ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ընթացիկ տարվա 9 ամսվա ընթացքում 152 անձից 145 գրավոր եւ բանավոր դիմում-բողոք է ստացել «Վեոլիա ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների վերաբերյալ։ Դիմումները փոխանցվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վերաբերյալ ստացվել է գրավոր եւ բանավոր 20 բողոք: Դրանք մեծ մասամբ վերաբերում են բնակարանում գազի արտահոսքը կանխելու համար ընկերության անգործությանը, գազի հաշվիչի անսարքությանը եւ ներկայացված վճարման հաշվի հետ անհամաձայնությանը պարտքի առկայության հիմքով գազամատակարարումը դադարեցնելուն եւ այլն:
«ՀԷՑ» ՓԲԸ-ի վերաբերյալ 42 անձից ՄԻՊ-ը ստացել է գրավոր եւ բանավոր 38 բողոք։ Դիմումները հիմնականում վերաբերում են առանց նախապես տեղեկացնելու բնակարանը հոսանքազրկելուն, հոսանքի տատանումների հետեւանքով տեխնիկայի վնասվելուն, ծախսած էլեկտրաէներգիայի համար վճարման հաշվի հետ համամիտ չլինելուն եւ այլն:
«Վեոլիա ջուր» ընկերության վերաբերյալ 90 անձից ստացվել է գրավոր եւ բանավոր 87 բողոք։ Դիմումները վերաբերում են ջրաչափի անսարքությանն ու դրա հիմքով նշանակված տուգանքին, պատշաճ ջրամատակարարում չիրականացնելուն, խմելու ջրի որակին եւ այլն:
ՀՀ Շիրակի եւ Արմավիրի մարզերում առաջացած ոռոգման ջրի անբավարարության եւ Հայաստանի մի քանի տարածքում խմելու ջրի մատակարարման դադարեցման մասին մամուլի հրապարակումների առթիվ սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկում։