Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ Մոսկվայում` Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպել է Նորին Սրբություն Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ:
Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետն անդրադարձել է երկու Եկեղեցիների բազմադարյա եղբայրական փոխհարաբերություններին, ինչպես նաեւ խոսեl երկու ժողովուրդների ու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական ու ջերմ կապերի մասին:
Հայոց Հովվապետը հաստատել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ դարավոր բարեկամության ամուր կապեր կան, որոնք անփոփոխ դրսեւորվել են անգամ ամենադժվարին եւ բարդ իրավիճակներում:
Անդրադառնալով ղարաբաղյան պատերազմին եւ հետպատերազմյան հետեւանքների հաղթահարման խնդիրներին` Վեհափառ Հայրապետն իր եղբայրական երախտագիտությունն է հայտնել Ռուս Եկեղեցուն եւ նրա Հովվապետին ծանր այդ շրջանում Հայոց Եկեղեցուն եւ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար:
Զրույցի ընթացքում քննարկվել են հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող խաղաղարարական ջանքերը:
Հանդիպման ավարտին Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքը Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու «Փառքի եւ Պատվի» առաջին աստիճանի շքանշան` Հայ Առաքելական Եկեղեցու եւ Մոսկվայի Պատրիարքարանի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի ու Նորին Սրբության ծննդյան 70-ամյակի առիթով:
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքն ընդգծել է քրիստոնեական ներկայության կարեւորությունը Կովկասում եւ հույս հայտնել, որ հետագայում եւս երկու Եկեղեցիների միջեւ հարաբերությունները կպահպանվեն բարձր մակարդակի վրա։
Հայոց Հայրապետը հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: