Ընթացիկ շաբաթը նշանավորվեց մի շարք իրադարձություններով, այդ թվում՝ Հռոմում անցկացված միջազգային մի համաժողովով, որ կրում էր «Մարդիկ որպես եղբայրներ եւ երկրի ապագան. կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագիրը:
Համաժողովին մասնակցում էին կրոնական առաջնորդներ, այդ թվում՝ Ամենայն հայոց կաթողիկոսը, Պոլսո հայոց պատրիարքը, հայկական թեմերի առաջնորդներ, հայ եկեղեցական եւ աշխարհիկ նշանավոր գործիչներ: Հայկական պատվիրակության կազմում Հռոմ էր ժամանել նաեւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Համաժողովի նախընթաց օրերը համընկել էին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա կատարած պետական այցին, եւ նախագահը համաժողովից առաջ Հռոմում հանդիպել է հայկական պատվիրակության անդամների հետ: Մեր պատվիրակության կազմում են եղել նաեւ գործարարներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը:
Հռոմում հավաքված առաջնորդների, գիտնականների, հիմնադրամների նախագահների եւ այլ գործիչների թվում էին Կոստանդնուպոլսի Հունաց Տիեզերական Բարդուղիմեոս պատրիարքը, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Արաբական Միացյալ Էմիրությունների հանդուրժողության ու համակեցության նախարարը, Եվրոպայի րաբունապետների խորհրդի նախագահը, հնդիկ եւ աֆրիկացի կրոնական գործիչներ եւ հետազոտողներ, իսլամ մեծ գիտնական Ահմադ Մուհամադ ալ-Թայիբը, ամերիկացի աշխարհահռչակ տնտեսագետ Ջեֆրի Սաքսը։
Առաջ անցնելով նշենք, որ վերջինիս ելույթի հիմնական շեշտը եղել է այն, թե որպեսզի աշխարհը կարողանա հաղթել Քովիդ-19-ին, ապա Աֆրիկան պետք է ընդգկրվի G20-ում:
Նա իր այս առաջարկը հիմնավորել է տնտեսական փաստարկներով, այդ թվում՝ պատվաստանյութերը աղքատ ու հետամնաց երկրներին հասանելի դարձնելու անհրաժեշտությամբ:
Այս առումով Նուբար Աֆեյանն իր ելույթում նշել է, որ իր ղեկավարած Moderna-ն մտադիր է 2021 թվականին արտադրած մոտ մեկ միլիարդ պատվաստանյութի չափը 2022 թվականին հասցնել երեք միլիարդի եւ գործարան կառուցել Աֆրիկայում՝ այնտեղ 500 միլիոն հակաքովիդային պատվաստանյութ արտադրելու համար:
35 տարի միջազգային աղոթք
Հանուն խաղաղության եւ երկխոսության միջազգային այս հավաքը 1986 թվականից կազմակերպում է կաթոլիկ եկեղեցու հովանու ներքո գործող եւ աշխարհականներից կազմված Սանտ Էջիդիո համայնքը։ Իտալական այս կազմակերպությունը հիմնվել է 1968 թվականին՝ իբրեւ նպատակ ունենալով հակամարտությունների խաղաղ լուծման փնտրտուքն ու աղքատների խնամատարությունը։ Համայնքը խնամում է Հռոմի եւ այլ բնակավայրերի աղքատներին, իսկ 35 տարի շարունակ կազմակերպվող աղոթքի եւ երկխոսության այս համաժողովները փորձ են՝ աշխարհի ղեկավարների ուշադրությունը մեկ անգամ եւս հրավիրելու խաղաղության կարեւորության վրա: Սանտ Էջիդիոն հիմնել է իտալացի պատմաբան, քաղաքական գործիչ Անդրեա Ռիկարդին, որը 1960-ականներին՝ հիմնման ժամանակ, դեռեւս ուսանող էր: Նա թեեւ այսօր չի գլխավորում համայնքը, սակայն բոլոր համաժողովների պատվավոր հյուրն է:
Ինչպես այս տարվա, այնպես էլ նախորդ 34 տարիների բոլոր համաժողովներն անցկացվել են կաթոլիկ աշխարհի մեծագույն սրբերից մեկի՝ Ֆրանցիսկյան ուխտի միաբանության հիմնադիր Ֆրանցիսկ Ասսիզեցու (1182- 1226) բարեխոսությամբ, քանի որ 1986-ին աշխարհի բոլոր կրոնների ներկայացուցիչները Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապի հրավերով հավաքվել էին սրբի ծննդավայր իտալական Ասսիզի քաղաքում եւ, աղոթելով աշխարհի խաղաղության համար, սկիզբ դրել այս համաժողովներին:
Այս տարի Սանտ Էջիդիո համայնքի համաժողովն անցկացվեց Հռոմի «Լա Նուվոլա» համագումարների պալատում, իսկ խաղաղության աղոթքը՝ պատմական Կոլիզեումում:
Համաժողովին զուգահեռ անցկացվեցին բազմաթիվ այլ ձեռնարկներ, որոնց ընթացքում կրոնական եւ աշխարհիկ ղեկավարները պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներ ունեցան:
Հայ պատվիրակության անդամներին ընդունեցին Հռոմի պապը, Հունաց տիեզերական պատրիարքը, Սուրբ Աթոռի Արեւելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրին, Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինին, մետրոպոլիտներ եւ այլ կրոնական ու քաղաքական առաջնորդներ: Ընդունելության արժանացավ նաեւ Պոլսո հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանի ղեկավարած պատվիրակությունը. վերջինս հատուկ այցելություն տվեց Վատիկանում Թուրքիայի դեսպանին:
Համաժողովի հատուկ հյուրերից էր հայ կաթոլիկ համայնքի նորընտիր առաջնորդ Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը, որի եւ հայ կաթոլիկ եպիսկոպոսների համար Սանտ Էջիդիո համայնքը պատվո արարողություն էր կազմակերպել:
Սանտ Էջիդիո համայնքն ու հայերը
Սանտ Էջիդիո համայնքի եւ հայության հետ կապի մասին խոսվել է համաժողովի տարբեր հանդիպումների ժամանակ: Հայ հոգեւորականները հիշեցրել են, որ Սանտ Էջիդիո համայնքի խնամքին հանձնված եւ Հռոմի՝ 1000 թվականին կառուցված Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում է պահվում Վատիկանի կողմից երանելի ճանաչված միակ հայ հոգեւորականի՝ ցեղասպանության զոհ Իգնատիոս եպիսկոպոս Մալոյանի մասունքը։ Այդ եկեղեցում էր նաեւ Հռոմի պապի թեկնածու եղած հայ կարդինալ Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանյան կաթողիկոսի կարդինալական աթոռը։
Սանտ Էջիդիո համայնքի ներկա նախագահ Մարկո Իմպալիացցոյի «Մի պատուհան ջարդի վրա» գրքի շնորհիվ է նաեւ Իտալիայի հանրությունը տեղեկացվել Հայոց ցեղասպանության մասին։ Այդ գործում մեծ դեր է ունեցել Սանտ Էջիդիո համայնքի հիմնադիր Անդրեա Ռիկարդիի «Քրիստոնյաների ջարդը. մարտը, հայերը եւ աշխարհը» գիրքը, որ լույս է տեսել 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ:
Միաժամանակ կարեւորվել է Սանտ Էջիդիո համայնքի դերը՝ Վատիկանի փակ արխիվներում պահվող ու Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերը հանրայնացնելու գործում, որոնց հիման վրա տարբեր հետազոտողներ գրքեր են գրել՝ ցույց տալով համիդյան ջարդերն ու հետցեղասպանական շրջանը:
44-օրյա պատերազմը՝ հիմնական թեմա
Համաժողովի օրերին հայկական պատվիրակության հանդիպումների եւ ելույթների հիմնական թեման եղել է Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքներն ու հետպատերազմյան շրջանում Հայաստանում ու տարածաշրջանում առաջացած մարտահրավերները:
Մարդու իրավունքների պաշտպանն այս ամենից բացի Ադրբեջանում պահվող հայ գերիների խոշտանգումների եւ նրանց կյանքին սպառնացող վտանգների մասին զեկույց է փոխանցել Հռոմի պապին:
Մերձավոր Արեւելքը ներկայացնող կառույցները համաժողովի ընթացքում անդրադարձ են կատարել նաեւ Լիբանանի եւ Սիրիայի ժողովրդի, այդ թվում՝ այնտեղ ապրող հայ եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների վիճակին:
Կաթողիկոսը՝ բանախոս
Սանտ Էջիդիո համայնքի կազմակերպած համաժողովի բանախոսներից մեկը եղել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Նա իր ելույթում խոսել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասին՝ նշելով, որ պատերազմի հետեւանքով տարածաշրջանում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը տեղեկացնում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը Հռոմի պապի եւ Կոստանդնուպոլսի Հունաց տիեզերական պատրիարքի հետ նախագահել է Կոլիզեումումի էկումենիկ արարողությունը, եւ ներկաների ուշադրությունից չի վրիպել, որ նրանք հանդիսասրահ են մտել միասին, ինչն, ըստ օրաթերթի, պատմական իրողություն է հայ եկեղեցու համար: «Ժամանակ»-ը նշում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն արարողության ընթացքում Սուրբ Գրքից հայերենով է մեջբերումներ կատարել: Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահած արարողությանը ներկա է եղել նաեւ Անգելա Մերկելը:
Առանձին հանդիպումների ժամանակ կաթողիկոսը խոսել է Մերձավոր Արեւելքի երկրներում տիրող իրավիճակի մասին, տեղեկացրել, որ մերձավորարեւելյան համակարտությունների պատճառով շուրջ 15 հազար հայեր տեղահանվել եւ ապաստանել են Հայաստանում։
Աշխարհը դաս չի քաղել
Կրոնական եւ աշխարհիկ ղեկավարների համագործակցությունն ու առհասարակ կրոնի դերը բնապահպանության, համաճարակների, սովի, վատնումի, հոգեկան առողջության, հավասար զարգացման եւ մարդկությանը հուզող ներկա խնդիրները հաղթահարելու գործում նկատվել է ամենակարեւորը:
Ամփոփելով «Մարդիկ որպես եղբայրներ եւ երկրի ապագան. կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» համաժողովը՝ մասնակիցները հանգել են այն եզրակացությանը, որ աշխարհը դաս չի քաղել Երկրորդ համաշխարհային պատերազմից, եւ պատերազմներն այսօր էլ «անցյալի ուրվականներ չեն, այլ մշտական սպառնալիք»:
Ամփոփիչ ելույթում Հռոմի պապն ասել է, որ այսօր, առավել քան երբեւէ, պետք է ապառազմականացնել մարդկանց սրտերը:
«Ավելի քիչ զենք եւ ավելի շատ ուտելիք, ավելի քիչ կեղծավորություն եւ ավելի շատ թափանցիկություն, ավելի հավասար կերպով բաժանված պատվաստներ ու ավելի քիչ անխոհեմ կերպով վաճառված հրացաններ»,- իր ելույթում ասել է Հռոմի պապը: Համաժողովի ավարտին մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսի, պատերազմի, ահաբեկչության եւ բռնության զոհերի հիշատակը, այնուհետեւ հանդես եկել խաղաղության մասին հայտարարությամբ, որը կարդացել է աֆղան երիտասարդ փախստական Սաբերա Ահմադին:
Նյութի աղբյուրներ՝ «Ժամանակ» օրաթերթ, «Վատիկանյան լուրեր», «Սանտ Էջիդիո» համայնքի կայքէջ
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։