Օրերս կառավարության նիստում Փաշինյանը զայրացավ կառավարության անդամների եւ պատասխանատու մարմինների վրա՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումային քաղաքականությունը, մեղմ ասած, ոչ այնքան արդյունավետ իրականացնելու համար։
Համացանցում փորձեցի գտնել մինչ օրս Հայաստանում պատվաստումների տոկոսը, բայց ապարդյուն: Առողջապահության նախարարության կայքէջը նման տեղեկություն չի տրամադրում: Տալիս են միայն վարակվածների, ապաքինվածների եւ մահացության դեպքերի օրվա վիճակագրությունը։
Մերիլենդում, որն ԱՄՆ արեւելյան հատվածում տարածքով ամենափոքր նահանգներից է՝ մոտավորապես հինգ միլիոն բնակչությամբ, 71%-ն արդեն ստացել է պատվաստանյութի առաջին ներարկումը, իսկ ամբողջական պատվաստանյութ ստացել է բնակչության 65%-ը:
Այսքանով հանդերձ, ի տարբերություն Հայաստանի, այստեղ բոլորն անխտիր փակ, մարդաշատ, վարակի տարածման ռիսկայնություն ունեցող վայրերում դիմակ են դնում: Գրադարաններում, համերգասրահներում, թատրոններում, պատկերասրահներում, հանրային տրանսպորտում եւ այլուր հակավիրուսային ընդգծված քաղաքականություն է վարվում:
Թե ինչու են ՀՀ քաղաքացիները խուսափում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց, հազար ու մի բացատրություն կարելի է բերել՝ սկսած դավադրությունների տեսություններից, հակաքարոզչությունից, պատերազմից հետո կյանքն անարժեք եւ իմաստազուրկ ընկալելու տրամադրվածությունից, վերջացրած նրանով, որ մենք՝ հայերս, թե՛ գենետիկ, թե՛ «տառապանքս փորձ ունի» սկզբունքներով պայմանավորված, խրոնիկ, անբուժելի, անհաղթահարելի անվստահություն ունենք գրեթե ամեն ինչի հանդեպ։ Մենք չենք վստահում նույնիսկ մեծամասնության քվեով ձեւավորված կառավարությանը, չենք հավատում բժշկությանն ու բժիշկներին, միգուցե դրա համար օբյեկտիվ պատճառներ եւս կան:
Խոստովանեմ, որ ես էլ բժշկությանն ու դեղերին ամենից քիչ վստահող մարդկանցից եմ, բայց, մի քանի ամիս բնակվելով Վաշինգտոնում, մեկ-երկու դիտարկմամբ կարող եմ կիսվել, թե այստեղ ինչ քաղաքականություն է վարվում, որի արդյունքում պատվաստումների ցուցանիշները բարձր են:
Նախ հասարակությունը վստահում է իշխանություններին, դա թերեւս ամենակարեւոր եւ արժեքավոր ձեռքբերումն է, որը ձեւավորվել է տարիների ընթացքում։ Ինչպես սրան հասնել՝ խոսակցության այլ թեմա է: Շատ կարեւոր է նաեւ ճիշտ ընտրված, թիրախային քարոզչությունը: Այստեղ պետական հեռուստա- ռադիոալիքներով անդադար քարոզում են պատվաստվելու անհրաժեշտության մասին:
Ինքս երկար ժամանակ դիմադրում էի, բայց ավտոմեքենայով տեղից տեղ գնալիս, երբ ռադիոն անդադար, հետեւողականորեն խոսում է կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջնահերթության մասին, ակամա վերանայեցի դիրքորոշումս:
Ամենօրյա ռեժիմով ներկայացվում են տարբեր վիճակագրական թվեր, թե բնակչության քանի տոկոսն է պատվաստվել այդ պահի դրությամբ, թե ամեն օր պատվաստման տվյալները քանի տոկոսով են բարձրանում, թե որքան կարեւոր է պատվաստումը՝ հիվանդության խիստ ծանր եւ մահվան ելքով դեպքերից խուսափելու համար:
Թե որքան կարեւոր է, որ հանրությունն աջակցի կառավարությանը՝ կորոնավիրուսային վարակի ծանրաբեռնվածությունը հիվանդանոցներում համատեղ ուժերով հաղթահարելու համար:
Թե որքան մեծ առավելություններ կարող են ստանալ այն մարդիկ, որոնք պատվաստված են, որքան ապահով է այդ պատվաստանյութը, ինչ փորձարկումների արդյունքում են մասնագետները հասել նման եզրահանգումների:
Նաեւ այն, որ առաջարկվող պատվաստանյութերը (այստեղ երեքն են՝ Պֆայզեր, Մոդեռնա, Ջոնսոն & Ջոնսոն) փորձարարական չեն եւ անցել են գիտական եւ լաբորատոր անհրաժեշտ բոլոր փուլերը: Որ պատվաստանյութը պաշտպանում է մարդկանց վարակվելուց եւ վարակելուց, եւ որն ամենակարեւորն է, այն ստանալով, վարակի աղբյուր չես լինի ռիսկային խմբերում գտնվող մարդկանց համար:
Հաջորդ քայլը չպատվաստված մարդկանց հանդեպ սահմանափակումների կիրառումն է, կոնկրետ մի դեպք:
Մեկ ամիս առաջ Վաշինգտոնի կատարողական արվեստի առաջատար Քենեդի կենտրոնը, կորոնավիրուսի վարակով պայմանավորված, երկարատեւ հարկադիր դադարից հետո վերջապես բացեց իր համերգաշրջանը:
Սակայն գոյություն ունեն խիստ սահմանափակումներ: Միջոցառումներին կարող են ներկա լինել բացառապես այն մարդիկ, որոնք ամբողջովին պատվաստված են: Դրա համար պետք է համերգի ներկայանալ պատվաստման եւ անձը հաստատող փաստաթղթերով:
Եվ ինչն էր ուշագրավ, համերգասրահում բոլորն անխտիր՝ հանդիսատեսը, աշխատակազմը, երաժիշտները, բացի փողային նվագարաններից, դիմակներով են:
Եվ եթե որեւէ մեկի մտքով անցնում է հանկարծ դիմակն իջեցնել քթից ներքեւ, աննկատ հայտնվում է ալեհեր, կարմիր հագուստով, սպիտակ ձեռնոցներով աշխատակիցներից մեկը՝ ձեռքին պաստառ, վրան գրված՝ «խնդրում եմ՝ դրեք դիմակը դեմքին» գրությամբ: Եվ որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում դիմադրել: Կանոնները նախապես սահմանված են:
Շատ կարեւոր է նաեւ բժիշկների շահագրգռվածությունը, որպեսզի բնակչությունը պատվաստվի: Մեծ տղաս բժշկի ժամադրություն ուներ: Ժամադրության օրից երկու օր առաջ զանգում են ինձ եւ մանրամասն հետաքրքրվում՝ արդյոք պատվաստվա՞ծ է, ընտանիքի անդամները պատվաստվա՞ծ են, թե՞ ոչ , գնո՞ւմ է դպրոց, թե՞ ոչ, ինչպիսի՞ն է դպրոցի քաղաքականությունը կորոնավիրուսի հետ կապված, դպրոցում կորոնավիրուսի վերջին դեպքերի թիվը: Մոտավորապես տասնհինգ րոպե տեւած հարցազրույցից հետո ասացին, որ դեռ որոշում չունեն, հետ կզանգեն: Մեկ ժամ հետո զանգեցին՝ քանի որ արդեն ժամադրությունը գրանցված է, առաջին անգամ բժիշկը կընդունի, բայց այսուհետ, մինչեւ ամբողջապես չպատվաստվի, բժիշկը հրաժարվում է պացիենտի հետ աշխատելուց: Տղաս նույնպես պատվաստվեց:
Հիմա ես այստեղից ամենօրյա ռեժիմով հետեւում եմ հայաստանյան զարգացումներին: Հավակնություն չունեմ պնդելու, որ որեւէ մանրուք չի վրիպում իմ ուշադրությունից։ Իմ տպավորությամբ՝ բացակայում է տեղեկատվական հետեւողական քարոզչությունը, եւ չկան այդ ուղղությամբ արվող հետեւողական քայլեր: Ի տարբերություն հակաքարոզի, որը շատ հետեւողականորեն եւ, ըստ երեւույթին, ավելի արդյունավետ է արվում:
Եթե մինչ օրս պատվաստումների ոչ բավարար արդյունք է գրանցվում, նշանակում է՝ հասարակության հետ թիրախային եւ ճիշտ աշխատանք չի տարվում: Կարող եմ միայն առանձնացնել Արսեն Թորոսյանի հրապարակած վերջին երկու տեսանյութերը, որոնցում մատչելի ձեւով խոսվում է պատվաստանյութերի մասին միֆերի, դրանց անվտանգ եւ արդյունավետ լինելու մասին:
Այստեղ առանց որեւէ հարկադրանքի, հետեւողական քաղաքականության շնորհիվ, քայլ առ քայլ բնակչությունը ենթարկվում է կառավարության որդեգրած սկզբունքներին: Ենթարկվում է նաեւ այն պատճառով, որ այս երկրում մարդիկ հարաբերման մի շատ կարեւոր սկզբունք են որդեգրել՝ հարգել դիմացինի տարածությունը: Այստեղ կառավարությունը, ինչպես աստղերը, հուշում է, բայց չի պարտադրում:
Ալվարդ Սեմիրջյան