Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է ադրբեջանական կողմի բողոքը բլոգեր Ալեքսանդր Լապշինին փոխհատուցում վճարելու վերաբերյալ:
ՄԻԵԴ-ն այս տարվա մայիսին անօրինական էր ճանաչել Լապշինի կալանքը եւ արձանագրել Բաքվի բանտում տեղի ունեցած մահափորձերն ու խոշտանգումները: Դատարանը վճռել էր բլոգերին 30 հազար եվրո փոխհատուցում վճարել։ Բաքուն բողոք է ներկայացրել, բայց ՄԻԵԴ-ի Մեծ պալատը նախորդ որոշումը թողել է անփոփոխ՝ Բաքվին կրկին պարտավորեցնելով փոխհատուցել Լապշինին։
Ըստ «Sputnik Արմենիայի»՝ Ալեքսանդր Լապշինը նշել է, որ ի սկզբանե տարօրինակ էր համարում Ադրբեջանի բողոքարկումը, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իբրեւ կանոն հազվադեպ է վերանայում ու փոխում նախկինում ընդունած որոշումները, եւ այդ համատեքստում բլոգերը տարօրինակ է համարում Բաքվի բողոքարկումը։
Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016-ի վերջին՝ Ադրբեջանի խնդրանքով, որը նրան «սեւ ցուցակում» էր ընդգրկել առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար: Նա ադրբեջանական բանտում մնաց 7 ամիս։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացիություն ունեցող բոլգերին մեղավոր էր ճանաչել հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու համար՝ դատապարտելով երեք տարվա ազատազրկման: Ավելի ուշ բլոգերը արտահանձնվել էր Ադրբեջանին։ Բլոգերը, ելույթ ունենալով դատարանում, հայտարարել էր, որ Արցախ է մեկնել որպես զբոսաշրջիկ եւ չի հանդիպել ղեկավարության որեւէ անդամի հետ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 11-ին նրան ներում էր շնորհել, ինչից հետո Լապշինին տեղափոխել էին Իսրայել: Արդեն Իսրայելում Լապշինը հայտարարել էր, որ Բաքվի բանտում ֆիզիկական եւ հոգեբանական կտտանքների է ենթարկվել, նաեւ պատմել էր, որ իրեն փորձել են խեղդելով սպանել։