Ավստրիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Հունաստանի, Հունգարիայի, Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի ներքին գործերի նախարարները հատուկ առաջարկներով ուղերձ են հղել Եվրահանձնաժողովին:
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը Բրյուսելում հայտնել է, որ սահմանների մասին Շենգենյան օրենսգրքում փոփոխություններ մտցնելու եւ Միության արտաքին սահմաններին ֆիզիկական արգելապատնեշներ տեղակայել թույլատրելու խնդրանքով Եվրահանձնաժողովը նամակ է ստացել Եվրամիության անդամ 12 երկրների ներքին գործերի նախարարությունների ղեկավարներից:
Պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Շենգենյան օրենսգիրքը ֆիզիկական արգելապատնեշի առկայություն չի նախատեսում, միեւնույն ժամանակ արգելապատնեշի կառուցումը սահմանի պաշտպանության արդյունավետ միջոց է, որը ծառայում է ամբողջ Եվրամիության շահերին: Էրիկ Մամերը խոստացել է, որ Եվրահանձնաժողովն անպայման կպատասխանի ՆԳ նախարարների նամակին:
Ըստ նամակի հեղինակների՝ արգելապատնեշի կառուցումն արդարացված միջոց է եւ առաջնահերթության կարգով լրացուցիչ համապատասխան ֆինանսավորում պետք է ստանա Եվրամիության բյուջեից:
Ներքին գործերի նախարարները հավելել են, որ ոչ մի երրորդ երկրի հնարավորություն չպետք է ընձեռվի ապաստանի տրամադրման եվրոպական համակարգը օգտագործելու՝ Եվրամիության անդամ պետությունների վրա քաղաքական ճնշում գործադրելու եւ վերջիններիս շանտաժի ենթարկելու համար: