տիրույթ, քանի որ մեր կամքից անկախ աղետի հետքերը տանում են ռազմաճակատից 400 կմ հեռու՝ Երեւան։
Պատերազմից հետո Հայաստանի վարչապետը մեծ պարտությունը փոքր կտորների բաժանեց եւ նվիրեց բոլորին։ Մեծահոգաբար նույնիսկ փշրանքներն էլ իրեն չպահեց, որ բոլորը պարտվեն, իսկ ինքը հաղթի։ Բանից պարզվեց, որ մենք բանակ չենք ունեցել, այն թալանված էր եւ անմարտունակ։
Իհարկե, 1992-ին ստեղծված բանակը բազմաթիվ խնդիրներ ուներ, ողողված էր անհաշվելի արատավոր դրսեւորումներով՝ կոռուպցիայից մինչեւ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։ Բայց այս ամենից անդին այն կենսունակ էր եւ ի զորու էր մարտական խնդիրներ լուծել։ Առնվազն այն խնդիրը, որի մասին մենք վերեւում խոսեցինք․ պարտվել՝ հակառակորդին արնաքամ անելով։
2020 թվականի հուլիսին, երբ Տավուշում դիրքային մարտեր էին ընթանում, ընդդիմությունը քաղաքական պայքարի համատեքստում փորձում էր թվացյալ հաջողությունները վերագրել միայն բանակին, իբրեւ թե՝ օրվա քաղաքական իշխանությունը կապ չուներ դրա հետ։ Ի պատասխան դրա՝ ես մի հոդված գրեցի՝ փորձելով բացատրել չափազանց պարզունակ մի ճշմարտություն։ Նույնիսկ աշխարհի ամենազորեղ բանակները չեն կարող արդյունավետ գործել առանց քաղաքական իշխանության, այլ խոսքով՝ երբ բացակայում է պետական քաղաքականությունը, նույնիսկ ամենակազմակերպված զորքը փոխակերպվում է անգլուխ հրեշի։
Ի դեպ, գրեթե նույն միտքն այն ժամանակ արտաբերել է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, թե մարտական գործողությունները համակարգվում են անմիջապես գլխավոր հրամանատարի՝ վարչապետ Փաշինյանի կողմից։
Ճիշտ է, հետո պարզվեց, որ Տավուշյան մարտեր հորջորջվող այդ օպերացիան իրականում արկածախնդրություն էր, բայց միեւնույնն է, մատնանշված ճշմարտությունը որեւէ կերպ չի չեղարկվում։
Դա օրինաչափություն է բոլոր երկրների համար, եւ պատահական չէ, որ ռազմական հաջողություններն առաջին հերթին վերագրվում են պետությունների քաղաքական ղեկավարներին, իսկ հետո՝ գեներալներին, սպաներին եւ զինվորներին։ Երեւի թե աշխարհի երեսին մի անգամ է բացառություն եղել, այն էլ Հայաստանում, երբ հայոց պատմության վերջին 600 տարիների ամենախոշոր ռազմաքաղաքական նվաճումը՝ 1992-1994 թվականների հաղթանակը, վերագրվեց մորուքավոր ֆիդայուն եւ հայու հավաքական ոգուն, բայց ոչ երբեք դրա իրական ճարտարապետներին։
Մի կողմ թողնենք մանրամասները եւ վերահաստատենք պարզունակ ճշմարտությունը՝ առանց քաղաքական իշխանության բանակ չի կարող լինել։ Փորձենք էլ ավելի բացել փակագծերը․ բանակի հրամանատարությունը պետք է գործի քաղաքական մշտական ճնշման պայմաններում, քանի որ ինչպես պատմության փորձն է ցույց տալիս, գեներալները, որպես կանոն, չափազանց վտանգավոր կաստայի ներկայացուցիչներ են եւ կարող են պետությանը փաստի առաջ կանգնեցնել։
Մարդկային պարզ ընկալումներում պատերազմը զգացմունքային եւ դրամատիկ գործողություն է, որտեղ խաչակիր ասպետները սխրանքներ են գործում հանուն սրբազան գաղափարների։ Ռազմաճակատից հեռու մարդիկ իրենց կամքից անկախ, ենթագիտակցորեն կռիվը զգում են սերվանտեսյան ոգով եւ Լեպանտոյի ծովամարտի ճոխ նկարագրություններով։
