Մամուլը ծանուցում է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի մինչեւ նոյեմբերի 11-ը ծրագրած միջոցառումների մասին՝ պատերազմի պատճառների, արտաքին մեկուսացման, աշխարհաքաղաքական նոր միջավայրի ու մարտահրավերների, քննիչ հանձնաժողովի անհրաժեշտության հարցերով խորհրդաժողովներ, տեղահանվածների խնդիրներով կլոր սեղան, վերջում՝ հանրահավաք կամ զանգվածային բնույթի այլ միջոցառում, գուցե դեպի Եռաբլուր եւս մեկ ջահերթ: Կամ ազգային-ազատագրական կռիվների հարյուրչգիտեմքանիամյա հերոսների հիշատակի ոգեկոչում:
Սա քաղաքական ընդդիմությա՞ն օրակարգ է: Այդ կարգի միջոցառումներ կարող է նախաձեռնել, կազմակերպել եւ անցկացնել նաեւ, օրինակ՝ «Հադրութի դեօկուպացիա» կամ «Հանուն Հադրութի» ՀԿ-ն: (Ի դեպ, ինչո՞ւ չի ստեղծվել «Հանուն Շուշիի» կամ «Շուշիի դեօկուպացիա» հասարակական կազմակերպություն, կամ Ասկերանի օկուպացված գյուղերի, Թալիշի, Մատաղիսի խնդիրն ո՞վ է բարձրացնելու: Բայց սա բոլորովին այլ թեմա է):
Իշխանափոխության, իշխանության վերադառնալու ձգտող ուժը, անկախ նրանից՝ միայնա՞կ է գործում, թե՞ դաշինքով, գիտա-հանրամատչելի քննարկումների ակումբ կամ հետաքննիչ մարմին չպետք է լինի, պարտավոր է ներկայացնել լայն օրակարգ:
Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Սպիտակ թուղթ» խորագրով փաստաթղթի շնորհանդեսը: Նախօրեին դիտում էի մեր հեղինակավոր լրագրողներից մեկի հարցազրույցը «Սպիտակ թղթի» համահեղինակներից Ժիրայր Լիպարիտյանի հետ եւ դառնությամբ արձանագրում, որ մենք շարունակում ենք մնալ… խոր անցյալում: Որովհետեւ լրագրողը նախկին դիվանագետին սեղմել էր պատին՝ հիշեցնելով, թե Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս է մնացել դեռեւս 1996-ին, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսվել են նախագահների գլխավոր խորհրդականների մակարդակով քննարկումներ:
Ժիրայր Լիպարիտյանին մնում էր հակադարձել, որ եթե այդպես էր, եւ Ստեփանակերտը մտահոգություններ ուներ, ապա ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը գեթ մեկ անգամ չառարկեցին, վերապահումներ չարեցին: Ահա այսպես, Հայաստանի առաջին նախագահի գլխավոր խորհրդականը նախաձեռնում է լրջագույն դիսկուրս, սեղանին դնում վերլուծություն, առաջարկությունների փաթեթ, իսկ օրվա իշխանությունը՝ տեսք ընդունում, թե չի նկատում, չկա «Սպիտակ թուղթ»:
Նույնը՝ ընդդիմության պարագայում: Ինչո՞ւ: Որովհետեւ այդպես եղել է ի սկզբանե: Երեւանում եւ Ստեփանակերտում փորձագիտական հայացքը միշտ է անտեսվել: Իրենք իշխանություն են, տիրապետում են բոլոր մանրամասնություններին եւ առաջ են տանում միակ օպտիմալ գիծը: Իրենք ընդդիմություն են, գիտեն, համոզված են, որ դա «կործանարար ճանապարհ է»:
Ոչ ոք երբեք սեղանին այլընտրանք չի դրել: Ոչ փուլային կարգավորման տարբերակը մերժողներն են իրենց «փաթեթայինը» հրապարակայնացրել, ոչ էլ «նախագա՛հ, մի՛ զիջիր» գոռացողներն են հոդաբաշխ լեզվով հիմնավորել, թե որն է հայ-թուրքական արձանագրությունները մերժելու հիմնավորումը: Միայն մերժել են: Ինչպես այսօր, երբ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստիպված է խոստովանել, թե չգիտի ինչ պիտի կամ կարելի է անել:
Այսպես միայն Հայաստանում է հնարավոր՝ չիմանալ անելիքը, բայց դնել գործող իշխանությանը փողոցային պայքարով հեռացնելու եւ Բաղրամյան 26 վերադառնալու նպատակ: Իսկ ժողովո՞ւրդը, Հայաստանի քաղաքացի՞ն… Նա ինչո՞ւ պիտի սատարի, անձրեւի ու ձյան տակ դուրս գա փողոց եւ «Նի-կո՜լ, հեռա-ցի՛ր» վանկարկի, եթե ականջի ծայրով անգամ չի լսում, թե դրանից հետո ինչ է լինելու: Համավարակը կտրուկ նահանջելո՞ւ է, գներն իջնելո՞ւ են, կենտրոնացված ջեռուցումը վերականգնվելո՞ւ է: Արմավիրցի մենատնտեսն իր խաղողը երաշխավորված գնով «բիրիք» հանձնելո՞ւ է պարտաճանաչ մթերողին: Իրան-Հայաստան երկաթուղի՞ է կառուցվելու: Թե՞ նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության պայմաններն են փոխվելու…
Ոչինչ չի առաջարկվում:
Եվ, որքան էլ պարադոքսալ հնչի, ընդդիմության «անմեղսունակությունը» հակառակ ազդեցությունն է թողնում: Այնքան, որ երկրորդ նախագահն է խոստովանում, որ մարդկանց հետ խոսելիս իրենք երեւի այն բառապաշարը չեն օգտագործում կամ պիտի ընդունեն, որ ստեղծված իրավիճակին ժողովրդի մեծամասնությունը համակերպվել է: Չէ՛, դուք պատկերացնո՞ւմ եք՝ մի ժողովուրդ, որ երեք-չորս տարի առաջ կխենթանար (այդպես էին պնդում խաղաղ-բանակցային ճանապարհով «հող հանձնելու» գաղափարին ընդդիմացողները), եթե լսեր, որ Աղդամը եւ Ֆիզուլին պետք է վերադարձնել հանուն պատերազմի բացառման, այսօր այլեւս համաձայն է ցանկացած պայմանի, միայն թե խաղաղություն լինի: Միայն թե իր զավակներն աչքի առաջ զոհվելու, գերեվարվելու վտանգից զերծ մնան: Իսկ վաղվա հույսն էլ այն է, որ շրջափակումը կհաղթահարվի, Ստամբուլի ճանապարհը կբացվի, գալ-գնալ, առնել-տալ կլինի:
Ինչպե՞ս, ի՞նչ պայմաններով՝ արդեն քչերին է հետաքրքրում: Նույնիսկ չի անհանգստացնում, որ, ախր, այդ զուտ կենցաղային «իդիլիան» էլ ոչնչով երաշխավորված չէ: Այդպես միայն սպանում են ժողովրդի ոչ միայն ներկան, այլեւ անցյալը եւ ապագան: Սպանում են նրա հավաքականությունը, ամբողջականությունը տրոհում անհատների: Իսկ անհատը կա՛մ հարմարվում է, կա՛մ «քվեարկում ճամպրուկները կապելով»:
Ոչ մի երկիր պարտությունից եւ կորուստներից երաշխավորված չէ: Եվ ապոկալիպսիսը Ջեբրայիլի անկումը չէ: Ամենեւին: Ապոկալիպսիսը Ջեբրայիլը հայրենիք դարձնելու բաղձանքի խորտակումն է: Եվ այն, որ երբ Ժիրայր Լիպարիտյանը ճշգրտորեն սահմանում է օրվա խնդիրը՝ վերականգնել Լեռնային Ղարաբաղի՝ իբրեւ վարչատարածքային եւ էթնիկ-քաղաքական միավորի միջազգային «կարգավիճակը»՝ լրագրողը շարունակում է նրան «տանջել»… Արցախով:
Ակամա հիշում ես ցեղասպանության 100-ամյակի համահայկական Հռչակագիրը, որի վտանգաշատ անհեթեթության մասին հայ իրականության մեջ միայն մի մարդ խոսեց՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բայց դա ոչ ոք չի ուզում հիշել: Պետք է լսեին եւ հասկանային, որ ամենեւին էլ պատահական չէ, որ ցեղասպանության 101-րդ տարում եղավ ապրիլյան քառօրյան: Երբ բոլորի համար, համոզված պիտի լինել, վերջնականապես պարզ դարձավ, որ Հայաստանի քաղաքական ժամանակը 1915 թվականի վրա է կանգ առել, Հայաստանի խոսքը՝ մնացել նույնը, ինչ Սեւրի ժամանակներում էր:
Մի հարցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կարծես, մտնում է հայ էթնո-քաղաքական ինքնության դաշտ՝ ընդդիմությունը պետք է գտնի իր խոսքը, բառապաշարը: Հրանտ Մաթեւոսյանն ասում էր, որ փորձում է գտնել հետխորհդային, պոստիմպերիական Հայաստանի հայոց լեզուն: Բայց Ռոբերտ Քոչարյանը Հրանտ Մաթեւոսյան կարդացե՞լ է…
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։