Ըստ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է միջազգային հանրությանը եւ վճռականորեն հրավիրել հատկապես մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այն հիմնախնդրի վրա, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստականորեն ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանցից առաջ ու հետո Ադրբեջանում հայտնված հայ գերիների վերադարձի եւ դիերի փոխանակման գործընթացները:
«Հենց այս նպատակով ադրբեջանական իշխանությունները՝ որպես պատճառաբանություն մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից՝ ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնեւյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները». ասված է ՄԻՊ գրասենյակի հրապարակած հայտարարության մեջ։