Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի (ԱՃԹՆ ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Լոռու մարզի Ուռուտ բնակավայրում եւ վայոց ձորի Գլաձոր համայնքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Հայտարարությունում ասված է, որ «ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ կողմից երկրաբանահետախուզական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Ուռուտ բնակավայրում հանրայրին լսում անցկացնելու շարունակական փորձերի պատճառով ակնհայտորեն խախտվում է ուռուտցիների մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:
«Գյուղում սկսել են տարածել լուրեր, որ նախագիծը հովանավորվում է բարձրաստիճան պաշտոնյանների կողմից եւ այն միեւնույնն է՝ անցնելու է»։ Այս իրավիճակն առաջացրել է հանրային բևեռացում և սոցիալական լարվածություն: ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամները մտահոգ են, որ հերթական անգամ լսումներ իրականացնելու փորձը կարող է հանգեցնել անկանխատեսելի ելքի:
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաեւ Գլաձոր համայնքում։
Ընդունելով, որ ԱՃԹՆ գործընթացի հիմքում ընկած է բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ երկխոսության միջավայր ստեղծելու սկզբունքը, ինչպես նաեւ այսօրինակ խնդիրների հաճախականությունը երկրում՝ ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբակցությունը անհրաժեշտ է համարում նախաձեռնել ԱՃԹՆ ԲՇԽ արտահերթ նիստ եւ քննարկել ընդերքօգտագործման ոլորտում նախատեսվող գործունեության վերաբերյալ ազդակիր համայնքների բնակչության կարծիքը հաշվի առնելու գործընթացները։
«Կոչ ենք անում արդյունահանող ընկերություններին զերծ մնալ հանրային լսումներ կազմակերպելուց Ուռուտում եւ այլ համայնքներում, որտեղ բնակչությունը մի քանի անգամ արդեն մերժել է լսումների անցկացումը։
Տեղական ինքնակառավարման մարմիններին, համայնքի ավագանուն եւ պետական կառավարման իրավասու մարմիններին կոչ ենք անում պաշտպանել համայնքի բնակիչների օրինական շահերը եւ իրավունքները»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության 6 անդամները՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, փաստաբան Նազելի Վարդանյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Սուրեն Ներսիսյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը, էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Համբարձումյանը:
Հայտարարությանը միացել են նաեւ խնդրով մտահոգ շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։