Հոկտեմբերի 5-ին Երեւանում տեղի ունեցավ հանդիպում «Ինչու Վրաստանը հաջողեց» («Почему у Грузии получилось») գրքի հեղինակ, տնտեսագետ Լարիսա Բուրակովայի հետ։ Հեղինակը ներկայացրեց 2003 թվականի Վրաստանի «Վարդերի հեղափոխությանը» հաջորդած բարեփոխումների իր վերլուծությունը։
Բուրակովան աշխատել է Տնտեսական վերլուծության ինստիտուտում (Մոսկվա), ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովում՝ որպես խորհրդական, «The Economist» ամսագրում։
Միջոցառման նախաձեռնությունը «Գագարին» նախագծինն էր․ նախագիծ, որը հիմնադրի խոսքով, կարեւորում է երազող մարդկանց գոյությունն ու փորձում նրանց երազանքներն իրականություն դարձնելու ուղիներ գտնել։
Լարիսա Բուրակովան ներկայացրեց գիրքը գրելու նախապատմությունն ու նրա հետագա ճակատագիրը։ Հեղինակը մի շարք խորքային հարցազրույցներ է անցկացրել Վրաստանում բարեփոխումների հեղինակների ու իրագործողների հետ, որի արդյունքում գրվել է աշխատությունը։ Գիրքն արդեն թարգմանվել է մի շարք՝ մեծ մասամբ հետխորհրդային երկրների պաշտոնական լեզուներով։ Սա, հեղինակի կարծիքով, խոսում է այն մասին, որ գիրքն ու նրանում քննարկված թեման դեռեւս արդիական են ու հետաքրքիր նաեւ այլ երկրների համար։
Բուրակովան իր հետազոտության արդյունքում Վրաստանի «ստացված» բարեփոխումների ուղղությունները բաժանել է երեք հիմնական խմբերի։ Առաջին ու կարեւոր գործողությունների համախումբը վերաբերում է «դեբյուրոկրատիզացիային»։ Պետություն-քաղաքացի հարաբերությունները պարզեցվել էին մինչեւ անհավանական չափերի։ Ամբողջական կանոնագրքեր ու ընթացակարգեր պարզապես չեղյալ էին հայտարարվել ու որեւէ տեսակի տնտեսական, իրավական գործունեությունը դարձրել հեշտիրագործելի։ Կրճատվում էին ոչ միայն պահանջվող փաստաթղթերի ցանկերը, այլեւ ամբողջական գերատեսչությունները․ սկզբունքը հետեւյալն էր՝ եթե որեւէ ինստիտուտ լավ չի աշխատում, ավելի լավ է այն առհասարակ չունենալ։
Այս ուղղության ամենից խոսուն գործողությունը ոստիկանության բարեփոխումն էր․ հաշված օրերի ընթացքում ոստիկանության մի քանի հազար աշխատակիցներ պարզապես ազատվեցին աշխատանքից, ու նոր համակարգը ստեղծվեց զրոյից։ Արդյունքում ոստիկանության 2003 թվականին ունեցած 5 տոկոս հասարակական վստահությունը 2011-ին արդեն հասել էր 90 տոկոսի։
Պետական ապարատի ու պետական փաստաթղթերի կրճատման արդյունքում երկրում շեշտակի կրճատվում է նաեւ կոռուպցիան, եւ 2010-ին Վրաստանը դառնում է կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային առաջատար։
Բարեփոխումների երկրորդ ուղղությունը «սեփականաշնորհումն» է։ Ըստ Լարիսա Բուրակովայի՝ վրաստանյան բարեփոխումների կարեւոր հիմնասյուն էր սեփականաշնորհման համընդգրկուն գործընթացը, որը ներառում էր նաեւ ռազմավարական համարվող ենթակառուցվածքները։ Այստեղ բանախոսը խոսուն մեջբերում արեց Կախա Բենդուկիձեից՝ «Վաճառվում է ամեն ինչ՝ խղճից բացի»։
Բուրակովան շեշտեց, որ հանգամանքը մի շարք մտահոգություններով էր զուգորդվում, բայց ռուս-վրացական պատերազմի ժամանակ այդպես էլ ոչ մի ժամով Վրաստանը չզրկվեց հոսանքից, թեեւ Վրաստանի էլեկտրացանցը սեփականաշնորհվել ու վաճառվել էր ռուսական ընկերությանը։ Այս օրինակով հեղինակն ուզում էր ընդգծել, որ անգամ ռազմավարական օբյեկտների սեփականաշնորհումը դրական քայլ է, քանի որ նույնիսկ ճգնաժամային իրավիճակներում բիզնեսը հաճախ շարժվում է իր եւ ոչ թե պետական շահերով, հետեւաբար դրան առնչվող ռիսկերը մասամբ ուռճացված են։
Վրաստանյան բարեփոխումների երրորդ ուղղությունը «ազատականացումն» է։ Այս գործընթացի կարեւորության ամենից խոսուն նկարագիրը նույնպես մեջբերում էր Կախա Բենդուկիձեից՝ «Կարեւորը, որ լինի մարդ, որը հասկանում է՝ ինչ է ազատությունը»։ Գրքի հեղինակը, սակայն, հավելեց, որ նույն Բենդուկիձեի օրինակը ցույց է տալիս, որ կարեւոր է ոչ թե ազատությունը գնահատող մեկ մարդու, այլ առնվազն մի խումբ մարդկանց գոյությունը։ Այստեղ անդրադարձ եղավ այն հանգամանքին, որ վրաստանյան բարեփոխումների համատեքստում կարեւոր քայլեր էին ձեռնարկվել երկրից գնացած ու այլ երկրներում կրթություն ստացած, այնտեղ աշխատող պրոֆեսիոնալներին ու հաջողակ բիզնեսմեններին երկիր հրավիրելու ուղղությամբ։
Հեղինակի բանախոսությանը հաջորդեց քննարկումը, որ վարում էր Tumanyan.Online հայոց լեզվի դպրոցի հիմնադիր, բլոգեր Հայկ Հովակիմյանը, հարցեր հնչեցին նաեւ ներկաներից։ Հարցերը հիմնականում վերաբերում էին բարեփոխումների վրա ֆինանսական հոսքերի ազդեցությանը, ինչպես նաեւ այս ամենի հետևանքով, այնուամենայնիվ, իշխանությունը կորցնելուն ու դրա խորքային պատճառներին։ Լսարանը զերծ չմնաց նաեւ Հայաստանի հետ համեմատություններից։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։