Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետական խորհուրդը, հաստատել է «Ակոս»-ի նախկին խմբագիր Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի, նրանց զավակների՝ Սերա, Դելալ եւ Արատ Դինքերի 1.5 միլիոն լիրա (շուրջ 168 հազար դոլար) փոխհատուցման պահանջը բավարարող՝ Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի որոշումը։
Դինքի ընտանիքը Թուրքիայի ՆԳՆ-ի դեմ հայց էր ներկայացրել Ստամբուլի 6-րդ վարչական դատարան։ Նրանք պնդել էին, որ նախարարությունը ծառայողական թերացում է ունեցել ընտանիքի հայր, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում։ Դինքի ընտանիքը պահանջել էր 1.5 միլիոն թուրքական լիրայի փոխհատուցում, որից 500 հազարը՝ նյութական, իսկ 1 միլիոնը` բարոյական վնասի համար։ Դատարանը միաձայն բավարարել էր հայցը, սակայն ՆԳՆ-ն բողոքարկել էր դատարանի վճիռը։
Թուրքիայի Պետական խորհուրդն այդպիսով չի բավարարել ՆԳՆ բողոքը եւ ընդունել է Դինքի ընտանիքի պնդումը։
Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում, 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի ձեռքով, «Ակոս»-ի խմբագրատան շեմին։ Սամաստը ձերբակալվել է հանցագործության հաջորդ օրը եւ 2011-ին դատապարտվել 22 տարվա եւ 10 ամսվա ազատազրկման: Դինքի սպանությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։ Նրա հուղարկավորությունը վերածվել է բազմահազարանոց ցույցի, որին մասնակցել են մի շարք երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։