Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը շաբաթավերջին Հադրութում կառուցվելիք մզկիթի, էլեկտրական ենթակայանի, այլ շինությունների հիմքերն է գցել՝ «Հադրութն օկուպացիայից ազատագրելու առաջին տարեդարձին»: Ալիեւը հայտարարել է, թե Ղարաբաղյան վերջին պատերազմում Հադրութի գործողությունը հատուկ նշանակություն է ունեցել ինչպես ռազմական, այնպես էլ ռազմավարական տեսանկյունից:
«Այդ գործողության հաջող ավարտը մեզ թույլ տվեց հասնել մեր նպատակին՝ Ղարաբաղի ազատագրմանը»,- ասել է նա Մարտունու (Խոջավենդի) շրջանի հասարակայնության հետ հանդիպման ժամանակ:
Ալիեւն ընդգծել է, որ Հադրութի դիրքն առանձնահատուկ նշանակություն ունի ռազմավարական առումով, քանի որ լեռնային տարածք է: «Ավանը շրջապատող բարձունքները հնարավորություն են տալիս վերահսկելու ընդարձակ տարածք: Հադրութը գրավելը շատ բարդ էր ռազմական տեսանկյունից: Միաժամանակ, Հադրութի գրավմամբ նոր հնարավորություններ բացվեցին մեր հետագա ծրագրերի համար»,- ասել է նա:
Ադրբեջանի նախագահը ասել է նաեւ, թե Հադրութի շուրջը կատաղի մարտեր են ընթացել մի քանի օր: Հայաստանի ղեկավարությունը եւ հայկական բանակը չէին սպասում ադրբեջանական բանակի առաջխաղացում Հադրութի ուղղությամբ: «Նրանք կարծում էին, որ մենք կշարժվենք Ֆիզուլիի ուղղությամբ: Հադրութի գրավումն իրոք պահանջում էր շատ մեծ ինքնազոհություն եւ պրոֆեսիոնալիզմ: Իրականացնելով այդ գործողությունը՝ մենք եւս մեկ անգամ ցույց տվեցինք Հայաստանին եւ ամբողջ աշխահին մեր ուժը»,- հայտնել է Ադրբեջանի նախագահը:
Նա շեշտել է, թե Հադրութի կորուստը Հայաստանի համար «հսկայական բարոյահոգեբանական ցնցում էր», եւ հայկական կողմը երկար ժամանակ թաքցնում էր տեղի ունեցածը:
Ալիեւը հայտարարել է, որ Հադրութի առնչությամբ մեծ ծրագրեր ունեն, այն վերածելու են «միջազգային մշակույթի եւ զբոսաշրջության կենտրոնի»: