ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսման անխուսափելիության մասին։
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ բանակցություններն անհրաժեշտ է շարունակել, քանի որ այս գործընթացը չի կարող անվերջ ձգձգվել: Նա հավելել է, որ պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է խնդրի դիվանագիտական լուծմանը:
Նեդ Փրայսը շեշտել է, որ Թեհրանը եւս վերջերս հայտարարել էր, որ «մոտ ժամանակներս» կվերադառնա բանակցությունների սեղանին:
Խոսնակը նշել է, որ Պետդեպարտամենտում հուսով են, թե իրանական կողմի «մոտ ժամանակներս» սահմանումը կհամապատասխանի ամերիկյան կողմի «մոտ ժամանակի» ընկալմանը: Ըստ Փրայսի՝ ցանկալի է, որ Վիեննայում բանակցությունները վերսկսվեն օր առաջ:
2021-ի գարնանը Վիեննայում վերսկսվել են 2015 -ին Իրանի եւ գերտերությունների միջեւ կնքված միջուկային համաձայնագիրը վերականգնելու հարցով բանակցությունները: Միացյալ Նահանգները՝ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, 2018-ին միակողմանիորեն դուրս էր եկել գործընթացից՝ վերականգնելով Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները։
Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին ավելի վաղ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսելու բանակցությունները, միայն դա չպետք է լինի արեւմտյան երկրների «ճնշման» ներքո։