Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինատանը շվեյցարական SonntagsBlick պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ մարդկությունն անցել է կորոնավիրուսի դեմ պայքարի ճանապարհի շուրջ 60%-ը: Մասնագետը, սակայն, չի բացառել, որ կարող են ի հայտ գալ անսպասելի խոչընդոտներ։
Սվամինատանը նշել է, որ դեռ վաղ է «մարաթոնի» մոտալուտ ավարտի մասին խոսելը: Ըստ նրա՝ նոր շտամների անսպասելի հայտնվելը համավարակի այն կետերից է, որը գիտնականներին ստիպում է առավել համեստ ակնկալիքներ ունենալ։
ԱՀԿ-ի ներկայացուցիչը երկրներին հորդորել է ավելացնել պատվաստումների տեմպը՝ բնակչությանը վարակից պաշտպանելու եւ ՔՈՎԻԴ-19-ի հետագա մուտացիաները կանխելու համար:
Կազմակերպության տվյալներով՝ համավարակի բռնկումից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 236 միլիոն դեպք: Վարակը 4,8 միլիոն մարդու կյանք է խլել ամբողջ աշխարհում։ Առավել բարդ համաճարակաբանական իրավիճակ է ստեղծվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում եւ Բրազիլիայում։