ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ «Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից» վերտառությամբ։ Նախարարը, մասնավորապես, նշել է, որ պատվաստանյութի կրկնակի չափաքանակ ստացած մարդու օրգանիզմում ձեւավորվում են հակամարմիններ, եւ օրգանիզմը մինչեւ իրական հիվանդությանը հանդիպելը արդեն իսկ դրա դեմ պայքարելու ունակություն է ձեռք բերում:
Ավանեսյանը համոզմունք է հայտնել, որ հայաստանցիների 95 տոկոսը կյանքում ինչ-որ պատվաստում ստացել է, եւ դա որեւէ կերպ չի ազդել առողջության վրա, հակառակը՝ պաշտպանել է տասնյակ հիվանդություններից: Նախարարը նշել է, որ այդ պատվաստումների շնորհիվ ՀՀ-ում երեխաները վտանգավոր հիվանդություններով, օրինակ՝ պոլիոմիելիտով չեն հիվանդանում։
Ըստ նախարարի՝ քովիդի դեմ պատվաստանյութը նույն կերպ է գործում. միանգամայն անվտանգ է եւ պաշտպանում է ոչ միայն պատվաստվողին, այլեւ նրա մերձավորներին։
«Քովիդը վտանգավոր է եւ կյանքեր է խլում, այնինչ կա դրանից ապահովագրվելու միջոցը»,- եզրափակել է առողջապահության նախարարը։
43 մահվան դեպք մեկ օրում
Հայաստանում երեկ գրանցվել է մահվան 43 դեպք: Վարակի տարածումից ի վեր սա մահացածության ամենամեծ թիվն է, նույնիսկ պատերազմի ժամանակ կորոնավիրուսից այդքան մահ չի եղել։
Հոկտեմբերի 12-ի՝ 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 273860 դեպք, որոնցից 250055-ը` առողջացած, 5618-ը` մահվան ելքով:
Երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 903 նոր դեպք: Կա 897 առողջացած, այս պահին փաստացի բուժում է ստանում 16959 հիվանդ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1818603 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ հիվանդն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունից։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1228 է:
Կես միլիոն պատվաստում
Հայաստանում պատվաստումների թիվն անցել է կես միլիոնից: Ապրիլից՝ պատվաստումների մեկնարկից ի վեր, կատարվել է 514․241 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 344029, երկրորդ դեղաչափ` 170212։
Շարժական կայանների ժամանակացույցը փոխվել է
Երեւանում գործում է պատվաստումներ իրականացնող 6 շարժական կայան, եւս երկուսն էլ` Շիրակի եւ Լոռու մարզերում։ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ եղանակային փոփոխություններով պայմանավորված` կորոնավիրուսի դեմ պատվաստում իրականացնող շարժական կայանների գրաֆիկը փոխվել է:
Պատվաստումներն իրականացվում են.
Երեւանում․ Հյուսիսային պողոտա` 12:00-16:30, ԵՊՀ` 11:30-15:30, «Ռոսիա մոլ»` 16:00-20:00, «Մալիբուի» հարակից տարածք` 13:00-17:00, Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք`13:00-18:00, Կասկադ համալիր`14:00-18:00:
Մարզերում․ Լոռու մարզ, Վանաձոր` 10:00 -17:00, Շիրակի մարզ, Գյումրի` 10:00-15:30:
Պատվաստման կեղծ հավաստագրեր
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքից հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրերից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։ Բուժքույրը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին ու խոստովանական բացատրություն տվել։