Բայց իրականում պատերազմը գիտություն է՝ մաթեմատիկական ճշգրտությամբ եւ չոր մտածողությամբ։ Ցավոք, Հայաստանի վարչապետն ամբողջությամբ այլ պատկերացումներ ուներ պատերազմի եւ ընդհանրապես պետության վերաբերյալ։ Փաստացի դիվանագիտական բանակցությունները թերթում տպված անանուն կոմպրոմատների, իսկ ռազմական գործողությունները հանրահավաքային ռեժիմի հետ շփոթած այդ մարդը այդպես էլ չընկալեց, թե ինչ է պետությունը։
Ասվածից հետեւում է, որ 2018-ից ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգը խափանված եւ խցանված վիճակում է եղել։ Այնպես չէ, որ մինչեւ հեղափոխությունը Հայաստանը արդյունավետ կառավարվող կենսունակ պետություն էր։ Իհարկե ո՛չ։ Բայց այնուամենայնիվ, ինչ-որ համակարգեր եւ խաղի կանոններ գոյություն ունեին, որոնց հիմքի վրա կառուցարկվում էր պետական կյանքը։ Ավտորիտար, թե կոռումպացված, կլանային, թե օլիգարխիկ, միեւնույնն է, պետությունը կար, գործում էր եւ կոնկրետ հարցեր էր լուծում։
Իսկ ի՞նչ արեցինք մենք՝ հեղափոխականներս։ Վայրենի հորդաների պես ներխուժեցինք պետական համակարգ եւ արդեն իսկ եղածը բարեփոխելու, արդիականացնելու փոխարեն դա էլ կազմաքանդեցինք ու հողին հավասարեցրինք։ Ու այնպիսի մեծամիտ տգիտությամբ եւ ինքնավստահ տկարությամբ արեցինք դա, որ, կարծես, մերը չէր, օտարինն էր կամ էլ Սերժ Սարգսյանի սեփականությունն էր։
2018-ից սկսած՝ պետությունը չի կառավարվել, ինչը ճիշտ ժամանակին ընկալվել եւ վերլուծվել է նաեւ Ադրբեջանի կողմից։ Նույնիսկ օդում խեղդամահ եղած բադը կարող էր հասկանալ, որ պարզունակ կառավարչական հարցերում անկարող իշխանությունը բնականաբար ձախողելու է նաեւ ռազմական գործողությունների կառավարումը։ Փաստացի Ադրբեջանի հաշվարկները ճիշտ էին, եւ պատերազմը չկանխելուց զատ ՀՀ իշխանությունների ամենամեծ հանցագործությունը հենց սա էր՝ ռազմաճակատի կառավարման անկարողությունը։
Իրավիճակի առաջնային պատասխանատուներն են վարչապետը, կառավարության ողջ կազմը, պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը, մարզպետարաններն ու ՏԻՄ-երը։ Այս ամենի վերաբերյալ թերեւս ամենաճշգրիտ գնահատականը հարցազրույցներից մեկում տվել է ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, թե իշխանությունը ձախողել է պետությունը պատերազմական ռելսերի վրա դնելու գործը։
Այսինքն՝ փաստացի Հայաստանը պատերազմի մեջ է գտնվել, բայց իր ներքին կյանքը չի համապատասխանեցրել այդ նոր պայմաններին եւ կարգավիճակին։ Իսկ սա հանգեցրել է համընդհանուր մոբիլիզացիայի թերի իրականացմանը կամ էլ ընդհանրապես ձախողմանը, ռեսուրսների ոչ արդյունավետ տնօրինմանը, զորքերում կարգ ու կանոնի բացակայությանը եւ այսպես շարունակ։
Այլ խոսքով՝ շունը տիրոջը չի ճանաչել, եւ համընդհանուր խառնաշփոթում տիրապետող են եղել ինքնագործունեությունը, անիրագործելի հրամանները, հրամանների անհետեւողական կատարումը եւ այսպես շարունակ։
Հետեւությունները թողնում եմ ընթերցողներին․ մի՞թե այսպիսի պատրաստվածությամբ եւ որակներով պետությունը կարող էր արժանի դիմադրություն ցույց տալ թուրք-ադրբեջանական ռազմական զորեղ մեքենային։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։