Մեր պատկերացումներից պիտի դուրս գա այն, որ Նիկոլ Փաշինյանը հրահրել է այս պատերազմը: Իրականում այդպիսի բան չկա։ Ոչ ոք չի հերքի, որ Ադրբեջանը երկու տասնամյակից ավելի պատրաստվում էր այս պատերազմին: Փաշինյանին կարելի է մեղադրել սոսկ մահապարտի կերպար հագնելու մեջ, որն անխուսափելի եւ անհույս կռվից առաջ ատամներ է ցույց տալիս:
Մեր վարչապետը մանուկ է, նա, ըստ երեւույթին, նույնիսկ չի իմացել, որ պատերազմն անխուսափելի է, ինչպես չի իմացել, որ մեր բանակը պատրաստ չէ նույնիսկ պարսատիկներով կռվի: Ես ավելին ասեմ՝ Փաշինյանը կանգնեցնել էլ չէր կարող այս պատերազմը, որովհետեւ նա Ալիեւին ու Թուրքիային չէ, որ պիտի համոզեր չսկսել այս կռիվը: Փաշինյանն իրեն պահել է երեխայի պես՝ նա ուղղակի չի տեսել պատերազմը, ահա ինչու արդարացումն էլ է երեխայական՝ եթե կանգնեցնեի տարածքները վերադարձնելով, ինձ կասեիք դավաճան:
Այսօր աշխարհը գործ ունի մանուկի կամ ծռի հետ, որի խենթությունը կարող է հերիքել ավտոբուսների տակ պառկելուն կամ կտուրների վրա վազելով քարոզչություն անելուն: Փաշինյանը նույնիսկ պարտություն կրող զորահրամանատար չէ, որովհետեւ նա ընդհանրապես պատերազմի հոտ չի առել: Բոլոր երեք նախագահներն առել են, երկուսը նույնիսկ այդ հոտին իրենց «բուրմունքներն» են ավելացրել, բայց Փաշինյանը, որը Գերմանիայում Ալիեւին ուզում էր հաղթել Տիգրան Մեծով, չի առել: Փաշինյանին պատերազմ հրահրելու մեջ մեղադրելը նույնքան երեխայություն է, որքան Փաշինյանի հայտարարություններն էին երեխայական:
Այս պատերազմը բոլորն են տեսել, որովհետեւ նրանց սեփական կետը իրենցից բացի ուրիշ ոչ մեկի վրա չի տարածվել, բոլորը տեսել են մեկ պատերազմ, որի մեջ վերադասավորել են իրենց կետեր. Ռուսաստանն` իրենը, Թուրքիան՝ իրենը, ԱՄՆ-ը՝ իրենը, Ադրբեջանը եւ նույնիսկ Պակիստանն ու Իրանը՝ իրենցը: Իսկ տեսել են, որովհետեւ Հայաստանը երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու ոչ մի փոխզիջման չի գնացել Ղարաբաղի բանակցություններում, տեսել են, որովհետեւ հասկացել են, որ մի երկիր, որտեղ իշխում է այն միտքը, թե շրջափակման մեջ մի 100 տարի էլ կապրենք ու կզարգանանք, էս աշխարհից չի:
Հայաստանը փոխզիջման չի գնացել ուրիշից վերցրածը չզիջելու մեջ, ոչ թե իրենը տեր կանգնելու մեջ, իսկ Փաշինյանը եկավ ու երգեց նախկինների երգը՝ մենք վաղուց ենք լուծել Ղարաբաղի հարցը: Երկու պետություն իրար հետ լեզու չեն գտնում, ի՞նչ պիտի անի միջազգային հանրությունը, Մինսկի խումբը՝ պետք է իր ձեռքերը տաքացնի օր օրի թեժացող կրակի վրա:
Եվ ամենակարեւորը՝ Հայաստանը պետք է հրաժարվի Փաշինյանին պատերազմ հրահրելու մեջ մեղադրելու մտքից հենց թեկուզ այն պատճառով, որ Հաագայի Արդարադատության դատարանում Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել մի հիմնավորմամբ, ըստ որի` արդեն մի քանի տասնամյակ Ադրբեջանը Ղարաբաղի հայերի հանդեպ դրսեւորել է ռասայական խտրականություն, եւ մեր կռիվը պաշտպանական է եղել միշտ:
Այն, որ Փաշինյանի հայտարարությունները ագրեսիա տաքացնող հայտարարություններ էին, կասկած չկա, բայց եթե նա հրահրող է, դա նախ մեղմացնում է Ադրբեջանի նախահարձակությունը։ Երկրորդը՝ մեր երեխային դարձնում է միմոս, որը գուցե նույնիսկ գիտի, թե ում դեմ է լեզու հանում: Հիշո՞ւմ եք՝ ինչպես էր ծափահարում Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ, նոր տարածքներ» կարգախոսին: Հետեւաբար կա՛մ մենք հրահրել ենք, տաքացրել ենք այս պատերազմը եւ, այսպես ասած, գցել ենք Ադրբեջանի գրպանը, կա՛մ մենք մեր տանը հանգիստ քնած, Իլհամ «գող-գող եկավ, գնաց»:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: