Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Բելգրադում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Նախարարները հանդիպել են Սերբիայի մայրաքաղաքում մեկնարկած «Չմիացած երկրների շարժման» 60-ամյակի գագաթնաժողովի շրջանակում։ Չավուշօղլուն ու Լավրովը քննարկել են օրեր առաջ Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգային հարցերը: Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ հանդիպման սկզբում կողմերը լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրել են լքել բանակցությունների սրահը: Ընդ որում, Լավրովի եւ Չավուշօղլուի հանդիպման մասին նախապես որեւէ տեղեկություն չի հաղորդվել։
Չավուշօղլուն թվիթերյան գրառմամամբ հայտնել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Ստամբուլում անցկացվելիք «Թյուրքական խորհրդի» գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Տեղեկանք
1961-ին Բելգրադի կոնֆերանսում ձեւավորված եւ աստիճանաբար ընդլայնվող «Չմիացած երկրների շարժում» կազմակերպությունը ստեղծվել է ի հակակշիռ նեոգաղութատիրության՝ երիտասարդ պետություններին ռազմաքաղաքական խմբավորումների մեջ ներգրավելու քաղաքականության: Կազմակերպության անդամ 94 պետությունները ի սկզբանե նպատակ էին դրել վարելու ռազմաքաղաքական խմբավորումներին չմասնակցելու արտաքին՝ խաղաղության պահպանման, զինաթափման, ազգային-ազատագրական պայքարի պաշտպանության, գաղութատիրության, ապարտեիդի եւ ռասայական խտրականության դեմ պայքարելու քաղաքականություն։