Ըստ Pediatrics հանդեսի՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի պատճառով ավելի քան 140 հազար երեխա նախորդ տարվա ապրիլից մինչեւ 2021-ի հունիսն ընկած ժամանակահատվածում կորցրել է ծնողին կամ խնամակալին:
Ընդ որում, ըստ Pediatrics հանդեսի, ռասայական եւ էթնիկ փոքրամասնությունների երեխաների շրջանում ծնողի (կամ խնամակալի) մահվան հետ բախվելու ռիսկը 1,1-4,5 անգամ ավելի մեծ է, քան սպիտակամորթ ամերիկացիների ընտանիքներում:
Թեեւ ռասայական եւ էթնիկ փոքրամասնությունները կազմում են ԱՄՆ բնակչության 39 տոկոսը, հետազոտության արդյունքներով ծնողից կամ խնամակալից զրկված երեխաների միայն 35 տոկոսն են սպիտակամորթ ամերիկացիներ, մինչդեռ նրանց մոտ 65 տոկոսը լատինամերիկացի է, աֆրոամերիկացի, ասիացի, հնդկացի եւ Ալյասկայի բնիկ:
Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների (CDC), Լոնդոնի կայսերական քոլեջի, Հարվարդի, Օքսֆորդի եւ Քեյփթաունի համալսարանների համագործակցության շնորհիվ:
Հեղինակներն օգտագործել են բնակչության մահացության, ծնելիության եւ մարդահամարի տվյալները՝ կորոնավիրուսի հետեւանքով որբության աստիճանը գնահատելու համար: