Գեղարվեստական տպագրությունը խորհրդահայ կերպարվեստում առանձնակի տեղ էր զբաղեցնում, պետությունը ձեռք էր բերում հաստոցները, նկարիչների միությունն էլ դրանք բաժանում էր արվեստագետներին: Նորանկախ Հայաստանում՝ սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, այս տեխնիկան հետընթաց ապրեց, գեղարվեստական տպագրության հանդեպ հետաքրքրությունն ու պահանջարկը նվազեցին:
Եթե նկարչին պետք են միայն կտավ ու յուղաներկ, գեղարվեստական տպագրության համար հաստոց, քիմիական նյութեր, ցինկ, փայտ, մետաղ են հարկավոր: Արվեստագետներն այլեւս չունեին պետպատվերի հնարավորություն, նկարիչների միությունը զրկված էր երբեմնի արտոնություններից: Արվեստագետը մնաց սեփական նախաձեռնության հույսին, եւ քչերը շարունակեցին ստեղծագործել:
«Ամենացավալին այն է, որ մեր անվանի վարպետները՝ Սարյան, Խանջյան, Կոջոյան, Քոչար եւ այլք, ժամանակին գեղարվեստական տպագրության փառահեղ աշխատանքներ են ստեղծել, եւ այդ դպրոցն ունենալով՝ Հայաստանը հետամուտ չեղավ այս ուղղության զարգացմանն ու պահպանմանը»,- ասում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ եւ Երեւանյան գեղարվեստական տպագրության բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը: Ով ինչպես կարող էր, փորձեց աշխատել: Այսօր Երեւանում կան բազմաթիվ արվեստագետներ, որոնց պատշգամբում հաստոցն ուղղակի դրված է: Կա՛մ ձեռք են բերել, կա՛մ ստացել են ժառանգություն իրենց պապերից, հայրերից ու չգիտեն ինչ անել դրանց հետ»:
Երրորդ բիենալեի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 8-ին
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը շուրջ 10 տարի առաջ որոշեց պայմաններ ստեղծել գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող հայ արվեստագետների համար: 2013 թվականին «Հայաստան–Էստոնիա մշակութային առաքելություն» ծրագրի շրջանակում Էստոնիայի գրաֆիկների գեղարվեստական տպագրության մասնագիտացված արվեստանոցներում հայ նկարիչները մասնակցեցին վարպետության դասերի, բացվեց նրանց աշխատանքների ցուցադրությունը:
Իսկ 2015 թվականից գերմանական Հալլե, Ֆրայբուրգ եւ շվեյցարական Բազել քաղաքներ շարունակաբար գործուղվել են հայ արվեստագետներ՝ այնտեղ որոշ ժամանակ մնալու ու ստեղծագործելու նպատակով:
Հաշվի առնելով վերջին տարիներին այս ոլորտում գործող հայ արվեստագետների նվաճումներն ու ներուժը, ինչպես նաեւ ամփոփելով ձեռնարկված քայլերն ու փորձը՝ հիմնադրամը Հայաստանում կազմակերպեց միջազգային առաջին բիենալեն:
Նպատակն ավանդական տպագրության ոլորտում առկա մերօրյա զարգացումները, միտումների ուսումնասիրությունները եւ այսօր հազվադեպ հանդիպող ավանդական տեխնիկաների եւ արդի գաղափարների միախառնման մշտադիտարկումն է:
Առաջին բիենալեին մասնակցության հայտ է ուղարկում 995 արվեստագետ 73 երկրից, երկրորդը 2019-ին էր, որին մասնակցում էր 76 երկրի 1215 արվեստագետ։ Այս թվերն իսկապես տպավորիչ են՝ հաշվի առնելով, որ բիենալեն նոր էր մեկնարկում։
Այս տարի 53 երկրի 353 արվեստագետ է ներկայացված: Բիենալեն մեկնարկեց հոկտեմբերի 8-ին: Ժյուրիի կազմում հինգ անվանի մասնագետներ են Գերմանիայից, Իրանից, Շվեյցարիայից, Լեհաստանից եւ Հայաստանից:
Մասնակիցների թվով առաջին հորիզոնականում է Լեհաստանը՝ 73, որին հաջորդում են Չինաստանը՝ 28, Հնդկաստանը՝ 21 եւ Ռուսաստանը՝ 16 արվեստագետներով: Հայաստանից 30 արվեստագետ է մասնակցում:
«Լեհաստանը ոլորտի առաջատարն է, այնտեղ կարողանում են լավ համադրել ավանդականը գեղարվեստական տպագրության նոր տեխնիկաների հետ»,- ասում է Սոնա Հարությունյանը: 1968 թվականից Լեհաստանում գործում է տպագրական գրաֆիկայի բիենալե: Հարցին՝ արդյոք խորհրդային տեխնոլոգիաներով աշխատող հայ նկարիչները կարող են մրցել օտարերկրյա փորձառու մասնագետների հետ, հիմնադրամի նախագահը պատասխանեց. «Նրանք ոչնչով չեն զիջում մյուսներին, պարզապես տեխնիկական հնարավորություններն են անբավարար, բայց դա չի նշանակում, որ չունեն ներուժ: Մասնակից հայ նկարիչների աշխատանքների առավելագույն չափսը 30/40 է, տեսե՛ք դրսից եկած գործերի մեծությունը: Սա խոսում է նրանց հաստոցների արդիական լինելու, հետեւապես եւ ընձեռած հնարավորությունների մասին»:
Գեղարվեստական տպագրությունը յուրահատուկ ոլորտ է եւ բավական ծախսատար: Հայաստանում տպագրության համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար պետական հոգածություն է պետք: Բայց պետությունը դժվար թե այսօրվա պայմաններում կարողանա իրեն թույլ տալ 50000 ԱՄՆ դոլարով մեկ հաստոց գնել: Պետությունն աջակցում է միայն բիենալեի կայացմանը: Չնայած առկա խնդիրներին՝ հայ գեղանկարիչներն առանձնանում են իրենց ոճով եւ աշխարհընկալմամբ:
«Նկարիչների 100 հոգանոց համայնքից, օրինակ, կարող է մեկ հոգի ամեն օր հետեւողականորեն զբաղվել գեղարվեստական տպագրությամբ: Մենք չունենք դպրոց, չենք սիրում փորձ փոխանակել: Գեղարվեստի ակադեմիայում, իհարկե, դասավանդում են, բայց մնացել են 19-րդ դարում»,-ասում է Սոնա Հարությունյանը:
Այսօր թվային տեխնոլոգիաների միջոցով գեղարվեստական տպագրության նմուշ ստեղծելը հեշտ գործընթաց է, մինչդեռ դասական եղանակով տպագրական տախտակ (կլիշե) պատրաստելը բարդ ու ժամանակատար է: Այնուամենայնիվ, Հայաստանում կան արվեստագետներ, որոնք հրաժարվում են թվային տեխնոլոգիաների ընձեռած «հարմարավետությունից»` գերադասելով աշխատատար, վտանգավոր թթուների, թունավոր լուծիչների, յուղային հիմքով տպագրական ներկերի կիրառմամբ ավանդական եղանակները:
Փորագրանկար, օֆորտ, չոր ասեղ, աքվատինտ, մեցոտինտ, փափուկ լաք, փայտագրություն, լինոփորագրություն, վիմատպություն, մետաքսագրություն, կոլլոգրաֆիա, մենատիպ… գեղարվեստական տպագրության ավանդական տեխնիկաներով արված 496 աշխատանք է ներկայացված 3-րդ միջազգային բիենալեին:
«Տպագրության հմայքն ու էությունը թաքնված են այդ երկարատեւ ու դժվարին գործընթացներում»,- ասում է իրանցի արվեստագետ, ժյուրիի անդամ Մեհդի Դարվիշին, որն այս ոլորտում բազմամյա փորձ ունի: Նա ասում է` հարեւան Իրանում, օրինակ, գեղարվեստական տպագրությունը բավական տարածում ունի, համալսարաններում որպես առանձին ճյուղ չի դասավանդվում, միայն կերպարվեստի շրջանակում, փոխարենը արդյունավետ են աշխատում ստուդիաները, արվեստանոցները, չեմ չափազանցնի, եթե ասեմ՝ բարձր մակարդակով»:
Թեեւ մասնագետների կարծիքով մենք, կարծես, մշակութային տենդենցներից դուրս ենք մնում, բայց բիենալեն մեծապես նպաստում է գեղարվեստական տպագրության զարգացմանը Հայաստանում եւ ոչ միայն։ Սա նաեւ լավ հարթակ է Սփյուռքի արվեստագետներին համախմբելու համար: Սոնա Հարությունյանն ասում է. «Ունենք նաեւ ծագումով հայ արվեստագետներ, որոնք ներկայացնում են այլ երկրներ»: Շատերն էլ իրենց ներուժն այս տեխնիկայում փորձել են շնորհիվ հենց բիենալեի, մյուսներն էլ գտել են միջոցներ ու կատարելագործել իրենց տեխնիկան։
Բիենալեն երրորդ անգամ հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի Հանրապետության նախագահի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Երեւանում «Գյոթե կենտրոնի», ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների աջակցության շնորհիվ։
Հոկտեմբերի 11-ին մրցանակաբաշխությունն է, «Ալիք Մեդիան» կանդրադառնա նաեւ հաղթողներին:
Լուսանկարները՝ Խանդութ Պարույրյանի
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։