«Digitain-ը որտե՞ղ ա», «Ես Ամերիան եմ փնտրում», «Ուզում եմ սիվիս Արդշինին տամ»․ այսպիսի նախադասություններ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում շատ կարելի էր լսել։ «Armenian wine», «Ucom», «Digitain», «Դասավանդի՛ր, Հայաստան»… Ավելի քան 50 գործատուներ հավաքվել էին այնտեղ՝ աշխատանքի տոնավաճառում ՀՊՏՀ ուսանողներին եւ ոչ միայն նրանց առաջարկելու իրենց թափուր հաստիքները։
Գործատուների շարքում էին գերատեսչություններ, բանկեր եւ ընկերություններ։ Տոնավաճառը կազմակերպել էին ՀՊՏՀ-ն, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը։
ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Տաթեւիկ Վարդանյանն ասում է՝ չնայած թվային դարաշրջանում ենք ապրում, եւ հայտարարությունները ցանցերում արագ տարածվում են, դեմառդեմ շփումն առավել արդյունավետ է։ «2019 թվականին էլ էինք կազմակերպել, ու քանի որ բավականին լավ անցավ, այս տարի էլ որոշեցինք անցկացնել»։
Տարբեր ընկերությունների ներկայացուցիչների կարծիքով՝ լավ է, որ թափուր աշխատատեղերը ներկայացնելու, տեղում քննարկելու եւ աշխատանք փնտրողների հարցերին պատասխանելու այսպիսի առիթ կա։
«Այսօրը բավականին խորհրդանշական է․ երեկ նշվում էր արժանապատիվ աշխատանքի միջազգային օրը։ Տոնավաճառը պետք է որ մեծապես նպաստի մարդկանց՝ աշխատանքի փնտրտուքին։ Ես կարեւորում եմ այսպիսի միջոցառումների անցկացումը ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում։ Տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցելով՝ այս ուղղությամբ եւս քայլեր ենք ձեռնարկում»,- ասում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Այս նախարարությունը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ու էկոնոմիկայի նախարարությունների հետ համատեղ աշխատանքային խումբ է ձեւավորել, որը պետք է ուսումնասիրի աշխատաշուկայի պահանջները։ Դրանից հետո էլ հստակ պատվեր կտրվի ակադեմիական ոլորտին՝ որոշակի մասնագետներ պատրաստելու համար։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի կարծիքով այսպիսի հանդիպումները խթան կարող են դառնալ ուսանողների համար՝ ավելի զարգացնելու իրենց գիտելիքը եւ լրացնելու բացերը, քանի որ տեղում կարող են խոսել գործատուի հետ ու հասկանալ, թե ինչ պահանջներ են ներկայացվում աշխատողին։
«Կարծում եմ՝ այս միջոցառումը պետք է ավելի ընդլայնել։ Պետք է տաղավարներ ունենալ տարբեր համալսարաններում, ներկայացնել տարբեր ոլորտներ ու տարբեր մասնագիտություններ, որ ավելի շատ ուսանողներ կարողանան իրենց ուզած աշխատանքը գտնել»,- ասում է Կարեն Թռչունյանը։
ՀՊՏՀ-ի ու Միջազգային հանրապետական հաստատության (International republican institute) նախաձեռնությամբ կազմակերպվել էր նաեւ հանդիպում-քննարկում աշխատանքային օրենսգրքի, աշխատանքային իրավունքների ու պարտականությունների, կամավորության թեմաներով։ Եղան նաեւ ինքնակենսագրություն կազմելու, աշխատանքային հարցազրույցին ներկայանալու վարպետության դասեր։